25.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎ Է ՆԵՐԴՐՎՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «PRO EXTOUR» ՆԱԽԱԳԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎ Է ՆԵՐԴՐՎՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «PRO EXTOUR» ՆԱԽԱԳԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախորդ երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքները, նախագծի շրջանակում կազմակերպված ծրագրերի, այդ թվում՝ ամառային դպրոցների արդյունքները, ինչպես նաև Վառնայում կայացած բիզնես ֆորումի մասնակից գործընկեր ձեռնարկությունների փորձը:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, «PRO EXTOUR» նախագծի հայաստանյան թիմի ղեկավար, ծրագրի համակարգող, ք.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը մինչ ծրագրի ընթացքն ու վերջնարդյունքը ներկայացնելը խոսեց միջազգային նախագծերում Հայաստանի, մասնավորապես Երևանի պետական համալսարանի ներգրավվածության մասին: Ըստ Ալեքսանդր Մարգարովի՝ այս համագործակցությունը համապատասխանում է համալսարանի այն նպատակներին, որոնք ներառված են բուհի ռազմավարական ծրագրում:

 

 

«Ըստ էության, տվյալ նախագիծը դասական օրինակներից մեկն է, թե ինչպես է միջազգային ներգրավվածությունը նպաստում այն հիմնական նպատակների կյանքի կոչմանը, որոնք դրված են բուհական համակարգի առջև: Դրանցից են որակյալ կրթությունը, գիտահետազոտական գործունեությունը, նորարարությունները և այլն»:

 

Ալ. Մարգարովը, մատնանշելով ԵՊՀ-ում առկա որակյալ կրթության փաստը, ասաց, որ ԵՊՀ սերվիսի ամբիոնը ներկայացրել է նոր դասընթացներ, որոնք ներառում են ոչ միայն հայաստանյան, այլև Սևծովյան ավազանի երկրների փորձը: ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետի խոսքով՝ համալսարանը պատրաստ է կիսելու ձեռք բերված փորձը բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են ոլորտով և ցանկություն ունեն մեր երկրում զարգացնելու համապատասխան ոլորտը:

 

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, ե.գ.թ., դոցենտ Մարատ Գրիգորյանը ընդգծեց, որ այս տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել: Նա ասաց, որ ֆակուլտետը ակտիվորեն մասնակցում է միջազգային տարաբնույթ ծրագրերի, ունի մեծ փորձ ու միջազգային համագործակցության լայն շրջանակ:

 

 

ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Սեյրան Սուվարյանն ասաց, որ, փորձելով Հայաստանում զբոսաշրջության նոր ձև ներդնել և այն զանգվածաբար տարածել, նպատակ են ունեցել նաև գիտական, մեթոդաբանական, միջազգային փորձի առաջավոր կողմերը «ներարկելու» նրա մեջ:

 

 

«Այս երեք տարիների ընթացքում ուսումնասիրելով մշակութահեն զբոսաշրջության համար անհրաժեշտ նախադրյալները, փորձեցինք դրանց հիման վրա՝ կոնկրետ առաջարկներ ներկայացնել և այդ գաղափարները դարձնել իրականություն»,- ասաց Ս. Սուվարյանը:

 

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, «PRO EXTOUR»-ը նախագիծ է, որի նպատակն է խթանել փորձառական զբոսաշրջությունը` որպես կայուն զարգացման ուղի Սևծովյան ավազանի երկրներում զբոսաշրջության բիզնեսի համար` արժևորելով բնիկ ժառանգության և մշակույթի ներուժը, նորարարական լուծումները և միջսահմանային համագործակցությունը: Ծրագիրը զբոսաշրջության ոլորտում կիրառական հետազոտական փորձ ունեցող երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Երևանի պետական համալսարանի (Հայաստան), Վառնայի կառավարման համալսարանի (Բուլղարիա) և Սալոնիկի համալսարանի (Հունաստան), ինչպես նաև մշակութային ցանցային կազմակերպության` Վրացական արվեստի և մշակույթի կենտրոնի (Վրաստան) և հյուրընկալության տարածաշրջանային կլաստերի՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիայի (Բուլղարիա) համատեղ նախաձեռնություն է:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ
«Հայ-ռուսաստանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում Երևանի պետական համալսարան էր այցելել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Վասիլի Վ. Սազոնովը:
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԿԱՊԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՖՐԵԶՆՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԵՊՀ-Ն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ
ԵՊՀ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները, ցուցաբերելով բարձր առաջադիմություն և ակտիվություն, արժանանում են տարբեր կրթաթոշակների։ Այս տարի Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի հատկացրած կրթաթոշակը տրամադրվել է մագիստրոսական ծրագրի ուսանող Շուշան Գրիգորյանին: