08.07.2019 | 
Կրթություն
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ 69-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ 69-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ, Ա. Սիսակյանի անվան հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի կրտսեր գիտաշխատող Սուսաննա Գագինյանը հունիսի 29-ից հուլիսի 6-ը մասնակցել է Գերմանիայի Լինդաու քաղաքում կայացած՝ ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակակիրների 69-րդ համաժողովին («69th Lindau Nobel Laureate Meeting»):

Մեզ հետ զրույցում Սուսաննա Գագինյանը պատմեց, որ համաժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից 580 երիտասարդ գիտաշխատող և 40 Նոբելյան մրցանակակիր: Սուսաննա Գագինյանը համաժողովին մասնակցել է Գիտության կոմիտեի աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Նշենք, որ համաժողովի միակ հայ մասնակիցը եղել է ԵՊՀ ասպիրանտը:

 

Համաժողովի ընթացքում Նոբելյան մրցանակակիրները ներկայացրել են իրենց գիտական աշխատանքները, որից հետո շփվել են երիտասարդ գիտաշխատողների հետ: Հանդիպումների ընթացքում Նոբելյան մրցանակակիրները պատասխանել են երիտասարդ գիտնականներին հետաքրքրող տարաբնույթ հարցերին:

 

 

Երիտասարդ գիտնականների և Նոբելյան մրցանակակիրների անհատական շփումների նպատակով կազմակերպվել են նաև ճաշ և զբոսանք: Երիտասարդ մասնակիցները նախապես նշել են, թե համաժողովին մասնակից որ Նոբելյան մրցանակակրի հետ են ցանկանում ճաշել և զբոսնել: Սուսաննա Գագինյանն ասաց, որ ինքը ճաշել է Նոբելյան մրցանակակիր Ա. Բ. Մքդոնալդի (Arthur B. McDonald) հետ, որը հայտնագործել է նեյտրինոյի օսցիլացիան, ինչը ցույց է տվել, որ նեյտրինոն ունի զանգված:  

 

 

ԵՊՀ կրտսեր գիտաշխատող Ս. Գագինյանը, խոսելով իր տպավորությունների մասին, նշեց, որ Նոբելյան մրցանակակիրների հետ շփման ընթացքում ստացել է նոր գիտելիքներ, որոնք իրեն կծառայեն մասնագիտական ոլորտում գիտական աշխատանքներ իրականացնելիս:

 

 

Ըստ Սուսաննայի՝ համաժողովին մասնակցելու առավելություններից էր այն, որ նա ձեռք է բերել ֆիզիկայի բնագավառում բազմաթիվ նոր ընկերներ, որոնց հետ հետագայում ակնկալում է համագործակցել: 

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

    

Այլ նորություններ
«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է «Բրենդի կառավարում» հեղինակային առաջին գրքերից մեկը: Ավելի քան տասը տարի ԵՊՀ-ում դասավանդող տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք իր գործունեության և հեղինակած գրքի մասին:
«…ՈՐՊԵՍԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄՈՏ ԼԻՆԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ, ԳԻՏԵԼԻՔԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող մասնագիտական կողմնորոշման նպատակով փոխայցելությունները շարունակվում են։ Այս անգամ աշակերտները եղել են համալսարանում, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտը՝ դպրոցում։