18.10.2006 | 
Հասարակություն
«ԵՂԻՇԵԻՑ ԵՂԻՇԵ»` ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ
«ԵՂԻՇԵԻՑ ԵՂԻՇԵ»` ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ
Հայաստանում չկա որեւէ գիտական կոչում, որ մեծանուն գրականագետ Հրանտ Թամրազյանին շնորհված չլինի:

Գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ երկարամյա դասախոս, հայ նորագույն գրականության ամբիոնի հիմնադիր-վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի 80-ամյակը Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը նշում է մեծ շուքով: Հոկտեմբերի 17-ին մեկնարկեց Հրանտ Թամրազյանին նվիրված եռօրյա գիտաժողովը: Նա 45 մենագրությունների, 400 գիտական հոդվածների, տասնյակ դպրոցական եւ բուհական դասագրքերի հեղինակ է:

Նա ուղղորդել է գրականագիտական քննադատական միտքը, նա ճակատամարտ է տվել գեղագիտական իրական արժեքների համար, նա առաջինն է կազմակերպել «Չարենցյան ընթերցումներ» գիտաժողովը, որի նյութերը հետագայում լույս են տեսել 7 հատորով: «Նա ջարդուփշուր է արել այդ ժամանակ տարածված գրական կաղապարները, ուսումնասիրել է հայ գրականությունը «Եղիշեից Եղիշե»: Նա առանձնանում էր մյուսներից ոչ միայն նյութի խոր իմացությամբ, այլեւ գեղագիտական վերլուծականությամբ», իր խոսքում այսպես ընդգծեց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը:

«Մանկությունից սկսած մինչեւ սրտի վերջին բաբախյունը լեցուն էր կյանքով: Գնահատում էր ճշմարիտը եւ գեղարվեստականությունը»,-ասաց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:

Հրանտ Թամրազյանը ծնվել է 1926-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: 1943 թ-ին ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ: «Զարմանալի չէ, որ հենց նա, ում գյուղում վստահում էին թերթերի եւ հարազատների նամակների բարձրաձայն ընթերցումը, համարձակվել էր այրող խարույկից փրկել, առանձնացնել Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» եւ Ակսել Բակունցի «Սեւ ցելերի սերմնացանը» արգելված գիրքերը»,-ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Այդ գրքերն էին, որ բերել էր Երեւան, եւ գաղտնի ընթերցում ու քննարկում էին ուսանողական տարիներին իր մտերիմ դասընկերների` Պարույր Սեւակի, Վահագն Դավթյանի, Էդվարդ Ջրբաշյանի եւ ուրիշների հետ:

Մտերիմները, բացի Հրանտ Թամրազյանի գիտական վաստակի մասին խոսելուց, հուշեր պատմեցին նրա մասին: Ակադեմիկոս Հովհաննես Բարսեղյանը հիշեց, որ նրա առատաձեռնությունը չափ չէր ճանաչում. կարող էր մեկ օրվա ընթացքում գրքի հրատարակության համար ստացված ողջ հոնորարը ծախսել ու բաժանել անծանոթներին:

Այլ նորություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով ուսումնական և գիտական ոլորտներում ամրապնդելու սերտ կապերը:
ԱՎԵՏԵԼՈՎ ԳԱՐՆԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ․ ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ «ՄԱՍԼԵՆԻՑԱ»-Ն
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր տոնում էին ռուսական ազգային «Մասլենիցա»-ն, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։