23.09.2019 | 
Գիտություն
«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Իրավագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:

ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը կազմակերպվել էր՝ քննարկելու իրավագիտության զարգացման հեռանկարները և մարտահրավերները:

 

Միջոցառմանը ներկա էին Իրավագիտության ֆակուլտետի ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի, ՀՀ դատախազության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հայաստանյան իրավական այլ կառույցների ու բուհերի ներկայացուցիչներ:

 

 

Գիտաժողովին մասնակցելու և զեկուցմամբ հանդես գալու համար ԵՊՀ-ում էին նաև Մոսկվայի պետական համալսարանի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ավագյանը, նույն համալսարանի քրեական դատավարության, արդարադատության և դատախազական հսկողության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լենոիդ Գոլովկոն, Նոթինհեմի Թրենթ համալսարանի պրոֆեսոր, իրավ. դոկտոր Պաոլա Մոֆֆաթը և ԳՊՀ ռեկտոր, իրավ. գիտ. դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը գիտաժողովի մեկնարկին փաստեց, որ օրվա խորհուրդը ԵՊՀ հարյուրամյակն է, իսկ գիտաժողովի գումարման շարժառիթը հենց այդ փաստն է:

 

«Մեր ժողովրդի դժվարին, մաքառումներով լի պատմությունն ունի նաև լուսավոր կետեր, որոնցից կարևորագույններից մեկը, անկասկած, հարյուր տարի առաջ ԵՊՀ հիմնադրումն է: Իհարկե, աշխարհում շատ են ավելի հին, ավանդույթներով հարուստ համալսարանները, սակայն եթե նկատի ունենանք, թե երբ և ինչպիսի պայմաններում է հիմնադրվել ԵՊՀ-ն, ինչ պատմական առաքելություն է իրականացրել հայ ժողովրդի կյանքում և ինչ դերակատարություն ունի այսօր մեր պետության կայացման ու զարգացման գործում, պատկերն ամբողջությամբ պարզ կլինի»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

 

 

Նրա հավաստմամբ, այսօր էլ համալսարանը՝ որպես ակադեմիական կառույց, կարևոր դերակատարություն ունի մեր ժողովրդի կյանքում ոչ միայն որպես բուհ, այլև՝ ազգային արժեք. «Կարծում եմ՝ այսօր պետք է երախտիքի խոսքեր ուղղել բոլոր այն մարդկանց, որոնց անձնուրաց ու անխոնջ աշխատանքի շնորհիվ 100 տարվա ընթացքում կայացել և իր այսօրվա բարձունքին է հասել ԵՊՀ-ն, և որից ճյուղավորվել է Հայաստանի բուհական համակարգը»:

 

Անդրադառնալով գիտաժողովի խորագրին՝ Գագիկ Ղազինյանը փաստեց, որ այն պատահական չէ ընտրված. «21-րդ դարը լուրջ մարտահրավերներ առաջ քաշեց հանրային կյանքի բոլոր ոլորտներում, որոնցից զերծ չմնաց նաև իրավագիտությունը»:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը, այդ մարտահրավերներից առանձնացնելով քաղաքականությունը, նշեց, որ մինչև նախորդ հարյուրամյակի վերջն իրավագետներին թվում էր, թե իրավունք և քաղաքականություն հարաբերակցության հարցը բնական իրավունքների և իրավաբանական աշխարհայացքի ու մտածողության համատեքստում ընդմիշտ  լուծված է՝ ի օգուտ իրավունքի գերակայության և իրավագիտության:

 

«Սակայն, ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական զարգացումները ցույց են տալիս, որ իրականությունն այսօր մի փոքր այլ է: Իրավագիտությանը սպասվում են փորձություններ, որոնք պահանջում են առանձնահատուկ մոտեցումներ իրավաբանական կրթության և գիտության կազմակերպման ու զարգացման հարցում»,- նշեց Գագիկ Ղազինյանը՝ փաստելով, որ այսօրվա գիտաժողովը կարելի է դիտել որպես փորձ՝  ակադեմիական դաշտում պատասխանելու մասնագիտության առջև ծառացած մարտահրավերների մի մասին:

 

 

Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկանն ասաց, որ գիտաժողովը ծրագրված էր լինելու շատ ավելի ներկայացուցչական, սակայն մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով միջոցառմանը չեն կարողացել մասնակցել գործընկերներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից և ՌԴ-ից. «Սակայն համոզված եմ, որ այդ հանգամանքը չի խանգարի, որ միջոցառումն անցնի գիտական պատշաճ մակարդակով»:

 

Միջազգային գիտաժողովին, բացի արտասահմանյան հյուրերից և ԳՊՀ ռեկտորից, զեկուցմամբ հանդես եկան ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանը, Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Հրայր Ղուկասյանը ու Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը:

 

 

Զեկուցումների շրջանակում քննարկվեցին թեմաներ՝ կապված իրավագիտության մարտահրավերներին, քաղաքական համակարգի բարեփոխման և սահմանադրական-պետական կարգավորմանը, ՀՀ-ում քրեական արդարադատության զարգացման արդի միտումներին, ՀՀ-ում սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության քաղաքացիադատավարական կառուցակարգերի զարգացման հիմնախնդիրներին և այլն:

 

Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանը փաստեց, որ գիտաժողովի նյութերը կհրապարակվեն առանձին ժողովածուով և հասանելի կլինեն բոլորին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը:
«ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաստուդիայում այսօր տեղի է ունեցել գիտաժողով՝ «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» խորագրով: