10.03.2020 | 
Հասարակություն
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԴԵՄ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՑԸ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԴԵՄ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՑԸ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է 2018 թվականի հոկտեմբերի 8-ին «Hraparak.am»-ում հրապարակված «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդվածում առկա մեղադրանքների ու զրպարտության համար ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի հայցը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 8-ին «Hraparak.am»-ում «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդված էր հրապարակվել, որում նշվում էր, թե ԵՊՀ աշխատակիցներից մեկը «Հրապարակի» խմբագրություն նամակ է ուղարկել, որտեղ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանին մեղադրում էր ֆակուլտետի գիտաշխատողների աշխատավարձերի 50 տոկոսը յուրացնելու մեջ՝ նշելով, որ վերջինս նրանցից պարտադրանքով վերցրել է աշխատավարձի բանկային քարտերը և ամեն ամիս տնօրինել նրանց գումարների կեսը: 

 

Նամակի բովանդակության մեջ նշվել էր նաև, որ Մարատ Գրիգորյանը, գիտաշխատողների աշխատավարձերը յուրացնելով, գումար է փոխանցել նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանին:

 

Ավելի վաղ ysu.am-ը զրուցել էր ֆակուլտետի գիտաշխատողների և Ալիկ Ղարիբյանի հետ, որոնք նույնպես հերքել են մեղադրանքները:

 

Հայցվորները, դիմելով դատարան, խնդրել են պարտավորեցնել «Հրապարակ» օրաթերթին հերքում տպագրել «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունների վերաբերյալ, ներողություն խնդրել և հայցվորներից յուրաքանչյուրին հասցրած վիրավորանքի համար բռնագանձել 400.000 ՀՀ դրամ, նույնքան գումար՝ վիրավորանքի համար՝ որպես փոխհատուցում:

 

Ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը մասնակի բավարարել է հայցը և վճռել պարտավորեցնել «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ին հրապարակմամբ հերքել 08.10.18 թվականի՝ ժամը 18:00-ի, «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդվածում հրապարակված զրպարտիչ տեղեկությունները՝ կապված հայցվոր Մարատ Գրիգորյանի կողմից աշխատավարձերի յուրացում կատարելու հետ:

«Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ից հօգուտ Մարատ Գրիգորյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար, 100.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար, և պարտավորեցնել «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ին հրապարակայնորեն ներողություն խնդրել հոկտեմբերի 8-ին «Hraparak.am»-ում «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդվածում հրապարակած վիրավորական արտահայտությունների համար:

 

Ysu.am-ը դատարանի վճռի և գործի քննության մանրամասների մասին խոսել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի հետ: 

Վերջինս պարզաբանեց, որ կողմ է լրատվամիջոցների խոսքի և կարծիքի ազատ արտահայտմանը, սակայն այն պետք է լինի անաչառության և ճշգրտության սահմաններում:

«Վիրավորելու նպատակը, դիտավորության առկայությունը հաստատվում են նաև այն փաստերով, որ պատասխանող կողմը չի ներկայացրել որևէ ապացույց, ըստ որի՝ փորձել է ճշտել տեղեկատվության՝ իրականությանը չհամապատասխանելու հանգամանքը»,- ասաց Մ. Գրիգորյանը:

 

Դեկանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է ևս մեկ դատական հայց ներկայացնել. «Ես պատրաստվում եմ մինչև վերջ պայքարել, որպեսզի սուտ վկայության մեղադրանքով նամակի հեղինակը ենթարկվի քրեական պատասխանատվության»:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԻՍՊԱՆԱՑԻ ԳՐՈՂ, ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԻ ԲԱՑ ՆԱՄԱԿՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ղարաբաղի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Արայիկ Հարությունյանին
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՐՇԱՎԻՆ՝ ՓՈԽԱՆՑԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 55 ՄԼՆ ԴՐԱՄ
ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է ևս 30 մլն դրամ, Իջևանի մասնաճյուղը՝ 5.5 մլն դրամ, իսկ աշխատակիցները՝ ավելի քան 20 մլն դրամ։