25.05.2017 | 
Քաղաքականություն
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԲՈՒՀԵՐԸ
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԲՈՒՀԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ-ն հյուրընկալել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի պատվիրակությանը:

Վրացական բուհի պատվիրակությունը մայիսի 24-ին Հայաստան է ժամանել հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Երկու բուհերի ռեկտորները հանդիպել և քննարկումներ են ունեցել այցի հենց առաջին օրը, իսկ այսօր դեսպանատանը նրանց հյուրընկալել էր ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն:

 

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ներկա համագործակցությունից բացի, քննարկվեցին նաև մի շարք ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն մոտ ապագայում:   

 

Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն, խոսելով երկու բուհերի բարեկամության մասին, մտովի տեղափոխվեց 20-րդ դարասկիզբ՝ 1918 թ., երբ հիմնադրվում էր իրենց համալսարանը: Հենց առաջին ուսումնական պլանում ներառված էր «Հայագիտություն» առարկան: Հետագայում ևս բուհում բացվել է Հայոց լեզվի ամբիոն, դասավանդվել է հայոց լեզու, հայոց պատմություն, այնտեղ են աշխատել հայտնի հայագետներ Շանիձեն և Ալեքսիձեն այլն: Տարիներ շարունակ ակտիվ է եղել համագործակցությունը նաև բնական գիտությունների ոլորտում՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և այլն:  

 

 

«Մենք, բացի բարեկամ երկրներ լինելուց, նաև հարևաններ ենք, ինչը թույլ է տալիս ավելի շատ համագործակցության եզրեր գտնել: Արդեն նախանշել ենք որոշ ուղղություններ, որոնցով պետք է աշխատենք: Երկու կողմից էլ շատ լավ ներուժ ունենք և նախատեսում ենք նաև համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնել: Մեր երկու բուհերն էլ իրականացնում են «Erasmus+»-ի ծրագրեր, ինչի արդյունքում ակտիվանում է ուսանողների շարժունությունը»,- նշեց Գեորգի Շարվաշիձեն՝ խոսելով ԵՊՀ-ի հետ երկար տարիների աշխատանքի մասին: 

 

«Մեր դեսպանատունը համալսարանի հետ բարեկամական հարաբերություններ ունի: Ես՝ որպես դեսպան, Երևան եմ եկել անցած տարվա օգոստոսին: Եվ այդ ժամանակ անմիջապես այցելեցինք համալսարան, ծանոթացանք, քննարկեցինք հնարավոր համագործակցության հեռանկարները: Իսկ հենց այս տարվա սկզբին կատարեցինք գործնական առաջին քայլը՝ հրատարակեցինք հայտնի վրացագետ Հրաչյա Բայրամյանի գիրքը, որում տեղ էին գտել վրաց դասականների գործերի թարգմանությունները: Այդ գրքի շնորհանդեսն էլ արեցինք հենց համալսարանում»,- պատմում է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն:  

 

Պարոն Սագանելիձեի խոսքերով՝ համաձայնություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ այս ամռանը վրացերեն ուսումնասիրող 20-ից ավելի ուսանողներ Վրաստանում կմասնակցեն ուսանողական երկշաբաթյա ճամբարին, որտեղ կզուգորդվեն հանգիստն ու պրակտիկան:

 

Երկու բուհերի միջև կապերը միայն կրթագիտական չեն, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև այս տարվա ավարտին համատեղ սպարտակիադա կազմակերպելու մասին: Հայ և վրացի ուսանողներն իրենց ուժերը կփորձեն շախմատում, ֆուտզալում և այլ մարզաձևերում:

 

«Մենք Թբիլիսիի պետական համալսարանի հետ վաղուց համագործակցում ենք, այս պահին էլ մեր սոցիոլոգների հետ ունենք համատեղ ծրագրեր: Կարծում եմ՝ այս հանդիպումը զարկ կտա նոր մասնագիտությունների գծով, նոր ուղղություններով շփումներին: Մենք արդեն ծրագրել ենք բնագիտության ոլորտում ավելի սերտ համագործակցություն: Նաև պետք է շարունակենք այն աշխատանքները, որոնք իրականացնում ենք հայագիտության, հնագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության և այլ ոլորտներում»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:   

 

Նշենք, որ Հայաստանում են նաև Թբիլիսիի պետական համալսարանի երգչախումբն ու պարային անսամբլը, որոնք համերգային ծրագրով այսօր հանդես կգան Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում: Համերգային կատարումներով նրանց կմիանա նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնը:

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակության հանդիպումը Մայր բուհի սոցիոլոգիայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության ֆակուլտետների դեկանների հետ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՑ
Այսօր ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի պատվիրակությանը: