31.08.2018 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԵՊՀ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԵՊՀ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ
Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից կազմակերպված «Առաջինկուրսեցիների իրազեկման» եռօրյա ծրագրի վերջին միջոցառումը, որի ընթացքում համալսարանական կյանքի ու ուսումնական գործընթացների մանրամասներին ծանոթացան ԵՊՀ 6-րդ և 8-րդ մասնաշենքերում տեղակայված ֆակուլտետների ուսանողները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախադեպը չունեցող ծրագիրը ՈՒԽ-ի կողմից  կազմակերպվել էր այս տարվա առաջինկուրսեցիների համար և նպատակ ուներ առավել իրազեկ դարձնել նրանց՝ ծանոթացնելով ուսումնական գործընթացների առանձնահատկություններին, իրավունքներին և պարտականություններին:

 

Ծրագիրը բաղկացած էր երկու մասից. ՈՒԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը և իրավական հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Սողոյանն առաջինկուրսեցիներին ներկայացրին և բացատրեցին ուսումնական գործընթացին առնչվող հիմնական հասկացությունները, պատասխանեցին նրանց հարցերին, ապա միջոցառման երկրորդ հատվածում բարձր կուրսերի ուսանողներն արդեն առաջինկուրսեցիներին ուղեկցեցին իրենց ֆակուլտետներ, որտեղ իրականցրին շրջայց, ծանոթացրին ֆակուլտետի առանձնահատկություններին, ուսումնական ծրագրին:

 

Մեզ հետ զրույցում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Գոհար Մարտիրոսյանն ասաց, որ ծրագրի մասին իմանալով՝ շատ է ոգևորվել. «Այսօր ստացած տեղեկությունները մեզ շատ կօգնեն հետագայում: Առավել ինքնավստահ կլինենք, շուտ կհարմարվենք նոր միջավայրին, կաշխատենք օգտվել ընձեռած բոլոր հնարավորություններից և հետևողականորեն կպաշտպանենք մեր իրավունքները»:

 

Պատմության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հարություն Բաքմազյանն էլ ասաց, որ այսօրվա միջոցառման շնորհիվ բավականին նոր տեղեկություններ ստացավ. «Համալսարանական կյանքից սպասելիքներս շատ են: Արդեն ուսանող ընկերներս շատ են ասում, որ ամեն ինչ շատ հետաքրքիր է լինելու: Ես էլ պատրաստ եմ ակտիվ ուսանող լինել»:

 

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, մեզ հետ զրույցում ամփոփելով եռօրյա ծրագիրը, ասաց, որ առաջինկուրսեցիների ավելի քան 80 %-ը մասնակցել է ծրագրին, իսկ դատելով արձագանքներից՝ գոհ է մնացել. «Մենք անպայման կշարունակենք զարգացնել այս ծրագիրը, և կիրառելով այս տարվա մեր փորձը՝ կկազմակերպենք էլ ավելի արդյունավետ և բովանդակալից  միջոցառումներ հաջորդ տարիների առաջինկուրսեցիների համար»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: