Այցելության նպատակն էր ծանոթանալ գործընկեր հաստատություններում ընդունված ասպիրանտական կրթությանն ու քաղաքականությանը:
KTH Royal Institute of Technology (Շվեդիա), Bath Spa University (Անգլիա), University of Girona (Իսպանիա), Heidelberg University (Գերմանիա) այցելությունների ժամանակ գործընկերները ներկայացրել են, թե իրենց մոտ ինչպես է տեղի ունենում PhD ձևավորման գործընթացը՝ ընդունելությունից մինչև պաշտպանություն:
Մասնավորապես KTH-ի օրինակի վրա վառ երևում է, որ գոյություն ունի ուղիղ կապ արդյունաբերության և ինստիտուտի միջև, ինչը շատ կարևոր է և ըստ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի մասին Զալցբուրգի 6-րդ սկզբունքի՝ հիմք է հանդիսանում ասպիրանտների (PhD Student) կրիտիկական մասսան ձևավորելու համար: Ցավոք սրտի, այս շատ կարևոր կետը բացակայում է մեզ մոտ, և հետագայում պահանջված ու որակյալ ասպիրանտական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է հաստատել վերոնշյալ կապը:
Ստացված փորձառությունից ԵՊՀ-ում կներդրվի այն մասը, որը չի հակասում ՀՀ կրթությանը, մասնավորապես կբարելավվի կրթական ծրագրերի նկարագրական մասը՝ ըստ ստացված նմուշների, կհստակեցվեն դոկտորանտ-ղեկավար հարաբերությունները՝ պայմանագրի ձևով: Կրթական և հետազոտական ծրագրերը կփորձենք մոտեցնել պետության աշխատաշուկայի պահանջներին:
ԵՊՀ համապատասխան ստորաբաժանման և ծրագրի մասնակիցների կողմից ուսումնասիրվել և քննարկվել են գործընթացին առնչվող հարցերը, և, ըստ էության, հաշվի առնելով ԵՊՀ պիլոտային ասպիրանտական ծրագրի ուղղվածությունը՝ կրթական ծրագրերը կազմելիս հաշվի կառնվի Heidelberg-ի համալսարանի առաջավոր փորձը: