05.03.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ
ՀՀ գիտության կոմիտեի և Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL-ի) միջև պայմանագրի շրջանակում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնը մասնակցում է միջազգային երկու ծրագրերի, որոնց նպատակն է ստեղծել կենսաբազմազանության կենտրոն և ժամանակակից մեթոդներով համաշխարհային մասշտաբով իրագործել կենսաբազմազանության ուսումնասիրություն:

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) նպատակն է նկարագրել մոլորակի բոլոր կենդանի տեսակները՝ ըստ մոլեկուլային մարկերների (շուրջ 10 մլն տեսակ) և այդ տվյալները ներառել ընդհանուր տեղեկադարանում։ 

 

iBOL-ի ծրագրերին մասնակցությունը հայ կենսաբաններին թույլ կտա իրականացնել հազարավոր տեսակների հետազոտություններ մոլեկուլային մակարդակում, ինչպես նաև ինտեգրվել համաշխարհային նշանակության գիտական աշխատանքներին։

Նախագծի գիտական հանձնաժողովում Հայաստանը միաժամանակ ներկայացնում են երկու մասնագետներ՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների  բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ  գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

 

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL-ի) և ՀՀ գիտության կոմիտեի միջև պայմանագրի շրջանակում իրականացվում են «Կովկասում կյանքի շտրիխ կոդավորում» (Caucasus Barcode of Life - CaBOL) և «Մոլորակի կյանքի գույքագրում» (LIFEPLAN – A Planetary Inventory of Life) միջազգային ծրագրերը, որոնց մասնակցում են ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի մասնագետները:

 

«Կովկասում կյանքի շտրիխ կոդավորում» ծրագրի նպատակն է  ստեղծել կենսաբազմազանության կենտրոն, որտեղ  կհավաքագրվեն Կովկասի  հարուստ  կենսաբազմազանության  կենդանիների և բույսերի  տեսակներ, և կստեղծվի տվյալների բազա:

 

Մեզ հետ զրույցում Կենսաբանության ամբիոնի դոցենտ Աստղիկ Ղազարյանն ասաց, որ ծրագրին, ամբիոնի աշխատակիցներից և ուսանողներից ց բացի՝ ներգրավված է նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը: Նրա խոսքով, այս ծրագրի շրջանակում ամբիոնի մասնագետներն իրականացրել են դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում հավաքագրվել են մեծաքանակ նմուշներ:

 

Աստղիկ Ղազարյանը փաստեց, որ Հայաստանում հավաքված նմուշների լաբորատոր մշակումն իրականացվելու է հիմնականում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի լաբորատորիայում՝ ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանի և ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանի ու Սարգիս Աղայանի ղեկավարությամբ. «CaBOL-ի տվյալների բազան կարևոր գործիք կդառնա Հայաստանի բնության հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված  հանրային միջոցառումների իրագործման համար»:

 

Պայմանագրի շրջանակում գործող միջազգային հաջորդ ծրագրի՝ «Մոլորակի կյանքի գույքագրում»  (LIFEPLAN – A Planetary Inventory of Life) նպատակն է ժամանակակից մեթոդներով համաշխարհային մասշտաբով իրագործել կենսաբազմազանության ուսումնասիրություն: Այս ծրագրում ընդգրկված են ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի մասնագետները:

 

Համագործակցող կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, և կազմակերպությունները ստացել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից որոշ սարքավորումներ: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թ. մարտից:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։