18.12.2017 | 
Հասարակություն
«ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՀԿ-ՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՀԿ-ՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԿԳ փոխնախարարի հանդիպումը հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես ուսանողական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ փաստել էր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, նոր օրենքի նախագծի վերաբերյալ կլինեն քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև կլինի հանրային քննարկում:

 

Այսօր տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը և ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:

 

Պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը հանդիպման սկզբում իր ուրախությունը հայտնեց, որ քննարկումների մի մասն անց է կացվում հենց ԵՊՀ-ում: Նա նշեց, որ նախապես ծրագրված էր այնպես, որ հանդիպմանը պետք է ներկա գտնվեր նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, բայց աշխատանքային գրաֆիկի փոփոխությունների պատճառով վերջինս չի կարողացել մասնակցել քննարկմանը:

 

ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանն ընդհանուր դրույթներով ներկայացրեց նոր օրենքի նախագիծը և պատասխանեց ներկաների հարցերին:

 

Հարցերից մեկը վերաբերում էր կադրերի տարիքային սահմանափակմանը, որի մասին Վահրամ Մկրտչյանն ասաց, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ 65 տարեկան անձինք արդեն իսկ անցնում են թոշակի. «Մենք 5 տարի էլ ավելացրել ենք շեմը, քանի որ գտնում ենք, որ կրթության մեջ ավելի շատ միտքն է աշխատում: Մենք ցանկանում ենք երիտասարդացնել  և՛ բուհը, և՛ գիտությունը»:

 

 

Մասնակիցներից մեկն էլ նշեց, որ օրենքի տրամաբանությանը շեշտակիորեն հակասող դրույթներ էլ կան օրենքում, որոնցից մեկը մասնավորապես հոդված 8-ի 2-րդ կետն է. «Այդ կետը հակասում է ամբողջ օրենքի, ավելի կոնկրետ նախորդ կետի տրամաբանությանը, որտեղ կրթական ծրագրի չափորոշիչը սահմանում է, որ կրթական ծրագրի նպատակները և խնդիրները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները ձևակերպելուց հետո ձևավորվում են կրթական ծրագրերի բազան և գնահատման մեթոդները: Մինչդեռ անմիջապես հաջորդ կետում պարզապես պարտադրվում է կրթական ծրագրում ներառել որոշակի դասընթացներ: Կարծում եմ՝ այս կետը պետք է առնվազն վերաշարադրվի»:

 

Ի պատասխան՝ Վահրամ Մկրտչյանը նշեց, որ ինչքան էլ բերվեն հակափաստարկներ, ապա դրանց ի պատասխան՝ կարող են բերվել ավելի շատ փաստարկներ, թե ինչու պետք է պարտադիր լինեն այդ դասընթացները. «Սա քաղաքական որոշման հարց է, որ մեր երիտասարդները ծանոթ լինեն մեր պատմությանը և իմանան հայոց լեզուն»:  

 

Տեղեկացնենք նաև, որ հանդիպման ընթացքում այսօր մեկնարկած հացադուլի աջակից ուսանողները «Տարկետում լինելու ա» և «ՊՆ կրթության և գիտության գործակալություն» գրառումներով թռուցիկներ փակցրեցին ամբիոնին, որտեղից ելույթ էր ունենում փոխնախարար Վահրամ Մկրտչյանը:

Այլ նորություններ
«ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի ներկայացրած «Պետության ինստիտուտների կայացվածությունը ` որպես տնտեսական աճի ապահովման հիմնական գործոն» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
«ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ». ՃԱՌԱԳԻՐ ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հյուրն էր հայազգի գերմանաբնակ հրապարակախոս, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլը: