20.06.2019 | 
Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ պատմության թանգարանում այսօր տեղի ունեցավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» և «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց նրանց մեծ հաջողություններ: Նա հույս հայտնեց, որ ուսանողները հետագայում իրենց ներդրումը կունենան Հայաստանի արտաքին հարաբերությունների արդյունավետ կազմակերպման գործում:

 

«Մեր ֆակուլտետը երիտասարդ է՝ դեռ 20 տարեկան, բայց այդ ընթացքում բավական մեծ ձեռքբերումներ և նվաճումներ է գրանցել: Ֆակուլտետի շրջանավարտներն այսօր մեծ արդյունավետությամբ և բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց աշխատանքը դիվանագիտական տարբեր կառույցներում և հաստատություններում: Հուսով եմ՝ դուք էլ կմիանաք նրանց, և ձեր անփոխարինելի գործունեությունը կծավալեք»,- ասաց Գեղամ Պետրոսյանը:

 

 

Նա նշեց, որ ուսումնառության ընթացքում շրջանավարտները հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ, ինչը նպաստել է նրանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը. «Այդ դժվարություններով հանդերձ՝ ուսանողական տարիներն անմոռանալի են, և համոզված եմ, որ բազում գեղեցիկ հուշեր ունեք այս տարիների ընթացքում հավաքած, որոնք կուղեկցեն ողջ կյանքում»:

 

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներին շնորհավորեց նաև ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը՝ նրանց մաղթելով հաջողություններ և բազմաթիվ հաղթանակներ. «Պատահական չէ, որ ձեր կյանքի կարևոր փաստաթղթերից մեկը ստանում եք ԵՊՀ պատմության թանգարանում: Խորհրդանշական է, քանի որ ձեր կյանքի ամենագեղեցիկ տարիներն անցկացրել եք համալսարանում և եղել համալսարանական»:

 

Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանն էլ շրջանավարտներին խորհուրդ տվեց երբեք չվախենալ դժվարություններից. «Հեշտությամբ ոչինչ ձեռք չի բերվում, իսկ տքնաջան աշխատանքի արդյունքն ավելի թանկ է և գնահատելի: Ուզում եմ, որ գտնեք ձեր արժանավոր տեղը, բայց նաև ակնկալում եմ, որ երբեք չկտրեք ձեր կապը Մայր բուհի հետ»:

 

 

Շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Լուսինե Թանգամյանը՝ նշելով, որ ֆակուլտետում ամեն կերպ օգնել և աջակցել են իրենց ուսումնառության տարիների ընթացքում, դասախոսներն էլ անփոխարինելի դեր ու անգնահատելի ներդրում են ունեցել իրենցից յուրաքանչյուրի կյանքում:

 

Շնորհավորական խոսքերի ավարտին շրջանավարտները հանդիսավոր ստացան իրենց դիպլոմները:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
Արի՛ ԵՊՀ 100-ամյակին նվիրված համերգին
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու ԵՊՀ 100-ամյակին նվիրված համերգին, որի ժամանակ ելույթ են ունենալու Aram MP3-ն, Գոռ Սուջյանը և DJ Շանթը։
ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐ. ՀԵՇՏ Է ԼՍԵԼ ԹԵ՛ ՏԱՆԸ, ԹԵ՛ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Գերծանրաբեռնված առօրյայի, ազատ ժամանակի սակավության պայմաններում մարդիկ հաճախ ստիպված են լինում մի քանի գործողություն միաժամանակ անել: Ընթերցելու համար ժամանակ գտնելն այսօր շատ ավելի բարդ է, քան երբևէ: Ժամանակը խնայելու, բայց միաժամանակ սիրելի վեպերը վերանայելու կամ նորերն ընթերցելու համար մեզ օգնության են հասնում աուդիոգրքերը: Եթե գիրք կարդալու ժամանակ չունեք, այն կարող եք լսել տրանսպորտում, ավտոմեքենայի ղեկին, քայլելիս, ճաշ պատրաստելիս, լողավազանում՝ հատուկ ականջակալներով: