25.03.2019 | 
Ուսանողական
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՐԹԻԿԻ ԹԻՎ 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՐԹԻԿԻ ԹԻՎ 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մարտի 24-ին կազմակերպվել էր բարեգործական այց Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց, որտեղ հաճախում են մտավոր և ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ:

ԵՊՀ ուսանողներին դպրոցի աշակերտները, ծնողները, ինչպես նաև դպրոցի անձնակազմը հյուրընկալեցին մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ:

Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցին նվիրաբերվեց ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով նախապես հավաքագրված հագուստ, խաղալիքներ, առօրյա օգտագործման պարագաներ, տարբեր տեսակի զարգացման խաղեր և այլն:

 

Ուսանողները հանդես եկան խաղ-ծրագրերով և երեխաների ժամանցը դարձրին ավելի հետաքրքիր, իսկ մուլտհերոսը և ծաղրածուն ապահովեցին ուրախ և դրական մթնոլորտ:

 

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողներին միացել էր նաև ԵՊՀ ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանը: Ուսանողները շրջեցին դպրոցում և ծանոթացան դրա պայմաններին, այնտեղ իրականացվող կրթական ծրագրերին:

 

Կենսաբանության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Մանուշակ Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆակուլտետի ուսանողները դեռևս ամիսներ առաջ էին պլանավորել իրականացնել նման բարեգործական ծրագիր, որի համար ուսանողները նախապես կամավոր հավաքել էին որոշակի գումար, որը նույնպես օգտագործվեց անհրաժեշտ իրեր և պարագաներ ձեռք բերելու համար:

 

Ֆակուլտետի ՈՒԽ քարտուղար Ստելլա Հունանյանը, որը մուլտհերոսի կերպարով հանդես եկավ և ուրախացրեց երեխաներին, հավաստիացրեց, որ նմանաբնույթ այցերը կլինեն շարունակական և կկրեն ավանդական բնույթ:

 

 

Բարեգործական նախաձեռնության անդամներից ուսանողուհի Զոյա Խալաթյանի խոսքով, առաջիկայում նախատեսում են նաև իրականացնել ևս մի քանի բարեգործական ծրագրեր՝ անապահով ընտանիքներին և տարբեր հիվանդություններով տառապող երեխաներին օգնելու նպատակով:

 

Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն Սոնյա Նիկողոսյանն ասաց, որ ուսանողների կողմից կազմակերպված նմանօրինակ ծրագրով այց նախկինում չի եղել և այն իր բնույթով եզակի էր: Նա հայտնեց իր գոհունակությունը և խրախուսեց այսպիսի ծրագրերի կազմակերպումը, հավելելով, որ դրանք բացի նյութական աջակցությունից՝ էական ազդեցություն ունեն երեխաների հոգեբանության վրա:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել առաջինկուրսեցիների դիմավորման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ուսանողական խորհուրդն օգոստոսի 29-31-ն իրականացնում է «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագիրը, որն անցկացվում է երկրորդ տարին: