21.06.2018 | 
Կրթություն
«ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ՆՎԻՐՈՒՄՈՎ». ՔՆԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ՆՎԻՐՈՒՄՈՎ». ՔՆԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը մեզ հետ հարցազրույցում խոսել է կլինիկայի ստեղծման, գործունեության և դրա դասընթացներին մասնակցող ուսանողների մասին:

-Տիկի՛ն Վարդանյան, ի՞նչ է իրենից ներկայացնում Իրավաբանական կլինիկան, ինչպե՞ս առաջացավ ԵՊՀ-ում Իրավաբանական կլինիկա հիմնադրելու գաղափարը:

 

Աշխարհում առաջին իրավաբանական կլինիկաներն ստեղծվել են ամերիկյան բուհերում : Իրավաբանական կլինիկան միջազգային բրենդ է, իսկ «կլինիկա» եզրույթն էլ անալոգիա է՝ փոխառնված բժշկական կլինիկաներում պրակտիկա անցնող բժիշկների կողմից իրենց հաճախորդներին հանդիպելու և անհատապես օգնություն տրամադրելու գաղափարից: Այսօր իրավաբանական կլինիկաները բավականին լուրջ հեղինակություն և գործունեության լայն շրջանակ ունեն:

 

ԵՊՀ իրավաբանական կլինիկան Իրավագիտության ֆակուլտետում հիմնադրվել է 1999 թ.-ին Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ: Ներկայումս կլինիկան ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում է, որն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ պարտադիր և կամավոր: Պարտադիր բաղադրիչը՝ որպես «Իրավաբանի մասնագիտական հմտություններ» վերտառությամբ մագիստրոսական դասընթաց, ընդգրկված է ֆակուլտետի ծանրաբեռնվածության մեջ քաղաքացիաիրավական և քրեաիրավական մասնագիտացումների շրջանակներում:

 

Կամավոր բաղադրիչը հնարավորություն է տալիս բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին իրենց պարտադիր դասընթացների ուսումնասիրմանը զուգընթաց, կամավոր հիմունքներով, հարցազրույցի հիման վրա ընդունվելու Իրավաբանական կլինիկա, ինչպես նաև հիմնական դասապրոցեսներից դուրս լրացնելու իրենց տեսական գիտելիքները պրակտիկ գիտելիքներով և հմտություններով, կիրառելու ձեռք բերած գիտելիքները պրակտիկայում, կողմնորոշվել մասնագիտական հետագա գործունեության ոլորտների ընտրության հարցում, ձեռք բերելու հաճախորդների ընդունելության, խորհրդատվություն տրամադրելու և գործով անհրաժեշտ այլ իրավաբանական ծառայություններ մատուցելու հմտություններ:

 

Հատկանշական է, որ այս ամենն իրականացվում է երկուստեք անվճար հիմունքներով, ուսանողներն իրականացնում են «pro bono» աշխատանք, այսինքն՝ մասնագիտական գործունեություն են ծավալում կամավոր, առանց որևէ վարձատրության՝ տարատեսակ իրավաբանական ծառայություններ մատուցելով հասարակության սոցիալապես անապահով խմբերին, որոնք ի վիճակի չեն վճարելու իրենց տրամադրվող ծառայությունների համար: Պետք է փաստել նաև, որ տրամադրվող ծառայությունների անվճար լինելը բացարձակապես չի ազդում դրանց մատուցած որակի վրա, ինչի խոսուն վկայություններն են դրական ելքով ավարտված մի շարք գործեր, ինչպես նաև այն բազմաթիվ շնորհակալագրերն ու երախտիքի խոսքերը, որոնք, ի ուրախություն մեզ, մենք ստանում ենք մեր հաճախորդների կողմից:

 

Ես՝ ինքս, ֆակուլտետում ուսանելու տարիներին եղել եմ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի շրջանավարտ և այդ տարիներից առանձնացրել եմ կլինիկան որպես մի յուրահատուկ վայր, որը մեծ դեր ունի ուսանողների մասնագիտական աճի, հետագա կողմնորոշման, ինչու չէ նաև անձնական հատկանիշների ձևավորման և զարգացման գործում:

 

Հատկանշական է, որ այսօր մի հետաքրքիր միտում կա ուսանողների մեջ, եթե նախկինում նրանք մեծամասամբ ցանկանում էին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել որպես դատավոր, դատախազ կամ քննիչ, այժմ նրանք առավելապես նախընտրում են հանդես գալ պաշտպանի դերում: Արդյունքում կլինիկայի շրջանավարտներից շատերը փաստաբանի լիցենզիա ստանալու համար արդեն ընդունվել են ՀՀ փաստաբանական դպրոց, մի մասն էլ ավարտել է այն և բարեհաջող իրականացնում է փաստաբանի իր գործունեությունը:

 

Իհարկե, լինում են նաև դեպքեր, երբ ուսանողը կլինիկական գործունեության ընթացքում հասկանում է, որ որոշ դժվարություններ են առաջանում հաճախորդների հետ անմիջական շփումների ժամանակ, ինչի արդյունքում նա համոզվում է, որ պաշտպանի գործունեությունն իր համար չէ:

 

Ի՞նչ նպատակներ ունի Իրավաբանական կլինիկան:

 

Ըստ էության մենք մի քանի նպատակ ենք դրել մեր առջև: Նախևառաջ հնարավորություն ենք տալիս ուսանողին իր տեսական գիտելիքները հարստացնելու պրակտիկ փորձով և հմտություններով, միաժամանակ տրամադրելու որակյալ ծառայություններ հաճախորդներին՝ փորձելով գտնել հնարավոր արդյունավետ լուծումներ նրանց իրավական խնդիրների համար: Այսօր շատ է խոսվում, որ կրթությունն առավելապես տեսական է և հնարավորություն չի տալիս ուսանողին էմպիրիկ փորձարկման միջոցով կիրառելու իր գիտելիքները: Սա էլ իր դժվարություններն է առաջ բերում շրջանավարտների հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:

 

Ահավասիկ, մենք փորձում ենք լրացնել այս բացը. իրավաբան ուսանողին իրական հնարավորություն ենք տալիս ձեռք բերելու հաճախորդի հետ շփվելու մասնագիտական հմտություններ, զարգացնելու այնպիսի կարողություններ, որոնք կօգնեն հաճախորդի տրամադրած հսկայածավալ տեղեկատվության միջից տարանջատելու իրավական անհրաժեշտ տարրերը, ինչպես նաև դրանց հիման վրա արդյունավետ լուծումներ գտնելու ներկայացրած իրավական խնդիրների համար: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հաճախորդի գործ քննության է առնվում առնվազն երկու ուսանողի կողմից, ստացվում է, որ կլինիկան նաև զարգացնում է ուսանողների շրջանում խմբերով աշխատելու կարողությունը: Ուսանողները հերթական հանդիպումների ընթացքում գործը քննարկում են իրենց դասախոս-կոորդինատորի հետ, կատարում են թիմային աշխատանք՝ կրելով ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ պատասխանատվություն կատարված ընդհանուր աշխատանքի համար:

 

Կլինիկան բացի իրավաբանական ծառայություններ մատուցելու գործառույթից՝ իրականացնում է նաև «Իրավունք բոլորի համար» ծրագիրը, որի միջազգային հայտնի եզրույթը «Street Law»-ն է: Այս ծրագրի շրջանակում ուսանողներն իրավունքի ոլորտի առավել արդիական ու օգտակար թեմաներով սեմինարներ են անցկացնում ՀՀ հանրակրթական ավագ ու միջնակարգ դպրոցների աշակերտների և մանկավարժների համար:

 

Այս առումով էլ մենք նպատակ ենք հետապնդում նպաստել դեռահասների և մանկավարժների շրջանում իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, իր իրավունքները ճանաչող և դրանք պաշտպանելու ունակ ժողովրդավարական հասարակության ձևավորմանը:

 

- Կան արդյո՞ք միջազգային կազմակերպություններ, որոնց հետ համագործակցում է Իրավաբանական կլինիկան:

 

ԵՊՀ իրավաբանական կլինիկան տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում է մի շարք միջազգային և ներպետական կազմակերպությունների հետ: Մասնավորապես սերտ համագործակցություն է ձևավորվել ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և վերջինիս գործընկեր «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: Արդեն կայուն ավանդույթ է դարձել «Փախստականների իրավունք» թեմայով դպրոցի անցկացումը, որն ամեն տարի՝ աշնանը, կազմակերպվում է հանրապետական մի շարք բուհերի իրավաբանական կլինիկաների ուսանողների համար:

 

Ավելին՝ այս ուսումնական տարում ԵՊՀ իրավաբանական կլինիկան համագործակցության հուշագիր է կնքել ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որի հիման վրա իրականացնում ենք նաև այլ ծրագրեր: «Իրավունք բոլորի համար. փախստականների իրավունք» ծրագրի շրջանակում կլինիկայի ուսանողներն այցելել են Երևանի մի շարք ավագ դպրոցներ և նրանց աշակերտների ու մանկավարժների համար վարել են սեմինար-քննարկումներ փախստականների միջազգային և ներպետական իրավունքների վերաբերյալ:

 

Սույն ծրագիրը շարունակվելու է նաև հաջորդ ուսումնական տարվա ընթացքում: Բացի դրանից՝ «Առաքելություն Հայաստան»-ի հետ համագործակցում ենք նաև մեկ այլ ձևաչափով. կլինիկական դասընթաց անցած և ֆակուլտետում փախստականների իրավունքներն ուսումնասիրած, ինչպես նաև այդ ոլորտում պրակտիկ գիտելիքները զարգացնելու նպատակ ունեցող երկու ուսանողներ հարցազրույցի հիման վրա, վեցամսյա ժամկետով ընտրվել են «Առաքելություն Հայաստան» կազմակերպության իրավաբանների օգնականներ: ՄԱԿ ՓԳՀ-ի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրի շրջանակում նախատեսվում է նաև առաջիկայում կլինիկան համալրել անհրաժեշտ որոշ տեխնիկայով և նյութերով:

 

Առաջիկայում Իրավաբանական կլինիկան «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում համագործակցելու է նաև «Գերմանական միջազգային համագործակցություն» (GIZ) կազմակերպության հետ: Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ դասընթացներն անցկացվելու են ՀՀ մարզային դպրոցներում:

  

- Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա ուսանողը, որպեսզի Դուք նրան ասեք՝ բարի գալուստ Իրավաբանական կլինիկա:

Ուսանողներն Իրավաբանական կլինիկա են ընդունվում կամավոր ներկայացրած դիմումի հիման վրա անցկացված հարցազրույցի արդյունքներով: Առաջին իսկ օրվանից մենք առանձնացնում ենք այն ուսանողներին, ովքեր պատասխանատվությամբ են մոտենում կլինիկայի աշխատանքներին: Ուսանողները պետք է հասկանան, որ գործ ունեն մարդկային ճակատագրերի հետ, քանի որ շատ հաճախ մեզ դիմում են ծայրահեղ անելանելի վիճակում գտնվող մարդիկ: Պատահական չէ, որ հարցազրույցի ժամանակ մենք ուսանողին միշտ հարցնում ենք, թե արդյո՞ք նա պատրաստ է ամեն ինչից վեր դասել կլինիկան ու չափազանց լուրջ վերաբերմունք դրսևորել իր կողմից ստանձնած ցանկացած գործի քննության նկատմամբ:


Առաջնայնությունը պետք է տրվի ուսմանը, քանի որ թեև կլինիկայում ընդգրկվելը ուսանողի կամքն է, ընդգրկվելուց հետո այն դառնում է ուսանողի կրթական գործընթացի պարտադիր մասը և հավաստվում ավարտական վկայականով:

Բարձր առաջադիմությունը մեզ համար նույնպես կարևոր պայման է, բայց այն որոշիչ չէ, քանի որ գիտելիքը կարելի է ձեռք բերել նաև ժամանակի ընթացքում: Մեր դասախոս-կոորդինատները, որոնք նաև փաստաբաններ են, ևս մշտապես նշում են, որ գիտելիքն ուսանողը կարող է ձեռք բերել նաև հետագայում, կարևորը պրպտող լինելն ու ամեն անգամ նոր բան սովորելու ցանկություն ունենալն է:


Շատ կարևոր են նաև մարդկային հատկանիշները: Կլինիկան իր ծառայությունն անվճար է տրամադրում, իսկ այս առումով առավել կարևոր է, որ ուսանողները պատրաստ լինեն աշխատելու ծայրահեղ նվիրումով՝ առանց որևէ դրամական փոխհատուցման ակնկալիքի: Այդ երևույթն այնքան էլ տարածված չէ մեր իրականության մեջ, ուստի կլինիկան իր առաքելությունն է համարում նաև ուսանողի մեջ ձևավորել բարեգործ լինելու որակները: Այս իմաստով ուսանողները պետք է հարգանքով շփվեն հաճախորդների հետ, կիսեն նրանց մտահոգությունները և լինեն համբերատար, սակայն պետք է առաջնորդվեն սառը դատողությամբ և իրավական մտածելակերպով:

 

 Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը:
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ: