15.02.2018 | 
Կրթություն
ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ «ERASMUS+»-ԻՑ
ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ «ERASMUS+»-ԻՑ
Այսօր ԵՊՀ-ում էին համախմբվել հայաստանյան և արտասահմանյան մի շարք բուհերի ներկայացուցիչներ «ERASMUS+»-ի հերթական նախագծի քննարկման համար:

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Որակի ապահովման կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկեց «Փոփոխու­թյուն լսա­րանում. նորարա­րա­կան դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փոր­ձա­ռու­թյան բարելավման նպատակով» նախագծի մեկնարկային համաժողովը:

 

ԵՊՀ-ի կողմից ներկայացված  նախագիծը Եվրահանձնաժողովի «ERASMUS+» ծրագրի շրջանակներում արժանացել է հավանու­թյան և ստացել եռամյա ֆինանսավորում՝ 2018-2020 թթ. համար:

 

Համաժողովին ներկա էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, «Erasmus+»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան, բուհերի ներկայացուցիչներ և փորձագետներ:

 

«Ներկայումս եվրոպական բարձրագույն կրթության ոլորտը գլոբալ փոփոխությունների է ենթարկվում: Ժամանակի մարտահրավերները պահանջում են նոր մոտեցումներ և լուծումներ, որոնք էապես կփոխեն նորարա­րա­կան դասավանդման և ուսումնառության նոր մեթոդների կիրառման գործընթացները»,- ասաց Արամ Սիմոնյանը և արդյունավետ աշխատանքային օր մաղթեց համաժողովի մասնակիցներին:

 

Նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդ­ման և ուսում­­նառության մեթոդների զարգացմանը և նորա­րա­րությանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։ Ժամանակակից աշխարհում սա գերխնդիր է նաև բարձրագույն կրթության գլոբալ համակարգում։

 

ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը ներկայացրեց նախագծի առաքելությունը, համակարգման աշխատանքներն ու ակնկալվող արդյունքները: Բանախոսն ընդգծեց, որ հիմնական նպատակն է բարելավել ուսանողի ուսումնական փորձառությունը գործըն­կեր երկրնե­­րում և օժանդա­կել դասավանդ­ման և ուսումնառության զարգացմանն ու նորա­րա­րությանը, աջակցել դասավանդման տեխնոլո­գիա­ների և հետազո­տու­թյան ին­տե­գրացիային, ինչպես նաև լավագույն փոր­ձի տարածմանը:

 

Կազմակերպիչների հավաստմամբ՝ նշված նպատակին հասնելու համար կիրականացվեն մի շարք գործընթացներ՝ ուղղված դասախոսների վերապատրաստման կենտրոնների հզորացմանը, գործընկեր բուհերի դասախոսական կազմի կարո­ղու­թյուն­նե­րի բարձրացմանը՝ զարգացնելով նրանց դասավանդման նորարա­րա­­կան հմտությունները:

 

 

Նախատեսվում է նաև հիմնել դասավանդման և ուսումնառության վիրտուալ ակադեմիա՝ որպես դա­սա­­խոսների և ուսանող­նե­րի կարողությունների զարգացման վիրտուալ հարթակ։

 

Հավելենք, որ նախագծի գործընկերներն են Հայաստանի, Վրաստանի, Բելա­ռու­­սի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Ավստ­րիա­յի մի շարք առաջատար համալսարան­ներ, որոնց ներկայացուցիչները համաժողովի ընթացքում հանդես եկան զեկուցումներով:

 

Հայաստանյան կողմից ծրագիրը համակարգում է ԵՊՀ որակի ապահովման կենտրոնը՝ ի դեմս կենտրոնի ղեկավար Արմեն Բուդաղյանի և առաջատար մասնագետ Մարի Սանթուրջյանի:

 

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը:

 

Այլ նորություններ
«ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ, ՕՐ 2-ՐԴ
Հայաստանի ամերիկյան համալսարնում շարունակվում է «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը:
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Եթե ես լինեի ուսանող և ունենայի այսպիսի լայն-լայն-լայն ընտրության հնարավորություններ, ամենայն հավանականությամբ, կմնայի հասարակագիտության ոլորտում»: