14.07.2017 | 
Գիտություն
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
Ավելի քան 10 երկրների 50-ից ավելի գիտնականներ հավաքվել են Երևանում՝ քննարկելու ֆիզիկայում սիմետրիայի մեթոդների ուսումնասիրման վերջին ձեռքբերումները:

Այսօր ամփոփվեց ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի համատեղ կազմակերպած «Symmetry Methods in Physics» խորագրով միջազգային գիտաժողովը, որի մեկնարկը տրվել էր հուլիսի 9-ին:

 

Երկու տարին մեկ անցկացվող գիտաժողովի սկիզբը դրվել է դեռևս 1993 թ.-ին Դուբնայի համալսարանում: Տարիների ընթացքում այն, Դուբնայից բացի, անցկացվել է նաև Չեխիայում, իսկ վերջին տարիներին գիտաժողովը «հանգրվանել է» Հայաստանում: Միջազգային 17-րդ գիտաժողովին մասնակցելու համար այս տարի Երևան են ժամանել գիտնականներ ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Ռումինիայից, Բելառուսից և այլն:  

 

«Այս տարի որոշեցինք գիտաժողովն անցկացնել մեկ սեկցիայով, որպեսզի բոլորը բոլորին կարողանան լսել: Ունենք տարբեր տևողությամբ զեկուցումներ: Կարևոր է, որ հայ մասնագետներն էլ են մասնակցում: Այստեղ մարդիկ գտնում են համախոհներ, նույն թեմաների ուղղությամբ աշխատող գործընկերներ, գիտական շփումներ են լինում, որոնք վերածվում են գործնական համագործակցության»,- ասում է ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Պողոսյանը:

 

 

 

Մեքսիկայի ազգային համալսարանի ֆիզիկական գիտությունների կենտրոնի պրոֆեսոր Քուրտ Բերնարդո Վոլֆը հայ գիտնականների հետ աշխատանքի բավականին հարուստ փորձ ունի. աշխատել սկսել է դեռևս խորհրդային ժամանակներից. «Այս պահին էլ պարոն Պողոսյանի հետ համատեղ աշխատանք ունենք: Իհարկե, մեր օրերում բավականին բարդ է տեսական ֆիզիկայի վերաբերյալ այնպիսի հոդված գրել, որ մարդկանց մեծամասնության ուշադրությանն արժանանա, բայց ունենք այնպիսի ուղղություններ, որտեղ ուսումնասիրելու շատ բան կա»:

 

Դուբնայի Բոգոմոլովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող Սերգեյ Վինիցկին ևս հայ ֆիզիկոսների հետ շատ վաղուց է աշխատում, այս գիտաժողովի մշտական մասնակիցներից է, վերջերս էլ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում արժանացել է պատվավոր պրոֆեսորի կոչմանը:

 

«Սա շատ լավ հարթակ է տարբեր գիտական կենտրոններում կատարված գիտական հետազոտությունների վերջին արդյունքներին ծանոթանալու, գործընկերներ գտնելու  համար: Շուրջ 10 տարի առաջ եմ ծանոթացել Հայկ Սարսիկյանի և Հայկ Ղազարյանի հետ և մինչ օրս էլ միասին զբաղվում ենք նանոտեխնոլոգիաներում քվանտային կետերի կիրառման հետազոտություններով: Այս գիտաժողովում էլ հենց մեր ստացած վերջին արդյունքներն ենք ներկայացրել»,- ասում է պարոն Վինիցկին:

 

Նշենք, որ սկսած 2011 թ.-ից՝ գիտաժողովին կից անցկացվում է նաև ամառային դպրոց, որին մասնակցում են ուսանողներ Հայաստանից և տարբեր երկրներից, դասախոսների մի մասն էլ հենց գիտաժողովի մասնակից գիտնականներն են լինում: Այս տարի ամառային դպրոցը կմեկնարկի հուլիսի 16-ին Ծաղկաձորում:

Այլ նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Հունիսի 27-ից հուլիսի 4-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կազմակերպել էր «Մաթեմատիկա և կիրառություններ» թեմայով չորրորդ ամառային դպրոցը:
ԲԱՅՐՈՆԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ 200 ՏԱՐՎԱ ՀԵՌՎԻՑ
Աշխարհի տարբեր անկյուններից բայրոնագետները հավաքվել են Հայաստանում՝ ևս մեկ անգամ վերլուծելու և մեկնաբանելու նրա՝ հայերի հետ ունեցած առնչությունները: