20.02.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԵՐԸ
Բանավեճի առաջնությամբ ԵՊՀ ուսանողական խորհուրդը վերականգնում է ակումբի գործունեությունը:

Ուսանողների միջև տարբեր թեմաներով բանավեճեր կազմակերպելու ավանդույթը ԵՊՀ-ում դրվել է դեռևս 1990-ական թվականներից, այնուհետև տարբեր տարիների ակտիվացել կամ պասիվացել է: Ուսանողական խորհրդի՝ վերջերս ձևավորված կազմը որոշել է ակումբին նոր շունչ հաղորդել:

 

«Երբ ՈՒԽ նոր կազմի ձևավորումից հետո մշակում էինք մեր գործողությունների պլանը, ակումբային, հանձնաժողովային մակարդակով խոշոր միջոցառումներ անցկացնելը սկզբունքային էր: Որոշեցինք, որ առաջինը պետք է լինի բանավեճի առաջնությունը»,- ասում է ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովին կից բանավեճի ակումբի ղեկավար Նվեր Կիրակոսյանը:

 

Այս առաջնությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ մասնակիցներին ոչ միայն մրցելու հարթակ են տալիս, այլև նախապես սովորեցնում են բանավեճային հմտություններ: 30-ից ավելի թիմերը, որոնցում ընդգրկված են 6-ական ուսանող, մինչ այժմ մասնակցել են մեկշաբաթյա դասընթացի, որտեղ նրանց ներկայացվել է՝ ինչ է բանավեճը, որոնք են դրա սկզբունքները՝ ինչպես լավ ելույթ կազմել, ազդել ժյուրիի անդամների կարծիքի վրա և այլն: Երկու դասախոսություն էլ, որոնք վերաբերում էին հռետորիկային և փաստարկմանը, վարել են ԵՊՀ դասախոսներ Ատոմ Վարդումյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Առաջնության մասնակցելու հայտ են ներկայացրել 40-ից ավելի թիմեր, վարկանիշավորման արդյունքում՝ մասնակցության իրավունք ստացել 32-ը՝ 192 ուսանողներով: Առաջնությունն ընթանալու է օլիմպիական սկզբունքով՝ պարտված թիմը լքում է խաղը: Ընդհանուր առմամբ լինելու է 31 խաղ, որոնք կանցկացվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

 

Մրցութային առաջին օրը մրցում էին «Օլիմպոս» և «Իրավունի» թիմերը: Բանավեճի առարկայի հիմքում հայ-ադրբեջանական հակամարտությունն էր՝ հայ երեխաների շրջանում դեռևս մանկուց պե՞տք է ադրբեջանցիների նկատմամբ ատելություն սերմանել, թե՞ ոչ: Վիճակահանությամբ որոշվեց, թե որ թիմը որ տեսակետն է պաշտպանելու: Այնուհետև յուրաքանչյուրը ներկայացրեց իր հիմնավորումներն ու փաստարկները:

 

Բանավեճին հետևում էր ԵՊՀ ասպիրանտներից և մագիստրանտներից կազմված ժյուրին: Նրանք թիմերին միավորներ էին շնորհում նախապես մշակված չափորոշիչներով:

 

Ի վերջո, հաղթող ճանաչվեց «Օլիմպոս» թիմը, որի համոզմամբ՝ ադրբեջանցիների նկատմամբ ատելություն սերմանելը ճիշտ չէ: Համենայն դեպս, նրանց փաստարկներն ու բանավեճը վարելու հմտությունները ժյուրիի անդամներին առավել համոզիչ են թվացել: 

 

Նշենք, որ առաջնության վերջին փուլերում ժյուրիի կազմում կընդգրկվեն ԵՊՀ դասախոսները:      

Այլ նորություններ
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ: