14.11.2014 | 
Հասարակություն
ՀԵՌՈՒՍՏԱՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ
ՀԵՌՈՒՍՏԱՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ
Այսօր ապագա լրագրողների հետ հանդիպում ունեցավ հայտնի լրագրող, հեռուստավերլուծաբան Արմեն Դուլյանը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա էին տարբեր կուրսերի ուսանողներ: Նրանք հյուրից ստացան ինչպես իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, այնպես էլ ստացան hեռուստաժուռնալիստիկայի արդի հիմնահարցերի, գործնականում մասնագիտական հմտությունների ճիշտ օգտագործման սկզբունքների ու հեռուստաեթերի գաղտնիքների վերաբերյալ խորհուրդներ:

 

Արմեն Դուլյանը, ողջունելով ուսանողներին, նշեց, որ միշտ ուրախ է հանդիպել լրագրող դառնալ ցանկացող ուսանողների հետ ու հավելեց, որ պատրաստ է իր մասնագիտական փորձը փոխանցել նրանց` գործնականում այն առավել պրոֆեսիոնալ կիրառելու համար:

 

Հանդիպման հյուրը նախ անդրադարձավ հեռուստաեթերի ներկայիս վիճակին և փաստեց, որ այսօր, ինչ տեղի է ունենում մասս մեդիայում, պարզապես ցավալի է: Այնուհետև ավելացրեց, որ դրանցում հիմնական մեղավորները ոչ այնքան լրագրողներն են, որքան «վերևից եկող» ճնշումները: Արմեն Դուլյանը չբացառեց նաև, որ նույն վիճակը տիրում է նաև խոշոր պետություններում:

 

Ուսանողներից մեկի այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ հեռուստատեսություն մուտք գործելու համար, հեռուստավերլուծաբանը պատասխանեց. «Սկսնակ լրագրողը նախևառաջ պրոֆեսիոնալ լրագրություն մուտք գործելուց առաջ պետք է իմանա ժուռնալիստիկայի այբուբենը: Պետք է կարողանալ առաջնայինը տարանջատել երկրորդականից: Հեռուստատեսության մեջ հմտանալու համար նախ պետք է սկսել լրատվությունից: Տեսե՛ք, թե ինչ է այժմ կատարվում ԶԼՄ-ներում ամենուր տեսնում ենք նյութեր, որոնք չունեն հանդիսատեսի, ունկնդրի կամ ընթերցողի հարցերի պատասխանները: Հիմնավորված ինֆորմացիան պետք է պատասխանի 5 հիմնական հարցերին (ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, ինչո՞ւ, ինչպե՞ս)»,- նշեց լրագրողն ու խորհուրդ տվեց ժուռնալիստիկան սկսել պարզ լրատվությունից ու մշտապես նախաձեռնողականություն դրսևորել, քանի որ այն լրագրողական կարիերա ստեղծելու լավագույն ձևերից մեկն է:

 

«Կենտրոն» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը ապագա լրագրողներին ներկայացրեց նաև օրինակներ տարբեր տարիների իր աշխատանքային գործունեությունից: Բերեց օրինակներ, որոնք իրեն ոչ միայն հաջողություն, այլև մասնագիտական մեծ վերելքների են հասցրել: Դուլյանական ժեստային ոգևորությամբ նա անդրադարձավ նաև աշխատանքային բանավեճերին, լրագրողների սկզբունքայնությանը, սոցիալական ցանցերում նրանց թույլատրելի և անթույլատրելի գրառումներին, հրապարակվող սենսացիոն նյութերի աղբյուրների բացահայտմանը և այլն:

 

«Յուրաքանչյուր լրագրող իր նոթատետրում պետք է գրված ունենա իրեն համապատասխան սկզբունքները: Ճիշտ է, դժվար է դրանով շարժվելը, բայց եթե դուք ունենաք այդ սկզբունքները և աշխատեք դրանք մշտապես լրագրության մեջ առաջ տանել, ես համոզված եմ, որ այնուամենայնիվ այդ լրատվական դաշտը հենց ձեր շնորհիվ կլավանա»,- եզրափակեց Արմեն Դուլյանը:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։