01.10.2018 | 
Ուսանողական
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՃԵՑՎԱԾ ՄՈՆՈ ԵՎ ԲԱԶՄԱԲՅՈՒՐԵՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՃԵՑՎԱԾ ՄՈՆՈ ԵՎ ԲԱԶՄԱԲՅՈՒՐԵՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր երրորդ կուրսի ուսանողներ Վլադիմիր Վարդապետյանը և Աստղիկ Գրիգորյանը ներկայացրին իրենց կողմից աճեցված բյուրեղները և պատմեցին դրանց մշակման մեթոդների մասին:

Բյուրեղների հավաքածու ստեղծելու գաղափարն ուսանողների մոտ առաջացել է դեռևս առաջին կուրսի ավարտին: Աշխատանքները սկսելու համար ավելի քան 50 նյութեր են ուսումնասիրել և գրեթե երկու տարի զբաղվել են դրանց մշակմամբ:

 

Մեզ հետ զրույցում Վլադիմիր Վարդապետյանն ասաց, որ բյուրեղների աճեցման համար հիմնականում մեկ մեթոդ են կիրառել, որի շրջանակում էլ յուրաքանչյուր նյութի հետ աշխատելու հատուկ մեխանիզմ են մշակել. «Լուծույթներից բյուրեղի ստացման ամենապարզ մեթոդն ենք կիրառել՝ տնային պահամաններում մի քանի կոլբաների, բաժակների և տաք ջրի միջոցով, երբ հագեցած լուծույթներից նյութը սկսել է բյուրեղանալ»:

 

Ցուցադրության տախտակին ուսանողները նշել են նաև, թե որքան ժամանակ է պահանջվել բյուրեղների ստացման համար. «Գրանցել ենք այն ժամանակահատվածը, երբ սկսել է բյուրեղի առաջացումը, բայց կարող է մի քանի ամիս պահանջվել, որ լուծույթից ինչ-որ բան առաջանա, ապա նոր միայն բյուրեղ: Կան բյուրեղներ, որոնց ստացման համար պահանջվել է 2 օր, բյուրեղներ էլ կան, որ աճել են 5 ամսում»:

 

 

«Մեր աշխատանքի գլխավոր արդյունքը, որին հասել ենք, այս բյուրեղների կիրառելիության դաշտ գտնելն է: Մինչ այժմ այս բյուրեղները ոչ մի կիրառություն չեն ունեցել: Մենք փորձել ենք դրանք օգտագործել զարդերի մեջ: Պարզապես այս բյուրեղները  չունեն բավական կարծրություն, քանի որ ջրում լուծույթներից են ստացվում, հետևաբար նաև ջրակայուն չեն: Այժմ մենք աշխատում ենք դրանք դարձնել բավական կարծր և ջրակայուն»,- մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդապետյանը:

 

Աստղիկ Գրիգորյանն էլ մեզ պատմեց, որ բյուրեղների ստացման աշխատանքների ժամանակ տարբեր բարդություններ են ի հայտ եկել՝ կախված, թե ինչ նյութից են դրանք աճեցվում. «Տարբեր բյուրեղներ տարբեր մոտեցումներ են պահանջել: Բյուրեղներ կային, որոնց հետևելու կարիք գրեթե չի եղել, բյուրեղներ էլ կային, որ առաջին փորձից չի հաջողվել ստանալ: Աշխատել ենք, որ հավաքածուն հետաքրքիր լինի, փորձել ենք տարբեր գույների բյուրեղներ ստանալ»:

 

Ուսանողները պատմեցին, որ ցուցադրությունը հետաքրքրություն է առաջացրել ուսանողների և դասախոսների շրջանում. «Մոտենում են, նայում, մեզ էլ ոգևորիչ խոսքեր ասում: Նկատել ենք, որ այլ ֆակուլտետների ուսանողներին էլ է ցուցահանդեսը հետաքրքրել»:

Քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը փաստեց, որ առաջիկայում կազմակերպվելու է սեմինար, որի ժամանակ Վլադիմիրը և Աստղիկն առավել մանրամասն կպատմեն իրենց աշխատանքի մասին:  

 

Ի դեպ, ցուցատախտակն այս շաբաթ տեղակայված կլինի ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանատի առջև:

  Քնար Միսակյան 

Այլ նորություններ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇԱԿԵՑԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ
Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում նոյեմբերի 30-ին մեկնարկեց «ԵՊՀ ուսանողների զարգացման ծրագիր-3»-ը:
ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ .  ՄԵԿՆԱՐԿԵՑ  ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
«Արցախյան հարցում ստատուս քվոյի պահպանումը երկարաժամկետ հեռանկարում բխում է ՀՀ շահերից» թեմայի մասին այսօր իրենց տեսակետը ներկայացրին ապագա միջազգայնագետները: