04.07.2018 | 
Քաղաքականություն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանից հետո ակադեմիական պարտքեր ունեցող և ուսման վարձերը չվճարած ուսանողների քանակը՝ նշելով, որ ներկայացվող տվյալները չեն ներառում ավարտական կուրսերը:

 

«Բակալավրիատի առկա համակարգում պարտք ունեն 3265 ուսանողներ, իսկ ուսման վարձերը չվճարած ուսանողների թիվը կազմում է 35, որոնց պարտքը 50 հազար և ավելի դրամ է: Բակալավրիատի հեռակա համակարգում պարտք ունեն 1279 ուսանողներ, իսկ 50 հազար և ավելի ուսումնական վարձի պարտք ունեցող ուսանողների թիվը կազմում է 54: Մագիստրատուրայի առկա համակարգում պարտք ունեն 123 ուսանողներ, 50 հազար և ավելի ուսումնական վարձի պարտք՝ 5 ուսանողներ, իսկ մագիստրատուրայի հեռակա համակարգում պարտք ունեն 135 ուսանողներ, 50 հազար և ավելի ուս. վարձի պարտք՝ 8 ուսանողներ»,- ասաց Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Պրոռեկտորը նշեց, որ բակալավրիատի առկա համակարգում հեռացման ենթակա են 30 և ավելի կրեդիտ պարտք ունեցող ուսանողները, իսկ հեռակա համակարգում՝ 24 և ավելի կրեդիտ պարտք ունեցողները: Մագիստրատուրայում առկա համակարգում հեռացման ենթակա են 27 և ավելի կրեդիտ պարտք ունեցող ուսանողները, իսկ հեռակա համակարգում՝ 21 և ավելի կրեդիտ պարտք ունեցողները:

 

«Հեռացման են ենթակա նաև այն ուսանողները, որոնք ունեն ուսման վարձերի պարտք և չունեն համապատասխան թույլտվություն դրանց վճարման ժամկետները երկարեցնելու վերաբերյալ: Բոլոր հեռացումները կքննարկվեն դեկանների հետ»,- ասաց Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Նիստի ընթացքում քննարկվեց նաև դասախոսների ծանրաբեռնվածության կրճատման հարցը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ դիմորդների սակավության հետ պայմանավորված՝ այս տարի շատ մասնագիտություններ դիմորդներ չունեն, ինչի արդյունքում էլ որոշ ամբիոններում ծանրաբեռնվածությունը  կիջնի. «Դասախոսներն էլ պետք է ըմբռնումով մոտենան հարցին և հասկանան, որ խնդրի լուծման առաջարկվող տարբերակը շահավետ է բոլորի համար: Մենք կքննարկենք բոլոր ամբիոնների խնդիրները»:

 

Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես եկավ ԵՊՀ տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ Պարույր Վարդերեսյանը՝ հորդորելով՝ համալսարանական էլեկտրոնային հասցեին եկած այն նամակներին, որոնք ճշտում են օգտատերերի գաղտնաբառերը, չպատասխանել, և ընդհանրապես որևէ այլ համակարգում չգրել գաղտնաբառը:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բուհի ուսումնական գործընթացի և համապատասխան կազմակերպչական խնդիրների լուծման համար շեշտեց, որ պետք է առաջնորդվել ներքին կարգապահական կանոններով, պահպանել էթիկայի նորմերը և իրականացնել համատեղ ընդունած որոշումները:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց բուհի ուսումնական գործընթացի կառավարման «Supervision» էլեկտրոնային ծրագրի աշխատակիցներին:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է». ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: