22.05.2015 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Մայիսի 21-ին տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական խորհրդի ակտիվի հանդիպումը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողներին անհանգստացնող  գիտակրթական և արտալսարանային աշխատանքներին առնչվող բազմաթիվ խնդիրներ: Հանդիպումը որոշ չափով ամփոփում էր անցած կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքներն ու արձանագրում հաջորդ կիսամյակի ընթացքում գերակա համարվող խնդիրները: Միաժամանակ արդեն ավանդույթ դարձած հանդիպումը լավագույն առիթն է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնել ՈՒԽ-ի կողմից քննարկված և ռեկտորատի միջամտությունը պահանջող մի շարք հարցեր:

 

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը:

 

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը, բացելով հանդիպումը, շնորհակալություն հայտնեց ռեկտորին նմանօրինակ քննարկումների հնարավորություն ընձեռելու համար և Արամ Սիմոնյանին խնդրեց իր տեսակետները ներկայացնել վերջերս Երևանում կայացած Եվրոպայի կրթության նախարարների գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության համաժողովի արդյունքների վերաբերյալ:

 

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը նշեց, որ Եվրոպական միասնական կրթական տարածքը միտված է բարձրացնելու Եվրոպայի կրթական հաստատությունների մրցունակությունը: Բազմաթիվ կարևոր խնդիրների շարքում գագաթնաժողովի ընթացքում շեշտվեց ուսանողակենտրոն կրթական համակարգի խնդիրը. «Ուսանողակենտրոն ուսուցումը հնարավորություն է ընձեռում, որ դասախոսն ու ուսանողը հանդես գան որպես գործընկերներ», - նշեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:

 

Ամփոփելով Բոլոնիայի համաժողովի արդյունքները` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ողջունեց երևանյան գագաթնաժողովը և շեշտեց Հայաստանի Հանրապետության մասնակցության բարձր մակարդակը:

 

Հարց ու պատասխանի ձևաչափով կայացած քննարկման ընթացքում ուսանողները անդրադարձան մի շարք հարցերի, մասնավորապես Արևելագիտության ֆակուլտետում երկրագիտական մասնագիտական բաղադրիչի ուժեղացմանը, պրակտիկայի հնարավորությունների ընդլայնմանը, ուսանողներին առարկայական ծրագրերի, գրականության ցանկի, հարցաշարերի տրամադրմանը, ուսանողական թիմով կուրսային աշխատանքների իրականացմանը, ուսանողական հարցումների արդյունքների քննարկմանը, գիտական հետազոտությունների հմտությունների զարգացմանը և այլն:

 

Քննարկման ընթացքում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնց առաջիկայում կտրվի համապատասխան ընթացք: Խնդիրների որոշ մասն էլ կներկայացվի ռեկտորատի կամ գիտական խորհրդի ուշադրությանը: Ամփոփելով հանդիպումը` Արամ Սիմոնյանը կոչ արեց ուսանողներին լինել առավել ակտիվ, արդյունավետ օգտագործել իրենց ընձեռված հնարավորություններն ու ապահովել հետադարձ կապը ուսանողների հետ: 

Այլ նորություններ
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ: