Գայանե Մկրտչյան, Շուշան Բայրամյան, Արտյոմ Բալոյան, Վահագն Վարդանյան, Վահան Ստեփանյան: Ահա ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի այն ուսանողները, ովքեր այս ուսումնական տարվա ընթացքում կստանան ՌԴ ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի կողմից սահմանված կրթաթոշակը: Ինստիտուտի տնօրեն Վիկտոր Իվաննիկովի նախաձեռնությամբ տրվող կրթաթոշակը այս տարի հանձնվում է առաջին անգամ: Ու թեպետ ընտրված ուսանողների անունները հայտնի էին դեռեւս սեպտեմբերին, կրթաթոշակի վկայագրերի հանձնման արարողությունն անցկացվեց այսօր: ԵՊՀ եւ ՌԴ ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի համագործակցությունն սկսվել է շատ ավելի վաղ: 2009-ի հոկտեմբերից ԵՊՀ-ում գործում է Համակարգային ծրագրավորման լաբորատորիա, որը բացվել է ինստիտուտի եւ ԵՊՀ-ի միջեւ կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Վատառողջ լինելու պատճառով Վիկտոր Իվաննիկովը միջոցառմանը ներկա չէր: Կրթաթոշակի հիմնական նպատակների մասին խոսեց ՌԴ ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի գիտական քարտուղար Հարություն Ավետիսյանը: «Թե՛լաբորատորիայի եւ թե՛ կրթաթոշակի հիմնական նպատակը ԵՊՀ-ի միջոցով Հայաստանում համակարգային ծրագրավորման ճյուղը զարգացնելն է: Պատահական չէ, որ բոլոր ուսանողները ԵՊՀ-ից են:
Մենք համոզված ենք, որ երբ տարիներ անց այս երիտասարդները դառնան դասախոսներ, այսօրվա կրթաթոշակի դրական արդյունքները կզգացվեն նաեւ կրթական համակարգում»,- նշեց Հարություն Ավետիսյանը: Կրթաթոշակը տրվում է 9 ամսով, բացառապես ԵՊՀ ուսանողներին: 75 հազար դրամի չափով գումարը ինչ-որ տեղ նաեւ աշխատավարձ է ուսանողների համար. ինստիտուտի կողմից անցկացվող մրցույթի արդյունքում ընտրված 5 ուսանողները պարտավորվում են կրթաթոշակն ստանալու ընթացքում գիտահետազոտական գործունեություն ծավալել ԵՊՀ համակարգային ծրագրավորման լաբորատորիայում: 9 ամսվա գիտական գործունեության վերջում ուսանողները պետք է ավարտական աշխատանք ներկայացնեն: Կրթաթոշակի արժանացած ուսանող Վահան Ստեփանյանն ուրախ է, որ ԵՊՀ համակարգային ծրագրավորման լաբորատորիան մասնագիտացած է մի ոլորտում, որը Հայաստանում, մեղմ ասած, զարգացած չէ:
«Այսօր ԵՊՀ-ում տրվող կրթությունը ուսման ընթացքում որեւէ կոնկրետ ոլորտում մասնագիտանալու հնարավորություն չի տալիս: Կրթաթոշակը հրաշալի հնարավորություն է տվյալ ոլորտում խորանալ ցանկացող երիտասարդների համար. մի կողմից լաբորատորիայի հետ համագործակցությունը կօգնի մասնագիտանալ դեռեւս ուսումնառության տարիներին, իսկ հատկացվող նյութական օժանդակությունն ստեղծում է համապատասխան պայմաններ, որպեսզի ուսանողները ստիպված չլինեն զբաղվելու ոլորտի` մեր երկրում ավելի շատ վճարվող այլ աշխատանքով»,- ասում է Վահան Ստեփանյանը: Կրթաթոշակի արժանացած ուսանողների վկայագրերը հանձնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Նյութական աջակցությունից ավելի, կարծում եմ, կրթաթոշակը կարեւոր է հոգեբանական տեսանկյունից. ուսանողները համոզվում են, որ իրենց արած գործը խրախուսվում է: Այս առումով երիտասարդ ուսանող գիտնականների հետ ինստիտուտի այսօրինակ աշխատաոճը միանշանակ արժանի է գովեստի եւ ընդօրինակման»,- ասաց ԵՊՀ ռեկտորը` խոստանալով ամեն կերպ աջակցել ԵՊՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը: