Նոյեմբերի 29-ին ԵՊՀ ռուս բանասիրության և արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ, ԵՊՀ ՈՒԽ նախաձեռնությամբ, այցելեցին Սարդարապատ և Մուսա լեռ: Նրանք եղան հերոսամարտի հուշահամալիրում և Հայաստանի ազգագրության թանգարանում:
Հուշահամալիրը խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և հայոց հնագույն մշակույթի պահպանության համար։ Թանգարանի առաքելությունն է փրկել, պահպանել ու հաջորդ սերունդներին փոխանցել հայոց ազգային մշակույթին վերաբերող հավաքածուներ և առարկաներ։
Սարդարապատ այցելելուց հետո ապագա արևելագետներն ու բանասերները հնարավորություն ունեցան լինելու նաև Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանում: Այն գտնվում է Հայաստանում հաստատված մուսալեռցիների կողմից հիմնված Մուսալեռ գյուղում՝ բլրի վրա:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի և ուսանողական կառույցների կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում շուրջ 3.000 ուսանողներ մինչև տարեվերջ կայցելեն նաև Կոմիտասի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտներ, Երևանի, Հայաստանի պատմության, Չարենցի անվան գրականության և արվեստի, Մայր Հայաստան զինվորական թանգարաններ, Մատենադարան և այլ պատմամշակութային վայրեր ու թանգարաններ:
Կազմակերպիչների խոսքերով՝ նմանօրինակ այցելություններն օգնում են ճանաչել ու գնահատել անցյալը, նոր սերնդի շրջանում ձևավորել ազգային արժեհամակարգ։ Նրանց կարծիքով՝ հատկապես երիտասարդները պարտավոր են ծանոթ լինել մեր ժողովրդի անցյալի հերոսական դրվագներին:
Ուսանողները նոր գիտելիքներով ու վառ տպավորություններով վերադարձան՝ պատմամշակութային այլ վայրեր այցելելու սպասումով: