12.10.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «MICOFE» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵԼ
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «MICOFE» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵԼ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմը մասնակցելէ «Social Impact Award» ծրագրին, որն աջակցում է երիտասարդ նորարարներին սոցիալական ձեռնարկություններ կառուցելու հարցում: Թիմը ներկայացրելէ «MiCoFe» ստարտափ նախագիծը և հաղթող ճանաչվել:

«MiCoFe»-ն էկոլոգիապես մաքուր, կենսաքայքայվող օրգանական պարարտանյութ է, որի ստեղծման հիմքում ընկած է եփած սուրճի մնացորդների վերաօգտագործման տեխնոլոգիան։  

 

ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը ներկայացրել են կ.գ.թ. Սաթենիկ Միրզոյանը (թիմի ավագ), ասպիրանտ Լիանա Վանյանը, մագիստրոս Հայարփի Աղեկյանը և բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Լուսինե Դավթյանը: Թիմի խորհրդատուն է եղել կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյանը:

 

 

Թիմի անդամ Լիանա Վանյանը, խոսելով ծրագրի մասին, պատմեց, որ առաջին փուլում բոլոր թիմերը մասնակցել են մասնագիտական աշխատաժողովների, առանձին հանդիպումներ ու խորհրդատվություններ ունեցել մենթորների հետ։

 

Ծրագրի ընթացքում պատրաստվել է մեկ րոպե տևողությամբ տեսահոլովակ, որը կայքէջում դրվել է հանրային քվեարկության: Հաղթող թիմի ընտրության հարցում հաշվի են առնվել նաև հանրային քվեարկության արդյունքները։

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմի ավագ Սաթենիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ծրագրի հիմքում ընկած են թիմի գիտական տարբեր ուսումնասիրությունները, որոնք շարունակական բնույթ են կրելու գաղափարի կատարելագործման համար»:

 

 

Առաջարկված նախագիծը հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել և դարձել առաջին մրցանակային տեղի հաղթողը՝ ստանալով 1500 եվրո դրամաշնորհ:

 

Կենսաբանության ֆակուլտետի թիմի անդամները վստահ են՝ մրցանակը կնպաստի, որպեսզի իրենք հետագայում ընդլայնեն հետազոտությունները, քայլեր ձեռնարկեն տեխնոլոգիան առավել լայնամասշտաբ փորձարկելու և ավելի արդյունավետ դարձնելու համար:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին հանձնել է շնորհակալագիր՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած «Կիրառական քիմիա. էքսպո 2022» միջոցառումը կազմակերպելու գործում ունեցած ներդրման և աջակցության համար։ Հ. Հովհաննիսյանը և Դ. Երեմյանն այսօր նաև ստորագրել են համագործակցության հուշագիր՝ իրավաբանորեն ամրագրելով երկու կառույցների միջև առկա համագործակցությունը։
ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՂ Է․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Մայր բուհի պատմության մեջ առաջին անգամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում գիտական աստիճան ստացած շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր։