15.03.2017 | 
Ուսանողական
«ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱԶԳ ԵՆՔ». ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱԶԳ ԵՆՔ». ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը կազմակերպել էր հանդիպում «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ Վարուժան Կարապետյանի հետ:

«Պատմական անդրադարձ «ԱՍԱԼԱ»-ի գործունեությանը» խորագիրը կրող հանդիպման ընթացքում կազմակերպիչները շեշտեցին, որ միջոցառման օրը հատուկ է ընտրված. 1921 թ.-ի մարտի 15-ին հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային:

 

Վարուժան Կարապետյանը ողջունեց ուսանողներին և նշեց, որ երիտասարդների հետ հանդիպումները շատ կարևոր են: Այնուհետև անդրադարձավ Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակի՝ «ԱՍԱԼԱ»-ի ստեղծման պատմությանը, գործունեությանն ու նպատակներին:

 

«1965 թ.-ը շրջադարձային եղավ հայ ազգի համար. ցեղասպանված ազգ, որը կես քառորդ դար շունչը պահած, լուռ ու գլուխը կախ ապրում էր, վերածնվեց: Մտավորականներն ու հասարակ մարդիկ պահանջատիրական ոգով դուրս ելան փողոց՝ բարձրաձայնելու ոճրագործության մասին: Սա կարծես կայծ եղավ, որ տարիներ հետո ձևավորվի մի սերունդ, որը սրբեց հայի ճակատից անլեզու հպատակության ու թուլության մուրը»,- ասաց բանախոսը:

 

«ԱՍԱԼԱ»-ի մարտիկն ընդգծեց, որ այսօրվա երիտասարդները՝ անկախության սերնդի ներկայացուցիչները, երջանիկ մարդիկ են, քանի որ կարող են բացահայտ պահանջատեր լինել, տեր լինել իրենց գաղափարներին և միջազգային հանրությանը հասցնել ցանկացած խոսք, ցանկացած բողոք:

 

«Նայում եմ ձեր լուսավոր դեմքերին ու հասկանում, որ իզուր չեն եղել մեր մաքառումները: 2016 թ.-ի ապրիլին մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, հասկացանք, որ դուք ոչնչով չեք զիջում, ևս մեկ անգամ համոզվեցինք որ մենք թույլ ու հպատակ չենք, մենք հաղթանակած ազգ ենք»,- համալսարանականների բուռն ծափերի ներքո իր խոսքն ամփոփեց Վարուժան Կարապետյանը:

 

Հանդիպման ընթացքում ուսանողները կատարեցին «Գինի լից» հայրենասիրական երգը, պարեցին «Յախուշտա» մարտական պարը, իսկ ավարտին բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին:

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: