12.02.2020 | 
Կրթություն, Հասարակություն
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ․ «ՏՕՊԱՍ» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ․ «ՏՕՊԱՍ» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «ՏՕՊԱՍ»-ի (TOPAS- From Theoretical-Oriented to Practical education in Agrarian Studies) «Տեսական ուղղվածությունից գործնական կրթությանը նվիրված Ագրարային կրթության» ծրագրի հերթական խորհրդակցությունը։

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Հայաստանում «Erasmus+» գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, «ՏՕՊԱՍ» ծրագրի ղեկավար պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերը, ՀԱԱՀ-ում «ՏՕՊԱՍ»-ի համակարգող Գարեգին Համբարձումյանը, ներկայացուցիչներ Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի համալսարաններից, ՀՀ տարբեր կազմակերպությունների տնօրեններ ու աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, ԵՊՀ-ում «ՏՕՊԱՍ» ծրագրի համակարգող Արամ Առաքելյանը, որը նշեց՝ խորհրդաժողովը նպատակ ունի քննարկում ձևավորելու հիմնականում գյուղատնտեսության ոլորտում տեսական կրթության և դրա արդյունքների կիրառության վերաբերյալ։



«Գործնականում ուսանողների տեսական գիտելիքների կիրառմանը նպաստող այս ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին։ Սա 6-րդ հանդիպումն է»,- նշեց ամբիոնի վարիչը։

Ա․ Առաքելյանն ասաց, որ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները հավաքագրվում են և շուտով պատրաստ կլինեն ներկայացման։ Եզրափակելով իր խոսքը՝ նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։

Ներկաներին ողջունեց պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ու ասաց՝ ուրախ է այս տեղեկատվական աշխատաժողովի կազմակերպման համար, որն իրականացվում է «Erasmus+» ծրագրի շրջանակում։

«Ինչպես ցույց են տալիս շրջանավարտների հարցումներն ու կրթական ծրագրերի մշտադիտարկումները, շրջանավարտները հիմնականում դժգոհում են գործնական գիտելիքների պակասից, և այդ բացը կարող է լինել լրացված, եթե ուսուցումը հիմնված լինի աշխատանքի վրա»,- նշեց Է․ Ասրիյանը։



Նա վստահություն հայտնեց, որ այսօրինակ աշխատաժողովները լուծումներ կառաջարկեն բացը լրացնելու համար, և ներկաներին մաղթեց արդյունավետ աշխատանք։
Ռալֆ Շլաուդերերը նույնպես հանդես եկավ բացման խոսքով՝ նշելով, որ ուրախ է ծրագրի վերջում հանդիպել հենց Երևանի պետական համալսարանում։

«Մեր ընտրած թեման շատ արդիական է։ Հզոր գյուղատնտեսություն ունենալու համար նախ պետք է ունենալ խորը գիտելիքներ և պատրաստված կադրեր։ Ցանկալի է, որ այս ոլորտն ուսումնասիրողներն ուսումնառության ընթացքում սերտ կապեր հաստատեն արտադրական ընկերությունների հետ գործնական հմտություններ ձեռք բերելու համար»,- ասաց նա։



Պրոֆեսորը նշեց, որ այսօրվա թեմաները վերաբերում են ուսանող և արտադրող համագործակցությանը, տվյալների հավաքագրմանն ու ոչ թե վիճակագրական տեղեկատվության, այլ ձեռնարկություններից սեփական փորձով ձեռք բերված տվյալների հետ աշխատանքին։

Ռալֆ Շլաուդերերը խոսեց նաև ուսուցման մեթոդների փոփոխության, բարելավման անհրաժեշտության մասին, պատմեց իրենց կողմից մշակված, բոլորի համար հասանելի առցանց դասընթացի մասին։

Հայաստանում «Erasmus+» գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ողջունելով ներկաներին, ասաց, որ ուրախ է խորհրդաժողովին ներկա գտնվելու համար:



«Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի գործընկերների համար միմյանցից և եվրոպական գործընկերներից սովորելու համար։ Այս ծրագիրը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ կարող է լինել համալսարանների ու ձեռնարկությունների միջև համագործակցությունը»,- նշեց նա։

Լ․ Կառլովան նշեց, որ սա ծրագիր է այն մասին, թե ինչպես են տեսական գիտելիքները վերածվում գործնական հմտությունների։

Ողջույնի խոսքերից հետո Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, ԵՊՀ-ում «ՏՕՊԱՍ»-ի համակարգող Արամ Առաքելյանը պանելային քննարկումների հրավիրեց ՀՀ տարբեր արտադրական ընկերությունների ներկայացուցիչների և ոլորտին առնչվող դասախոսների, որոնք պատասխանեցին ներկաների՝ ուսանողների պրակտիկային, հետագա աշխատանքին ու պահանջվող հմտություններին վերաբերող հարցերին։



Պանելային քննարկումներից հետո «ՏՕՊԱՍ»-ի թիմի անդամները հանդես եկան իրենց ելույթներով ու ներկայացրին ծրագրի ընթացքում իրենց կատարած աշխատանքը։

Այլ նորություններ
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 3-ին տեղի ունեցավ վիրտուալ շրջայց Հայաստանի պատմության թանգարանում։ Էքսկուրսիան անցկացրեց թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Լիլիթ Հովհաննիսյանը:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: