07.10.2014 | 
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ «ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏԸ» «ՀԱՅ ՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ «ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏԸ» «ՀԱՅ ՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հոկտեմբերի 6-ին Համազգային թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ Ֆեստ» փառատոնի շրջանակներում հանդես եկավ Վ. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի բեմադրության նոր ներկայացմամբ:

«Հայ Ֆեստ» փառատոնն իր թատերական եռուզեռով հոկտեմբերի 1-8-ը կրկին աշխուժացնում է Երևանը՝ նոր ու պայծառ երանգ ավելացնելով մայրաքաղաքի աշնանային կտավին: 12 տարվա կյանք ունեցող փառատոնում այս տարի նույնպես մաս էին կազմում նաև համալսարանական թատրոնները: Մայր բուհը ևս բացառություն չէր, ու հինգ տարվա համագործակցությունից հետո ԵՊՀ մշակույթի կենտրոնը փառատոնի շրջանակներում ներկայացրեց երաժշտական և ժամանակակից մեկնաբանություններով նոր ներկայացում:

 

Շեքսպիրյան շնչով լցված Համազգային թատրոնը լեփ-լեցուն էր տարբեր տարիքի ու նախասիրությունների մարդկանցով: Դեռևս հունիսին կայացած դրամայի պրեմիերան մեծ արձագանք էր գտել համալսարանականների շրջանում, սակայն կրկնակի հիացմունքը չէր խանգարել հերթական անգամ ունկնդրել դրամատուրգի հայտնի ստեղծագործության նոր ու յուրօրինակ տարբերակը:

 

Ներկայացումը դիտելու էին եկել ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ով նաև ներկայացման ռեժիսորն է, տարբեր ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ, թատերական արվեստի հայտնի ու սիրված արտիստներ ու պարզապես շեքսպիրյան ձեռագրի սիրահարներ:

 

«Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաների մասնակցությամբ պիեսի նոր մոտեցմամբ արվել էին նաև Վ. Շեքսպիրի հայտնի գործում առկա կերպարների փոփոխություններ. ներմուծվել էին ծաղրածուներ, իսկ հայր Լավրենտի կերպարը վիրտուալ էր ներկայացված: Գաղափարական տեսանկյունից հիմնական շեշտը դրված էր սիրո հավերժության գաղափարի վրա:

 

«ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիան առաջիններից էր, որ ուսանողական թատրոնը նույնպես մտցրեց «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոն: Այն, ինչ արեցինք այսօր ուսանողական թատրոնի միջոցով, այսօրվա երիտասարդության` սիրո թեմայի նկատմամբ վերաբերմունքի արտահայտությունն էր»,- նշեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենը:

 

Հավելենք նաև, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնի առաջիկա ծրագրերում նախատեսվում է «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրությունը ներկայացնել նաև արցախահայության, մասնավորապես զինվորականների շրջանում:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: