13.02.2020 | 
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
ԵՊՀ-ում պահպանվում է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունների վերաբերյալ տեղեկությունների առաջին գրանցամատյանը, ըստ որի՝ թեկնածուական ատենախոսության առաջին պաշտպանությունը տեղի է ունեցել 1938 թվականին, իսկ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը՝ 1943 թվականին:

ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գրանցամատյանում առկա են գիտական աստիճանների պաշտպանությունների վերաբերյալ ռուսերենով վավերագրված այնպիսի փաստեր, ինչպիսիք են գիտական աշխատանքների հեղինակների անձնական տվյալներ, ատենախոսության թեմա, ընդդիմախոսների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև ատենախոսության լսումների և խորհրդի որոշումների ամսաթվեր. «Բացի դրանից՝ նշվում է, թե ձայների ինչ հարաբերակցությամբ է որոշվել շնորհել հայցվող գիտական աստիճանը»:

 

 

Ըստ գրանցամատյանի՝ թեկնածուական առաջին ատենախոսությունը 1938 թվականին պաշտպանել է Գեղամ Գալֆյանը՝ ստանալով քիմիական գիտությունների թեկնածուի աստիճան: «Կատիոնների քանակական էլեկտրոլիտային վերականգնում» («Количественное электролитическое восстановление катионов») թեմայով ատենախոսությունը մասնագիտական խորհրդի կողմից ստացել է դրական եզրակացություն, ընդ որում՝ դեմ ձայն չի գրանցվել:

 

 

Լևոն Հովսեփյանի տեղեկացմամբ, ուշագրավ է, որ ԵՊՀ-ում ասպիրանտուրան բացվել է դեռևս 1928 թվականին. «Այդ տարվա հոկտեմբերին համալսարանի վարչությունը հաստատել է ֆակուլտետների կողմից ասպիրանտուրայի ութ տեղերի համար ներկայացված առաջին թեկնածուներին: Մինչև 1938 թ. նրանք իրենց ատենախոսությունները պաշտպանել են Մոսկվայում, Լենինգրադում և Ռուսաստանի գիտական մյուս կենտրոններում»:

 

 

Գրանցամատյանում առկա է նաև գրականագետ Մկրտիչ Մկրյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ տեղեկատվությունը, որը, փաստորեն, 1939 թվականին հայ գրականության գծով առաջին ատենախոսության հեղինակն է: Նրա՝ «Ֆրիկի ստեղծագործությունը» թեմայով ատենախոսության ընդդիմախոսներն են եղել պրոֆեսորներ Տերտերյանը և Մելիքյանը:

 

 

Մաթեմատիկայի գծով թեկնածուական առաջին ատենախոսությունը 1945 թ. պաշտպանել է Մխիթար Ջրբաշյանը: Նրա գիտական ղեկավարը եղել է հայկական մաթեմատիկական գիտության դպրոցի հիմնադիր Արտաշես Շահինյանը: Հետաքրքրական է, որ 34 անդամից բաղկացած հանձնաժողովից երկուսը դեմ են քվեարկել:

 

 

Դոկտորական ատենախոսության առաջին պաշտպանությունը, ըստ գրանցամատյանի, տեղի է ունեցել 1943 թվականին: Այդ ժամանակ ԵՊՀ դոցենտ Աշոտ Աբրահամյանը ներկայացրել է «Անանիա Շիրակացի» թեմայով ատենախոսությունը՝ հայցելով պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նրա ատենախոսության ընդդիմախոսները եղել են պրոֆեսորներ Ս. Մալխասյանցը, Հ. Աճառյանը և Ս. Մելիքսեթբեկը:

 

 

Մեզ հետ զրույցում Լևոն Հովսեփյանն ասաց, որ 1930-ական թթ. եղել են դեպքեր, երբ առանց պաշտպանության շնորհվել է դոկտորի գիտական աստիճան. «1937 թ. քիմիական գիտությունների ոլորտում ունեցած ձեռքբերումների համար ԵՊՀ-ում որոշել են Ստեփան Ղամբարյանին շնորհել քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան»:

 

 

Գրանցամատյանը ևս փաստում է այն իրողությունը, որ 1960-ական թվականներին գիտությունը մեծ վերելք է ապրել Հայաստանում:  Միայն 1966 թվականի ընթացքում, ըստ գրանցամատյանի, իրականացվել են 63 ատենախոսությունների պաշտպանություններ:

 

Ի դեպ, գրանցամատյանը թերթելիս հայտնաբերեցինք գիտության թեկնածուի դիպլոմներ և դոցենտի ատեստատ:

 

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը: