15.09.2021 | 
Հասարակություն
ԱՌԱՎԵԼ ԻՐԱԶԵԿ ՈՒ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՌԱՎԵԼ ԻՐԱԶԵԿ ՈՒ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր ամփոփվել է ֆակուլտետի ՈՒԽ-ի կողմից կազմակերպված «Իրավունքի ամառային դպրոց» ծրագիրը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն նախաձեռնել և իրականացրել է «Իրավունքի ամառային դպրոց» ծրագիրը, որի ընթացքում իրավունքով հետաքրքրված աշակերտների և Իրավագիտության ֆակուլտետ ընդունված ուսանողների համար անցկացվել են իրավական տարբեր թեմաներով դասընթացներ։

 

Երկշաբաթյա ամառային դպրոցի նպատակն աշակերտներին իրավական մշակույթին հաղորդակից դարձնելն էր, որին նպաստել են ֆակուլտետում սովորող ուսանողները՝ հանդես գալով որպես բանախոսներ:

 

 

Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են պետության և իրավունքի տեսություն, դատական համակարգի գործունեություն, իրավունքի տարբեր ճյուղեր և ձեռք են բերել հմտություններ՝ իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց, որ դպրոցին մասնակցել է շուրջ 80 հոգի, իսկ դասընթացներն անցկացվել են հեռավար և առկա տարբերակներով. «Դասընթացի ավարտին կազմակերպել ենք քննություն՝ ստուգելու մասնակիցների ստացած գիտելիքները, որի արդյունքում, ըստ հավաքած միավորների, 34 մասնակից այսօր ստանում է հավաստագիր»:

 

 

«Իրավունքի ամառային դպրոց» ծրագրի փակման արարողության ժամանակ Գոհար Ավագյանը նշեց, որ ծրագրի ընթացքում մասնակիցները յուրացրել են բազային այն գիտելիքները, որոնք հետագայում պետք են գալու իրավունքների ու շահերի պաշտպանության տեսանկյունից. «Մենք շատ ուրախ ենք, որ այս ծրագրի շնորհիվ կարողացել ենք մասնակիցներին շատ ավելի իրավագիտակից քաղաքացի դարձնել»:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, շնորհավորելով միջոցառման մասնակիցներին, փաստեց, որ ամառային դպրոցը ֆակուլտետի ՈԻԽ-ի ակտիվ գործունեության հերթական դրսևորումն է: Նրա խոսքով, ծրագիրը ստացված է, եթե մասնակիցները ստացել են նոր գիտելիքներ, կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, և եթե արդարացվել են նրանց սպասելիքները:

 

 

«Կարծում եմ, որ դասընթացի ընթացքում ստացել եք այնպիսի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են լինելու ձեր ամբողջ կենսագործունեության ընթացքում՝ անկախ ընտրած մասնագիտությունից: Իսկ եթե ընտրեք իրավաբանի մասնագիտությունը, ապա ստացած գիտելիքները հիմք կծառայեն, որպեսզի արդեն առնվազն իրավունքի վերաբերյալ ընդհանուր պատկերացումներով մտնեք լսարան»,- ասաց դեկանը:

 

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ ամառային դպրոցի ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ֆակուլտետի ուսանողները՝ փաստելով, որ այդ փորձառության շնորհիվ նրանք էլ են նոր հմտություններ ձեռք բերել, որոնք պետք կգան իրենց հետագա գործունեության ընթացքում: Գագիկ Ղազինյանն առաջարկեց հարցում անցկացնել մասնակիցների շրջանում՝ պարզելու ծրագրի արդյունավետությունը, և դրա դրական արդյունքի դեպքում այն դարձնել պարբերական:

 

 

Ծրագրի մասնակից Մհեր Փանյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին և բանախոսներին, ապա հիշելով նրանց խոսքը, թե չկա իրավունք առանց պարտականության, հավելեց, որ չկա արդյունք առանց աշխատանքի. «Այս դեպքում՝ փոխադարձ աշխատանքի: Եթե մեր բանախոսները լավը չլինեին ու չօժտեին նոր գիտելիքներով, մեզնից և ոչ ոք ցանկալի արդյունքի չէր հասնի»:

 

Ծրագրի ամփոփման ավարտին ամառային դպրոցի այն մասնակիցները, որոնք հաջողությամբ հաղթահարել էին քննության փուլը, ստացան հավաստագրեր:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
Այսօր մեկնարկել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը: