29.04.2019 | 
Ուսանողական
«ԿԱՆԱՅՔ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՏԻՊ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ, ԲԱՐՁՐ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԵՎ ԷՄՈՑԻՈՆԱԼ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԱՌԱՋՆՈՐԴԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ». ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ
«ԿԱՆԱՅՔ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՏԻՊ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ, ԲԱՐՁՐ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԵՎ ԷՄՈՑԻՈՆԱԼ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԱՌԱՋՆՈՐԴԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ». ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ՈՒԳԸ նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Կին ձեռնարկատեր. ճանապարհ դեպի հաջողություն» խորագրով սեմինար-քննարկում:

Սեմինարի բանախոսը «Busticks Application» հեռախոսային հավելվածի հիմնադիր Նելլի Դավթյանն էր, որը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել :

 

Սեմինար քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, որոնց հետաքրքրում էր կին ձեռնարկատիրոջ հաջողության ճանապարհի պատմությունը:

 

Մինչև անդրադառնալն առանցքային հարցերին՝ Նելլի Դավթյանը պատմեց իր անցած ճանապարհի, ինչպես նաև խոսեց դժվարությունների, խոչընդոտների մասին, հիշատակեց հայտնի կին ձեռնարկատերերին. «2016 թ. ես հիմնեցի մի բիզնես, որը չէր առնչվում մասնագիտությանս հետ. մատնանկարչությունն էր, որի մեկնարկը եղավ մանկական սրճարաններում և այլուր»:

 

Ն. Դավթյանի խոսքով, այդ աշխատանքը նպաստեց մատնանկարչության դպրոց ունենալուն, որը երկար կյանք չունեցավ: 

 

Շուտով Ն. Դավթյանը դիմում է «Էրազմուս» երիտասարդ ձեռնարկատերերի համար նախատեսված ծրագրին ՝ ներկայացելով է «Busticks Application» հեռախոսային հավելված ստեղծելու սեփական գաղափարը: ««ՓՄՁ ԶԱԿ»-ը, որը զբաղվում էր այս հարցով, համաձայնեց գրանցել ինձ իր համակարգում, որտեղ սկսնակ ձեռնարկատերերը դիմում են տարբեր երկրների փորձառու ձեռնարկատերերին, ու եթե նրանք համաձայնեն ընդունել սկսնակին, ապա 3-6 ամսով կարող են գնալ նրանց մոտ փորձի փոխանակման»,- պատմեց կին ձեռնարկատերը:

 

Ն. Դավթյանը ասաց, որ արդյունքները սպասեցնել չեն տվել և ծրագիրն ընդունվել է:

 

Բանախոսն անդրադարձավ նաև կին ձեռնարկատերերի՝ հաջողության հասնելու ճանապարհի հիմնական արգելքներին. դրանք են՝  կարծրատիպերը, ճանաչման բացակայությունը, ներդրումների գրավման և շահավետ կապերի ստեղծման բարդությունները, թիրախային խմբի ընտրությունը: 

 

 Ն. Դավթյանի հավաստմամբ, կին ձեռնարկատերերը թերություններից զատ՝ աչքի են ընկնում առավելություններով: «Նրանց բնորոշ է յուրահատուկ էներգիա, բարձր մենթորական և էմոցիոնալ ունակությունները, առաջնորդելու կարողությունը»,- ընդգծեց բանախոսը:

 

Ըստ Ն. Դավթյանի՝ կանանց հատուկ է նաև ինտուիցիան, սթրեսի կառավարումը և մանրամասների հանդեպ ուշադրությունը: 

 

Սեմինար-քննարկման ընթացքում բանախոսը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին:

 

Հաջողության հասնելու գործում նա կարևորեց ստեղծագործ ու ստեղծարար լինելու կարողությունները: «Ստեղծագործ լինելու լավագույն ճանապարհն  անհամատեղելին համատեղելն է»,- ամփոփեց խոսքը Ն. Դավթյանը: 

Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ ԵՊՀ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ
1960-ականներ. տեսանյութ այն մասին, թե ինչպես են ԵՊՀ տվյալ ուստարվա դիմորդները ծանոթանում ընդունելության քննությունների արդյունքներին: