14.07.2017 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ
Հուլիսի 12-18-ը Արցախի Հանրապետությունում 160 ուսանողներ Համահայկական ուսանողական ռազմական բանակումի շրջանակում կապրեն զինվորական առօրյայով:

Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում արդեն 4-րդ անգամ մեկնարկել է ուսանողական բանակումը: Ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված բանակումների՝ այս տարի այն համախմբել է նաև ՀՀ այլ բուհերի, ինչպես նաև Արցախի ու Ջավախքի ուսանողներին: Համահայկական ուսանողական ռազմական բանակումի 9 ջոկատները, որոնք խորհրդանշում են Արցախի 9 պաշտպանական շրջանները, մեկ շաբաթ իրենց ուժերն են փորձելու ինտելեկտուալ, մշակութային ու մարզական մրցույթներում, մասնակցելու են ռազմագիտական պարապմունքների ու դասախոսությունների:

 

Արցախում ուսանողներն ապրում են զինվորական վրաններում, քնում են զինվորական մահճակալների վրա: Առօրյան ևս զինվորական է. առավոտը սկսվում է մարմնամարզությամբ և ավարտվում անվանականչով:

 

 

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի խոսքով՝ ծրագիրն ունի երկու կարևոր նշանակություն. «Մասնակիցները լինելու են զորամասում, անցնելու են մարտական պատրաստվածություն և երկրորդ՝ ապրելով զինվորական առօրյայով՝ հասկանալու են, թե մեր զինվորները մեր հայրենիքի պաշտպանության համար ինչպիսի ջանքեր են ներդնում»:

 

Առաջին օրը ուսանողներն այցելեցին Հադրութի շրջանի զորամասերից մեկը, որտեղ 9 ջոկերն իրենց ուժերը փորձեցին պարանի ձգում և ծանրաձողի հրում վարժություններում: Առավելագույն արդյունք գրանցեց ու հաղթող ճանաչվեց 1-ին ՊՇ ջոկատը:


Զորամաս այցելությունից հետո մասնակիցներն ուխտագնացության մեկնեցին դեպի Արցախի ամենահին, բայց մինչ օրս կանգուն մնացած կառույցներից մեկը՝ Ամարաս վանական համալիր: Այնուհետև հնարավորություն ունեցան տեսնելու 2033 տարեկան հայտնի Տնջրի ծառը: Օրվա ընթացքում ուսանողների հետ հանդիպեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը, ով խոսեց տարածաշրջանի ռազմաքաղաքական հիմնախնդիրների մասին:


Առջևում նոր դասախոսություններ են, կրակային պատրաստության դասեր, ազգագրական պարերի ուսուցում ու արշավներ: Ուսանողները առաջիկա օրերին կլինեն Մելիք-Եգանյանների ապարանքում, կբարձրանան Դիզափայտ լեռը՝ ուխտագնացության դեպի Սուրբ Կատարո վանք:

Այլ նորություններ
ԵՐԳԻՉ ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՐ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-զրույց երգիչ Սևակ Խանաղյանի հետ:
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ առաջին կուրսեցիներն ուսումնառության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող են ստանալ ԵՊՀ պորտալում առկա կայք-ուղեցույցից: