30.12.2022 | 
Կրթություն, Հասարակություն, Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, մատնանշելով տարվա ընթացքում ձեռք բերված կարևորագույն համագործակցություններն ու իրագործած ծրագրերը, ընդգծում է, որ կենտրոնը ԵՊՀ շրջանավարտների և ուսանողների համար ողջ տարվա ընթացքում ստեղծել է աշխատանքի լայն հնարավորություններ, կյանքի է կոչել նրանց մասնագիտական աճին և անձնային հատկանիշների կատարելագործմանը միտված նախագծեր ու դասընթացներ։

 

«Նախորդ տարի մեկնարկած երկու մեծ նախագիծ ենք իրագործել այս ուստարում։ Դրանցից մեկը «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրն էր, որն ունեցել է 40 մասնակից։ Այն հիմնականում նախատեսված էր Սփյուռքի երիտասարդների համար, սակայն նրանց ներգրավման գործընթացն առավել սահուն ապահովելու նպատակով ծրագրում ընդգրկված էին նաև հայաստանցի երիտասարդներ, ինչի շնորհիվ մասնակիցներից 37-ը ստացել են պրակտիկայի և աշխատանքի հնարավորություն։ Այս ծրագիրը Հայկական սփյուռքի համայնքների միջև սերտ կապի ապահովման և հաղորդակցական խոչընդոտների հաղթահարման լավագույն և արդյունավետ մեթոդներից էր։

 

Հաջորդը «Երիտասարդական ներառման խթանում զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրն է, որը նախատեսված էր Արցախից, հիմնականում Քաշաթաղից պատերազմի հետևանքով տեղահանված 30 ուսանողի համար։ Ծրագրի շրջանակում 30 ուսանողներից գրեթե բոլորին ընձեռվել է աշխատանքի և պրակտիկայի հնարավորություն տարբեր կազմակերպություններում»,- մանրամասնում է Կ․ Նազարյանը։

 

Կենտրոնը կազմակերպում է նաև մասնագիտական տարաբնույթ ու բազմաբովանդակ վերապատրաստումներ, աջակցում ուսանողներին և շրջանավարտներին ինքնակենսագրական կազմելու գործում։

 

Ամփոփելով խոսքը՝ կենտրոնի փոխտնօրենն առանձնակի կարևորում է Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ իրագործած նախագիծը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Ուսուցիչ-առաջնորդ» ծրագիրը։

 

Համալսարանն ուսանողներին ոչ միայն աջակցում է վերոնշյալ հարցերում, այլև ստեղծում է պայմաններ՝ ի ցույց դնելու նրանց կարողությունները մշակույթի բնագավառում։ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը լավագույն վայրն է, որտեղ ԵՊՀ ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն են ստանում մասնակցելու համալսարանական և արտահամալսարանական միջոցառումների։ Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, մատնանշելով համալսարանականների հետաքրքրվածությունը կենտրոնի նկատմամբ, ընդգծում է, որ այս տարի ավելի քան 450 նոր ուսանող է անդամագրվել կենտրոնի խմբակներին։

 

«Տարին հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով, առանձնահատուկ էր նրանով, որ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ընդունելով ԵՊՀ հրավերը, մասնակցեց կազմակերպված միջոցառմանը։ Իր ելույթում մաեստրոն նշեց, որ ԵՊՀ-ն հայագիտական հումանիտար կենտրոն է, որը գիտության նվաճումներին ու ձեռքբերումներին իմաստ և հողեղեն մարմին է տալիս։ Բացի դրանցի՝ նշանակալի մի շարք միջոցառումների մշակութային մասն ապահովել են հենց կենտրոնի սաները, օրինակ՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի բացման և փակման հանդիսավոր արարողությունների և ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ։ Նրանցից ոմանք մասնակցել են միջազգային հեղինակավոր մրցույթների և վերադարձել Գրան պրի մրցանակներով»,- պատմում է Կ․ Դավթյանը։

 

Ամփոփելով խոսքը՝ կենտրոնի տնօրենը մատնանշում է․ «Տարին ի վերջո նշանավորվել է նաև նրանով, որ մեր կենտրոնն անվանակոչվել է մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրի անունով»։

Անի Սուքիասյան

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: