26.06.2017 | 
Հասարակություն
ԱՄԵՆԱՄՅԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ ԿՀԱՋՈՐԴԻ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆԱՄՅԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ ԿՀԱՋՈՐԴԻ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 24-ին ՊՆ ԴՕՍԱՖ-ում տեղի ունեցավ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի «Ամառային դպրոց-2017» ծրագրի բացման արարողությունը:

Այս տարի այն կրում է «Տարածաշրջանը և մենք» խորագիրը: «Վարդանանք» ակումբը տարիներ շարունակ իրականացնում է այս նախագիծը: Քննաշրջանը և ուսումնական տարին ամփոփելուց հետո վարդանանքցիներն ակտիվ մասնակցում են մեկշաբթյա այս դպրոցի աշխատանքներին: Համալսարանականների հետ հանդիպում են անվանի մտավորականներ, ռազմական գործիչներ, իրենց ոլորտում աչքի ընկնող առաջատար մասնագետներ, նրանց հետ քննարկում արդիական տարբեր թեմաներ:

Ամառային դպրոցի բացման արարողությանը ներկա էին գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ակումբի փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը և տարբեր սերնդի վարդանանքցիներ:

«Ամառային դպրոցի բացմանը նախորդել են հագեցած միջոցառումներ և իրադարձություններ: Առաջիկայում «Ամառային դպրոց»-ի շրջանակում նախատեսվում են հետաքրքիր հանդիպումներ և, իհարկե, արդեն ավանդույթ դարձած արցախյան ուխտագնացությունը»,- ողջույնի իր խոսքում նշեց «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:

Հունիսի 24-ին առաջին հանդիպումը տեղի ունեցավ բժիշկ, Արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գրիգորյանի հետ: Վերջինս Արցախյան գոյամարտի տարիներին ևս իրականացրել է իր մասնագիտական պարտքը: Հանդիպման ընթացքում Գևորգ Գրիգորյանը պատմեց «Սպիտակ» ջոկատի կազմում իր փրկարարական աշխատանքների, ինչպես նաև Արցախյան պատերազմի, հոսպիտալում աշխատած ամիսների, գերության մեջ անցկացրած ժամանակահատվածի, Թաթուլ Կրպեյանի մասին, ում անձամբ բախտ է ունեցել ճանաչելու: Հանդիպման ավարտին ներկաները ուղղեցին իրենց հուզող հարցերը:

Նշենք նաև, որ հունիսի 25-ին էլ տեղի ունեցավ «Ամառային դպրոց 2017»-ի երկրորդ հանդիպումը: Բանախոսը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ, նժդեհագետ Արմեն Սարգսյանն էր: Նա հետաքրքիր մանրամասներով և փաստարկումներով վարդանանքցիներին ներկայացրեց Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը:

 

Հավելենք, որ «Ամառային դպրոց-2017»-ի շրջանակում հայտարարվել է նաև էսսեների մրցույթ: Լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն և կստանան խրախուսական մրցանակներ:
                                                                                                         

Այլ նորություններ
ԲԱՔՎԻՑ՝ ԱՄՆ. ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ-ում համալսարանականները հանդիպեցին ամերիկահայ գրող, դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ
Համալսարանականների հյուրն էր Մոսկվայում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իստիար Տաբոադան: