04.04.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՌԱԲԼՈՒՐ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՌԱԲԼՈՒՐ
Ապրիլի 3-ին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ ուսանողներն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։

Եռաբլուր կատարած այցի ընթացքում ուսանողները բաց թողեցին 107 օդապարուկներ, որոնք խորհրդանշում են ապրիլյան պատերազմի 107 զոհերին։ Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԽ նախագահ Սոնա Բաղդասարյանի խոսքով՝ իրենք պետք է հարգանքի տուրք մատուցեն այն տղաներին, որոնց արյան գնով ձեռք բերած խաղաղ երկրում ապրում ենք մենք հիմա։

 

Այցն առանձնանում էր նրանով, որ ապրիլյան պատերազմի մասնակից Դավիթ Օհանջանյանը, ով ևս Ֆարմացիայի ինստիտուտի ուսանող է, խոսեց ոչ միայն ապրիլյան օրերի, այլև հերոսացած տղաների մասին։

 

«Ապրիլի 1-ն էր, դիրքերից իջանք, ապրիլի 2-ին տագնապ տվեցին, մտածեցինք ուսումնական տագնապ է․ այդ օրերը երբեք մոռանալ չի լինի»,- հիշում է Դավիթ Օհանջանյանը:

 

Դավիթն իրեն հերոս չի համարում, ասում է՝ «հերոս» հասկացությունն այդքան էլ լավ չի հասկանում, բայց հիշում է դասընկերոջ՝ հերոս Ռոբերտ Աբաջյանի կատարած սխրանքը․ «Երբ իմացա Ռոբերտի արարքի մասին, ասացի՝ էս տղեն հերոս է։ Նա քաջ տղա էր»։

 

 

«Վախս թողել եմ այնտեղ ու եկել: Վստահ եմ՝ եթե կռիվը վերսկսի, Հայաստանը ուժեղ հակահարված կտա»,- շարունակում է Դավիթը։

 

Այցի ընթացքում ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան զոհերի հիշատակը։

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: