06.06.2019 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՍՈՒԼՖՈՆՆԵՐԸ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՍՈՒԼՖՈՆՆԵՐԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ Լիանա Գաբրիելյանի ղեկավարությամբ իրականացվող «Մարտկոցներում կիրառվող կարևոր սուլֆոնների` էթիլմեթիլ-, տետրամեթիլեն-, դիֆենիլ- և դիբութիլսուլֆոնների քվանտաքիմիական և փորձարարական ուսումնասիրությունները» խորագրով թեմատիկ ծրագիրը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:

Մեզ հետ զրույցում Լիանա Գաբրիելյանը փաստեց, որ նախագծի հիմնական նպատակն է սուլֆոնների դասին պատկանող, քիչ ուսումնասիրված անդամների` էթիլմեթիլ-, տետրամեթիլեն-, դիֆենիլ- և դիբութիլ սուլֆոնների փորձնական և տեսական ուսումնասիրությունը` գնահատելու դրանց կիրառության հեռանկարը լիթիումական մարտկոցներում. «Սուլֆոնները խոստումնալից բևեռային ապրոտոնային լուծիչներ են, որոնք կարող են կիրառվել գիտության և քիմիական տեխնոլոգիայի տարբեր ոլորտներում, մասնավորապես լիթիումական մարտկոց­ների հետազոտություններում»:

 

Գիտական խմբի կողմից մակրոսկոպիական և միկրոսկոպիական մոտեցումներով ուսումնասիրվում են ինչպես մաքուր սուլֆոնները, այնպես էլ դրանց բինար խառնուրդները տարբեր օրգանական  համալուծիչների հետ, ինչպես նաև լիթիումի աղերի լուծույթներն այդ լուծիչներում:

 

«Նախագիծն իրականացնելիս օգտագործվում են ինչպես տեսական քվանտա­քիմիական մեթոդներ (Gaussian 09 ծրագրային փաթեթը), այնպես էլ փորձարա­րա­կան մեթոդ­ներ՝ ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա (ԻԿ), դիէլեկտրիկ ռելաքսացիայի սպեկտրոսկո­պիա (ԴՌՍ), կիրականացվեն էլեկտրահաղորդա­կա­նության և մակերևութային լարվա­ծու­թյան չափումներ` բացահայտելու վերոհիշյալ համակար­գերի կառուցվածքային, տատանողական, թերմոդինամիկական և էլեկտրաքիմիական հատկությունները»,- մեզ հետ զրույցում նշեց Լիանա Գաբրիելյանը:

 

Դոցենտի հավաստմամբ, այդ համակարգերի կառուցվածքային, դիէլեկտրիկ և այլ հատկությունների իմացությունը կօգնի գնահատելու դրանց հնարավոր կիրառումը լիթիում-իոնային մարտկոցներում. «Մասնավորապես էթիլմեթիլսուլֆոնը (ԷՄՍՕ2) և տետրամեթիլենսուլֆոնը (ՏՄՍ), շնորհիվ բարձր դիպոլ մոմենտների և բարձր դիէլեկտրիկ թափանցելիության արժեքների, լիթիումական մարտկոց­ներում կիրառելի էլեկտրոլիտային միջավայրեր են»:

 

Լիանա Գաբրիելյանի փոխանցմամբ, այս նախագիծը հանդիսանում է Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնում իրականացվող հետազոտությունների շարունակությու­նը:

 

Գիտական խմբի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած առկա ուսումնասիրություններին` սուլֆոնների շարքի համակարգված տեսական ուսումնասիրությունը` պարզելու այդ միացությունների տարբեր հատկությունների և դրանց կառուցվածքային առանձնահատկությունների միջև կապը, երբեք չի իրականացվել. «Նշված բացթողումը լրացնելու համար սուլֆոնների շարքի համար համեմատական կարգով անհրաժեշտ է իրականացնել կոնֆորմացիոն և բնակեցվածության բաշխման վերլուծություն, տատանողական մոդերի վերագրումներ, թերմոդինամի­կա­կան մեծությունների հաշվարկ, սոլվատացման և իոնների կոորդինացման ունակության գնահատում, և մեր նախագծի խնդիրն է պատասխանել առնվազն այդ հարցերին»:

 

Լիանա Գաբրիելյանը նշեց, որ պրոտոնային լուծիչների բի­նար խառնուրդները ևս  հետազոտվելու են. «Որոշ դեպքերում բինար լուծիչներն ավելի գերադասելի են, և մեր նախագծի շրջանակում նախատեսվում է ընտրված սուլ­ֆոն/­համալուծիչ զույգերի մանրակրկիտ ուսումնա­սիրությունը»:

 

Նա փաստեց նաև, որ նախագծի շրջանակում շարունակվելու է համագործակցությունը Բայրոթի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Է. Ռոսսլերի հետ, որի լաբորատորիան նշանակալից դիրք է գրավում դիէլեկտրիկ ռելաքսացիայի  սպեկտրոսկոպիայի բնագավառում, ինչպես նաև Զաարլանդի համալսարանի (Գերմանիա) ֆիզիկական և տեսական քիմիայի ինստիտուտի պրոֆեսոր Մ .Շպրինգբորգի հետ՝  տեսական քվանտաքիմիական ուսումնասիրությունների շրջանակում. «Նախատեսվում է նաև  մասնակցություն տարբեր միջազգային գիտաժողովներին:

 

Տեղեկացնենք, որ Լիանա Գաբրիելյանի ղեկավարությամբ հետազոտություն իրականացնող գիտական խմբի անդամներն են քիմ. գիտ. թեկնածու Զաքար Պապանյանը, ասպիրանտ Աշոտ Մխիթարյանը և մագիստրոս Վիկտորյա Մանուչարյանը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: