28.12.2018 | 
Հասարակություն
2018. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2018. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ-ում ուսումնական տարվա ընթացքում տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, որոնցից առանձնացրել ենք առավել կարևորները:

Փետրվարի 12-ին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայաստան-Իրան բարեկամության լսարան»-ի բացումը: Այս լսարանը նպաստելու է երկու երկրների միջև կապերի ընդլայնման ու զարգացման գործընթացին:

 

 

 

Մարտի 21-ին ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբն Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ անցկացրեց դահլիճային ժայռամագլցման բաց առաջնություն: Առաջնությունն անցավ 2 փուլով, մասնակցեց 83 ժայռամագլցող:

 

Մարտի 27-ին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: Ֆակուլտետային գիտաժողովի թեմատիկ ուղղություններն էին ՀՀ միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք կապերն արդի ժամանակաշրջանում, հայ դիվանագիտության պատմությունը (նորագույն շրջան) և տարածաշրջանային քաղաքական գործընթացներն արդի փուլում:




Ապրիլի 13-ի Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները Երևան հասնելուն պես քայլերն ուղղեցին դեպի Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենք:

 


Ապրիլի 16-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բացման արարողությունը։ Հայաստանում առաջին անգամ անցկացված սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 31 երկրի մոտ 300 մարզիկ:

 


Մայիսի 26-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրների թոռների ու ծոռների հետ։Հանդիպումը հանրությանը և հատկապես համալսարանականներին տրված բացառիկ հնարավորություն էր ճանաչելու Հայաստանի Առաջին Հանրապետության հայտնի գործիչների ժառանգներին, ինչպես նաև անձամբ նրանցից լսելու ընտանեկան պատմությունները և ուշագրավ հիշողությունները:


 

 Մայիսի 26-ին տեղի ունեցավ «Արամ Մանուկյան. նամականի (1904-1915)» գրքի շնորհանդեսը: Պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի նամականու գրքի շնորհանդեսը կազմակերպվեց ՀՀ հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին  նվիրված «Հայաստանի Հանրապետություն-100» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում:



Մայիսի 27-ից հունիսի 6-ն անցկացվեց հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի 120-ամյակին նվիրված միջազգային խոշոր գիտաժողով: Գիտաժողովի կարևոր նպատակն էր նպաստել Հայաստանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը մաթեմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար:




Մայիսի 29-ին «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը մի շարք պահանջներով բողոքի ակցիա իրականացրեց: Օրակարգային և մի շարք այլ հարցերի վերաբերյալ քննարկում անցկացնելու համար ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպեց բողոքող ուսանողների հետ և պատասխանեց նրանց հարցերին:




Հունիսի 7-ին տեղի ունեցավ հանդիպում հայտնի լրագրող, Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր, «The Boston Globe» պարբերականի հետաքննական թիմի հիմնադիր-անդամ Սթիվեն Քյուրքչյանի հետ:




Հունիսի 13-ին Ժուռնալիստիկայի ֆակուլտետը հյուրընկալեց Նյու Յորքի Սիրակյուզի համալսարանի տպագիր և առցանց լրագրության ֆակուլտետի դասախոս, գրող Շերիլ Ռիդին և նրա ամուսին, «Chicago Tribune» թերթի նախկին խմբագիր Գրեգորի Ստրիչարչուկին:




Հունիսի 15-ին ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը համալսարանում հանդիպեց Թյուրքագիտության ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ: Հանդիպման ընթացքում թուրք հայտնի պատմաբանը հանդես եկավ «Փաստեր, ճշմարտություն, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը» թեմայով դասախոսությամբ:


 

Հուլիսի 2-ին ԵՊՀ-ում մեկնարկեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս ուսանողների 7-րդ փառատոնը: Համալսարանն իր հարկի տակ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի միջազգային փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին:

 

 

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Գեորգի Ծերեթելին հանդիպման մասնակիցներին պատմեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մասին՝ ներկայացնելով դրա կառուցվածքը, առաքելությունը և հիմնական գործունեությունը:

 


Սեպտեմբերի 18-ին Ժուռնալիստիկայի ֆակուլտետը հյուրընկալեց հայազգի գերմանաբնակ հրապարակախոս, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլին:

 


Սեպտեմբերի 27-ին մեկնարկեց «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:

 


Հոկտեմբերի 11-13-ն անցկացվեց «Իրանական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»: Իրանական լեզվաբանության միջազգային գիտաժողովը (ICIL) միտված էր լեզվաբաններին ու բանասերներին աշխարհի բոլոր ծայրերից համախմբել իրանագիտության շուրջ:

 


Հոկտեմբերի 15-ին մեկնարկեց «Գիտական հետազոտությունների որակի ապահովումը» խորագրով տարածաշրջանային երկօրյա սեմինարը: Սեմինարը կազմակերպվել էր «Erasmus+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների տեխնիկական աջակցության առաքելության շրջանակում:

 


Հոկտեմբերի 17-ին ուսանողների համար դասախոսություն կարդաց Արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ Թոմաս Մայեր Հարթինգենը:

 

Հոկտեմբերի18-ին մեկնարկեց ««Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության 5 տարին. հայ-չինական համագործակցության նոր հեռանկարները» խորագրով գիտաժողովը:  Այս գիտաժողովի նպատակն էր նպաստել երկու երկրների տնտեսական և մշակութային առաջընթացին:

 


Հոկտեմբերի 22-ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Դավիթ Անհաղթի աշխատության գերմաներեն թարգմանված գրքի շնորհանդեսը: Դավիթ Անհաղթի «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի» աշխատության գերմաներեն թարգմանության հեղինակը Անի Մկրտչյանն է:

 


Հոկտեմբերի 26-ին Մշակույթի կենտրոնում բեմադրվեց «Հայկական էսքիզներ» ներկայացումը, որի հիմքում Վարդգես Պետրոսյանի համանուն ստեղծագործությունն էր:

 


Հոկտեմբերի 30-ին Արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի բացման արարողությունը:Կենտրոնի հիմնական առաքելություններից է գիտահետազոտական գործունեություն իրականացնելը, որը հնարավորություն կտա ուսանողներին առավել որակյալ գիտելիքներ ձեռք բերելու արաբագիտության ոլորտում:

 

Նոյեմբերի 1-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Ֆարմացիայի արդի վիճակը և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 75 և ԵՊՀ 100-ամյակներին:

 

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ «Կառուցել ազգեր և պետություններ ցնցումների համատեքստում» խորագրով գիտաժողովը: Ելույթները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգությանը, առաջնորդությանը, երկրների հակազդեցությանը, ինչպես նաև այդ ամենի ընթացքում պետությունների կառուցման գործընթացին:

 

Նոյեմբերի 9-ին նշվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակը, ինչպես նաև մեկնարկեց Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, հյուրեր հայաստանյան և միջազգային գործընկեր կառույցներից:




Նոյեմբերի 14-ին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվեց  չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվեց առաջին անգամ:

 


Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման հանդիսավոր արարողությունը: Հանրակացարանի վերանորոգումը կատարվել է ամերիկահայ բարերար Գուրգեն  Ասատուրյանի՝

համալսարանին կտակված գումարի և ԵՊՀ-ի  միջոցների հաշվին:




Նոյեմբերի 23-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, ներգրավելով Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերի ներկայացուցիչներին, Արդյունաբերողների և գործարարների միության հետ կազմակերպեց «Ի՞նչ անել» գիտագործնական խորհրդաժողով, որը նվիրված էր Հայաստանի տնտեսության զարգացման հիմնախնդիրներին: Խորհրդաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 


Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական եռօրյա գիտաժողովի բացման արարողությունը։ Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն ընձեռեց ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները:

 

Դեկտեմբերի 6-ին մեկնարկեց «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը, որին զեկուցումներով հանդես եկավ 55 երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողներ: 

 


Դեկտեմբերի 10-ին համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, որն իր դասախոսության ընթացքում խոսեց 21-րդ դարում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին:

 

 

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ
Մաթեմատիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Շահինյանի մասին պատմում է նրա որդին՝ ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Շահինյանը:
ԴԵԼԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂ ԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում այսօր «Սեռական ոտնձգությունները աշխատավայրում․ Հնդկաստանի իրավական ակտերի վերլուծություն» թեմայով հետազոտություն ներկայացրեց Դելիի համալսարանի հետազոտող Անուշ Գասպարյանը: