29.08.2019 | 
Հասարակություն
«ՄԱՆՐԷՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ
«ՄԱՆՐԷՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մագիստրոսների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հունիսի 30-ից հուլիսի 7-ը մասնակցել են Դուշանբեի ազգային համալսարանում կազմակերպված՝ «Մանրէների բազմազանությունը և կենսատեխնոլոգիան» խորագիրը կրող միջազգային ամառային դպրոցի աշխատանքներին:

Ամառային դպրոցը կազմակերպվել էր Բարձրագույն կրթության բնագավառում միջազգային համագործակցության նորվեգական կենտրոնի կողմից տրամադրվող «Մանրէների կենսատեխնոլոգիայի բնագավառում գիտահեն բարձրագույն կրթության կրթական ցանց» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

 

Դպրոցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել էքստրեմոֆիլ մանրէների կենսաբանությանն ու կենսատեխնոլոգիայում դրանց կիրառմանն առնչվող արդի հիմնախնդիրներին:

 

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը, որը միջազգային ամառային դպրոցի կազմակերպիչներից էր, մեզ հետ զրույցում ասաց, որ դրա աշխատանքներին մասնակցել են Նորվեգիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարբեր բուհերի ուսանողներ ու դասախոսներ:

 

 

«Ամառային դպրոցն ուսանողների համար կազմակերպել էր նաև գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ներկայացվել են մանրէների բազմազանության ուսումնասիրության ժամանակակից մոլեկուլային մեթոդներ»,- նշեց Հովիկ Փանոսյանը:

 

Նրա փոխանցմամբ, ամառային դպրոցի մասնակիցներն այցելել են նաև Խոջա-Օբի-Գարմ հանքային տաք աղբյուրներ՝ թերմոֆիլ մանրէների բազմազանության ուսումնասիրության համար նմուշառում կատարելու և տեղում նմուշները մշակելու նպատակով:

 

«Մանրէների բազմազանությունը և կենսատեխնոլոգիան» խորագիրը կրող միջազգային ամառային դպրոցի ընթացքում ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արմինե Մարգարյանն ու Հովիկ Փանոսյանը հանդես են եկել դասախոսություններով:

  

Վերջինիս տեղեկացմամբ, դպրոցի աշխատանքներին ակտիվ մասնակցել են նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ Ռազմիկ Պապիկյանը և Տաթև Ամիրխանյանը, որոնք զեկուցմամբ ներկայացրել են իրենց գիտական հետազոտությունների արդյունքները:

 

Ամառային դպրոցի կազմակերպիչ Հովիկ Փանոսյանի խոսքով, մասնակից ուսանողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու և շփվելու կենսաբանության բնագավառում միջազգային ճանաչում ունեցող գիտնականների հետ, ստանալու խորհրդատվություն իրենց հետազոտություններն ավելի արդյունավետ կազմակերպելու համար. «Նմանատիպ միջազգային ամառային դպրոցները ոչ միայն կարևոր են մասնագիտական գիտելիքների ամրապնդման և համալրման առումով, այլև հնարավորություն են ստեղծում միջմշակութային երկխոսության համար»:

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«K2-18 B» ԷԿԶՈՄՈԼՈՐԱԿԸ, ՈՐԻ ՎՐԱ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՋՈՒՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ԿԱՐՈՂ Է ԲՆԱԿԵԼԻ ԼԻՆԵԼ
Աստղագետները 2015 թ. առաջին անգամ ջուր են հայտնաբերել «K2-18 b» էկզոմոլորակի մթնոլորտում, որը պտտվում է կարմիր գաճաճ աստղի շուրջ և վերջինից «բնակելի» տարածության վրա է գտնվում, ինչը մեծացնում է մոլորակի վրա կյանքի առկայության հավանականությունը:
ՀԱՅՏՆԻ Է ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկելու է սեպտեմբերի 23-ին: