16.11.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ԱԺ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ԱԺ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ մագիստրանտներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով:

Կառավարման և գործարարության ամբիոնը սկսել է համագործակցել պետական տարբեր գերատեսչությունների և մասնավոր որոշ ընկերությունների հետ՝ նպատակ ունենալով ակադեմիական գիտելիքները զուգորդել պրակտիկ հմտությունների փոխանցման հետ:

 

Առաջին այցելությունը սկսվեց ԱԺ-ից: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրանտների հետ ԱԺ էին այցելել նաև Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, դոցենտներ Նոնա Խաչատրյանը, Աննա Հակոբջանյանը և Աննա Մկրտչյանը:

 

Այցի սկզբում Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչը ուսանողներին ներկայացրեց ԱԺ-ի շենքի ճարտարապետության պատմությունը, ԱԺ-ի կառուցվածքը, քաղաքական ուժերի համամասնությունը, գործող հանձնաժողովները և այլն:

 

Շուրջ 30 մագիստրանտներ ԱԺ-ում մասնակցեցին լիագումար նիստին, որտեղ քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

 

Այնուհետև համալսարանականները հանդիպեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Հանդիպումն անցկացվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Քննարկվեցին  տարաբնույթ թեմաներ: Հարցադրումները հիմնականում վերաբերում էին տնտեսագիտության հիմնախնդիրներին, հարկային օրենսգրքին, 2018 թ.-ի պետական բյուջեի նախագծին, Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի փոխհարաբերություններին: ԱԺ փոխնախագահը պատասխանեց բոլոր հարցերին՝ ուսանողներին հորդորելով ակտիվ մասնակցել հասարակական-քաղաքական և պետականաշինության գործընթացներին:

 

Մեզ հետ զրույցում Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ առաջին այցը պետական գերատեսչություններից կատարվել է հենց ԱԺ երկու պատճառով. նախ այս տարի ամբիոնում բացվել է «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մագիստրոսական ծրագիրը, իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ այժմ ակտիվորեն քննարկվում է 2018 թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Դրանք մասնագիտական քննարկումներ են, և կարևոր է, որ ուսանողները որոշ չափով հաղորդակից են լինում դրանց:

 

«Ակնկալում ենք ծրագիրը դարձնել շարունակական: Սա ամբիոնի որդեգրած քաղաքականության մի հատվածն է: Մենք փորձ ենք անում ուսանողներին ակադեմիական գիտելիքից զատ պրակտիկ որոշակի հմտություններ փոխանցել, այդ թվում՝ ոլորտի ներկայացուցիչների փորձը և գիտելիքները»,- հավելեց Կառլեն Խաչատրյանը:

 

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: