16.12.2019 | 
Հասարակություն
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում այսօր «Արցախյան հակամարտության խրոնիկան» դասընթացաշարի շրջանակում հյուրընկալվել էր իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ, ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ դասընթացաշարը մեկնարկել է ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ:

 

Ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը, ողջունելով ներկա ուսանողներին, ներկայացրեց հյուրին՝ նշելով, որ միջազգային հարաբերությունների համակարգում հակամարտությունների լուծման չորս խմբեր կան՝ իրավական, քաղաքական-դիվանագիտական, ռազմական և գաղափարախոսական. «Այսօրվա մեր քննարկման թեման է «Արցախյան հիմնախնդիրը միջազգային իրավունքի համատեքստում», կփորձենք քննարկումն անցկացնել իրավական ոլորտում»:

 

ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ասաց, որ շատ ուրախ է նշված թեմայով դասախոսություն կարդալու համար. «Թեմայի մասին տարբեր մակարդակներում շատ ենք խոսել, սակայն միշտ գալիս հասնում ենք մի կետի, որտեղից առաջ գնալ այլևս չի լինում. դա խնդրի փաստացի կարգավորման հարցն է, որովհետև եթե միջազգային իրավունքի գիտական մեկնաբանությամբ առաջնորդվենք, Արցախյան հիմնախնդիրը, որպես այդպիսին, լուծված է:

 

Կարելի է լուծումը շատ պարզ ձևով արձանագրել, և կողմերը ստորագրեն, բայց քանի որ խնդիրն ունի նաև քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական կողմեր, շատ դժվար է այն միայն միջազգային իրավունքի միջոցով կարգավորել: Պետք է նշեմ, որ միևնույն ժամանակ անհնար է խնդիրը լուծել՝ անտեսելով միջազգային իրավունքը, թեև որոշ գործիչներ կարծում են, որ այն առաջնային դեր չունի խնդրի լուծման հարցում՝ կարևորելով քաղաքական ու ռազմական կարգավորման տարբերակը: Կարծում եմ՝ պետք է օգտագործել բոլոր լծակները»:

 

 

Բանախոսը նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե խնդիրն ինչից է առաջացել՝ պատմական իրադարձությունների պատճառով, թե միջազգային իրավունքը սխալ ընկալելու արդյունքում, ուստի թեմայի վերաբերյալ փոքրիկ պատմական ակնարկ արեց՝ խոսելով ինքնորոշման իրավունքի, ժամանակի ընթացքում դրա վերաբերյալ եղած մեկնաբանությունների, ներքին և արտաքին ինքնորոշման ու դրանց տարբերակող չափանիշների մասին:

 

Մեկնաբանելով վերջին 25 տարվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունները՝ Տարոն Սիմոնյանը նշեց, որ եթե դրանք չլինեն, կլինի պատերազմ, ինչը ոչ ոք չի ուզում. «Ինչ վերաբերում է Արցախում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը, նշեմ, որ դա միայն առաջին հայացքից է մեզ համար շահեկան, բայց իրականում մենք կկորցնենք իրավիճակի նկատմամբ մեր ունեցած վերահսկողությունը»:

 

Անդրադառնալով «հող՝ կարգավիճակի դիմաց» առաջարկին, որն արվել է Ադրբեջանի կողմից, ԱԺ պատգամավորն ասաց, որ դա անընդունելի տարբերակ է, քանի որ այդ տարածքներն ազատագրվել և պահպանվում են ոչ ինքնանպատակ. «Արցախի անվտանգությունը և ամբողջականությունը հնարավոր է միայն պահել՝ այդ հողերը պաշտպանելով: Ադրբեջանն առաջարկում է հայկական կողմին իրեն որոշ տարածքներ զիջել, որպեսզի բանակցությունները նոր փուլ թևակոխեն, սակայն մենք ոչ մի երաշխիք չունենք, որ նրանց կողմից մեր ժողովրդի համար որևէ սպառնալիք չի լինի, բոլորս տեղյակ ենք, որ ադրբեջանական հասարակության մեջ զանգվածային հակահայկական քարոզչություն է տարվում՝ սկսած դեռևս մանկուց»:

 

Հանդիպման վերջում ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին, որն էլ պատասխանեց դրանց:

 

Հասմիկ Ասլանյան  

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես է եկել հեռավար դասախոսությամբ։