17.01.2022 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչում» հետազոտության արդյունքների, ինչպես նաև «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայի ներկայացման վերաբերյալ քննարկում:

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) կողմից իրականացված հետազոտության քննարկմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորները, հայաստանյան մի շարք բուհերի ռեկտորներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ։

 

Նախքան քննարկումը Գավառի պետական համալսարանի ռեկտոր, խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանը ռեկտորների խորհրդի անունից շնորհավորեց բուհերի նորընտիր ռեկտորներին:

 

 

Այնուհետև ԿԳՄՍ նախարարի՝ արտաքին կապերի և սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը, ռազմավարական պլանավորումը և երիտասարդության ոլորտի աշխատանքները համակարգող տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձավ Հայաստանի՝ միջազգային մի շարք կոնվենցիաներին անդամագրվելու պատմությանը, նպատակներին և իրականացվող գործընթացներին. «Ակադեմիական փոխճանաչման կոնվենցիաների կիրարկումն ապահովելու համար պետք է լինեն ազգային և համապատասխան այլ մեխանիզմներ, որոնց նախադրյալներն արդեն իսկ գոյություն ունեն ԱՓՇԱՏԿ-ի շնորհիվ»:

 

Հետազոտության նպատակներն ու մեթոդաբանությունը ներկայացրին կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանն ու բարձրագույն կրթության փորձագետ Անի Հովհաննիսյանը:

 

Հավելենք, որ հետազոտության իրականացման նպատակով մշակվել էր հարցաշար՝ բաղկացած 9 հարցից, որն էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է ՀՀ պետական, հավատարմագրված ոչ պետական և միջպետական համաձայնագրերի շրջանակում ստեղծված 47 բուհերի:

 

 

«Պատասխաններ են ստացվել 19 բուհից: Հետազոտությունն իրականացվել է  ներկայացված պատասխանների հիման վրա»,- նշեց Գ. Հարությունյանը և տեսապատկերների միջոցով ներկայացրեց բուհերում օտարերկրյա որակավորումների ճանաչման (դրա հիմնական խոչընդոտներն ու խնդիրները), ինչպես նաև միջազգային կրեդիտային շարժունության և կրեդիտների փոխանցման ու ճանաչման գործընթացները:

 

Բանախոսները նշեցին, որ արդի ժամանակաշրջանում հատկապես կարևոր է հավաստի տեղեկություններ տրամադրել ազգային կրթական համակարգերի վերաբերյալ, որը մեծապես նպաստում է շարժունությանն ու միջազգայնացմանը:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները: