20.12.2018 | 
Քաղաքականություն
«ERASMUS+ PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԱԾ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ERASMUS+ PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԱԾ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում «ERASMUS+ PRINTeL» նախագծի շրջանակում գործընկեր համալսարաններ վերապատրաստման մեկնած դասախոսները ԵՊՀ ղեկավարությանը ներկայացրին ձեռք բերած գիտելիքները և գործիքները:

Քննարկմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը:



ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ, Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը համառոտ ներկայացրեց ծրագիրը. «Հիմնական նպատակը կրթության գլոբալ մարտահրավերներից մեկի՝ դասավանդման և ուսումնառության արդիականացումն է ու հետագա զարգացումը դասավանդման գործընթացում նորարարությունների ներդրման միջոցով»:

Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե ինչպես է հնարավոր սովորածը կիրառել ԵՊՀ-ում:

Արմեն Բուդաղյանը նշեց նաև, որ ըստ կնքված համաձայնագրի՝ վերապատրաստում անցած դասախոսները պետք է վերապատրաստեն և փորձը փոխանցեն իրենց գործընկերներին:

Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաններում կիրառական գիտությունների համալսարանում «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով դասընթացին մասնակցել էին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Աննա Ալեքսանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնի ասիստենտ Արթուր Ավագյանը և Քիմիայի ֆակուլտետի դոցենտ Լիանա Գաբրիելյանը:



Աննա Ալեքսանյանը ներկայացրեց համակցված ուսուցման և դասավանդման գաղափարը.
«Միայն լսարանային միջոցներով դասավանդումն արդյունավետ լինել չի կարող: Ուսանողների կյանքում մեծ է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը: Ներկայացնելով տարբեր երկրների համալսարանների փորձը՝ դուրս բերեցինք թերություններն ու առավելությունները»:
Ըստ նրա՝ դասընթացի ժամանակ կարևորվել են ծրագրավորված ուսուցման խթանման առցանց գործիքները:

«Հետաքրքիր է համադրել առցանց գործիքակազմը դասավանդման ավանդական մեթոդների հետ»,- նշեց Աննա Ալեքսանյանը:

Արթուր Ավագյանը խոսեց համակցված տարբերակի ընձեռած հնարավորությունների մասին՝ նշելով, որ այն ավելի թափանցիկ ու արդյունավետ է դարձնում աշխատանքը:

Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացվող «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին մասնակցել էին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասիստենտ Գոհար Մադոյանը և դոցենտ Լիլիթ Սարգսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դոկտոր Կարեն Թռչունյանն և Աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Տիգրան Սարգսյանը:



Կարեն Թռչունյանն ասաց, որ այս մեթոդի կիրառումը թույլ է տալիս ներգրավել լսարանի 90 տոկոսը. «Մենք մշակեցինք միջգիտակարգային դասընթաց՝ հասկանալու մեթոդի առավելություններն ու թերությունները»:

Վերապատրաստման ընթացքում դասախոսները քննարկել են դասախոսի՝ որպես էլեկտրոնային մոդերատորի և ռեֆլեկտիվ իրականացնողի դերի առանձնահատկությունները, ինչպես նաև դրա հետ կապված սեփական լսարանում կիրառվող մեթոդների յուրահատկությունները:

Խումբը ներկայացրեց իր առաջարկությունները՝ ԵՊՀ-ում ակտիվ ուսուցումը զարգացնելու վերաբերյալ: Դրանցից էին առցանց հարթակների կիրառումը, դասախոսների համար ձեռնարկների ստեղծումը և այլն:

Լիլիթ Սարգսյանը նշեց, որ նմանօրինակ մեթոդների կիրառումը բարձրացնում է ուսանողների ներգրավվածությունը ծրագրերում:

Պորտոյի համալսարան մեկնած խումբը մասնակցել է «Տեսանյութերը` որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման դասընթացներին:



Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոս Մարինե Յաղուբյանը և Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Անի Սիմոնյանը խնդիրների մասին խոսելիս նշեցին, որ տեսանյութեր պատրաստելիս բարդություններ են ստեղծվում՝ կապված դասախոսների կաշկանդվածության, մի քանի անգամ փորձելու հետ:

Առավելությունների շարքում նրանք ընդգծեցին դասավանդման որակի վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունը:

Շվեդիայի Լինշյոպինգի համալսարանում ԵՊՀ գիտական քարտուղար, քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, Սերվիսի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գոռ Ալեքսանյանը և Փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Սերոբ Խաչատրյանը մասնակցել են «Ակտիվ ուսուցում շրջված դասարանում» վերապատրաստման դասընթացին:



Ներկայացնելով դասընթացի ընդհանուր էությունը՝ Մենուա Սողոմոնյանը նշեց՝ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ ուսանողը ցանկանա համալսարանում անցկացնել իր ազատ ժամանակը:

Անդրադառնալով ակտիվ ուսուցման մեխանիզմների կիրառման խնդիրներին՝ նա նշեց ուսանողների ծանրաբեռնվածության հարցը, ինչպես նաև թվային հմտությունների կիրառման ցածր մակարդակը թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների շրջանում: Առաջարկվեց ծանրաբեռնվածության նվազեցում, լսարանների վերակահավարում:

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ ձեռք են բերվել պլանավորման և տեխնոլոգիաների կիրառման հմտություններ:



Իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Աննա Մարգարյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Նվարդ Մելքոնյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Սիլվա Պետրոսյանը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոս Դիանա Բագիրյանը «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ M-learning և gamification» խորագրով վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին Բարսելոնայի համալսարանում:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Բարսելոնայի համալսարանում դասավանդման գործընթացում կիրառվող նորագույն մեթոդաբանությանը ու հատուկ գործիքներին՝ տարաբնույթ թվային հավելվածներին և ծրագրերին (Canva, Slido, Mentimeter, Kahoot, Sparc Video և այլն), որոնց օգտագործումը, ըստ նրանց, դասընթացը դարձնում է առավել հետաքրքիր, հիշվող ու ուսանելի ունկնդիրների համար:

Աննա Մարգարյանը նշեց, որ կարևոր է գիտակցել՝ ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել ավանդական մեթոդներին, այլ ուղղակի հանդես են գալիս որպես լրացում, օժանդակում:

Կարևորվում էին հավելվածների միջոցով լսարանի հետադարձ կապի ապահովումը: Բացի դրանից՝ հնարավորություն է ստեղծվում անհատական մոտեցում ցուցաբերելու:

Նվարդ Մելքոնյանը կարևորեց միջմշակութային շփումն արտասահմանյան տարբեր բուհերի գործընկերների հետ:

Սիլվա Պետրոսյանը նշեց, որ հաճախ կանխակալ կարծիք կա, որ խաղային տարրը զրկում է դասավանդումը լրջությունից, իսկ այս վերապատրաստումը տեսական հիմնավորում տվեց մեթոդի կիրառմանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ նշելով, որ ընտրվել են լավագույն ուժերը, որոնք պետք է դառնան փորձի փոխանցողը:

«Հետաքրքիր գաղափար է համալսարանում հարմարավետություն ստեղծելը: Մենք փորձում ենք այն իրագործել գրադարանում»,- ասաց ռեկտորը:

Նա խոսեց վիրտուալ իրականության լաբորատորիայի ներդրման մասին՝ միաժամանակ վերհիշելով, որ ներկայացված մեթոդներից շատերն այս կամ այն կերպ գոյություն են ունեցել խորհրդային տարիներին:

Վերապատրաստման մեկնած դասախոսները քննարկեցին մոտիվացիոն գործիքները, ուսանողների և դասախոսների ներգրավվածության մակարդակի բարձրացումը:

 

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐ, ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով:
«ԵՊՀ-ՈՒՄ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է ԴՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԱՅՆԻՆՉ ԿԱՆ ԲՈՒՀԵՐ, ՈՐՈՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ
Անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բարձրաձայնած հարցերից երկուսին, այն է ՝ ԵՊՀ կազմում ավագ դպրոցի ու քոլեջի բացակայությանը և Հայաստանում ամերիկյան, սլավոնական, ֆրանսիական համալսարանների և Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ բակալավրիատի ընդունելության անհավասար պայմաններին, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Կարապետյանը հարց հղեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին.