06.07.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԵՊՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Այսօր կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս կիսամյակի վերջին նիստը՝ օրակարգային 10-ից ավելի հարցերով:

Գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեցին ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Փոփոխությունների մի մասը կատարվել է, որպեսզի դրանք համապատասխանեցվեն ենթաօրենսդրական ակտերին, մյուս մասն էլ վերաբերում են տարկետման դեպքում անվճար տեղը պահպանելուն, բացակայությունների կարգը վերանայելուն, զեղչերի համար ներկայացվող դիմումների ժամկետներին և այլն:

 

ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2016 թ. հարցման արդյունքները ներկայացրեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Այս անգամ հարցմանը մասնակցել է 4095 ուսանող (79%): Ըստ արդյունքների՝ ԵՊՀ-ում ստացած կրթության ընդհանուր գնահատականը բարձր է՝ 40.9%-ը այն գնահատում է գերազանց, 37.5%-ը՝ լավ, 9.2%-ը՝ բավարար:

 

Հարցմանը մասնակցած շրջանավարտների 57%-ը չի աշխատում, 20.6%-ն աշխատում է այլ մասնագիտությամբ, իսկ մասնագիտությամբ աշխատում է 17.6%-ը: Աշխատանքով ապահովված են առավելապես մագիստրատուրայի շրջանավարտները, նրանց 31.6%-ն աշխատում է մասնագիտությամբ, 23.1%-ը՝ այլ մասնագիտությամբ:  

 

Գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեցին նաև երկու փաստաթղթեր՝ ԵՊՀ հանրային կապերի, մարքեթինգային գործունեության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, ինչպես նաև ԵՊՀ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի զարգացման հայեցակարգերը:

 

«Մենք ԵՊՀ հանրային կապերի, մարքեթինգային գործունեության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգով ԵՊՀ-ն դիրքավորում ենք որպես Հայաստանի Մայր բուհ, երկրի ու հայ ժողովրդի համար բացառիկ կարևորություն ունեցող գիտակրթական հաստատություն, և մի շարք գործողություններ բխում են հենց այս դրույթից,- նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ու հավելեց,- երկրորդ հայեցակարգը ևս բխում է ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրից: Այս հայեցակարգով նախատեսում ենք բարեփոխումներ, որոնք ենթադրում են մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ստեղծում: Փաստաթղթում անդրադարձել ենք նաև աշխատանքի ընդունման, ազատման ընթացակարգերին, տվյալների հավաքագրմանը և այլն»:    

 

Նիստի ընթացքում քննարկվեց նաև ԵՊՀ գիտական խորհրդի մշտական հանձնաժողովների կազմերում փոփոխություններ կատարելու հարցը: Փոխարինվել են հանձնաժողովների այն անդամները, ովքեր անցել են թոշակի և դադարեցրել աշխատանքը կամ ավարտել ուսումը (ուսանողները):

 

ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց նաև Արխիվի, Ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնի, Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի կանոնադրությունները, որոնց կառուցվածքը, դրույթներն ու այլ մանրամասներ ներկայացրեց ԵՊՀ իրավաբանական բաժնի վարիչ Արմեն Թադևոսյանը: 

Կիսամյակային ամփոփիչ նիստի ընթացքում քննարկվեց նաև ԵՊՀ-ում մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն ստեղծելու առաջարկությունը:

 

«Մանկավարժների որակավորման տրամադրման նոր համակարգը, որը գործելու է 2017-2018 ուստարվանից սկսած, ենթադրում է 6 կիսամյականոց առանձին մոդուլի կազմակերպում, որպեսզի ուսանողները համապատասխան քանակությամբ կրեդիտներ ունենան և ստանան այդ որակավորումը: Այդ գործընթացը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու կենտրոն»,- նշեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:  

 

ԵՊՀ գիտխորհուրդն այն ընդունեց ի գիտություն և ներկայացրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: 

Նիստի ընթացիկ հարցերը 4- ն էին: Նախ Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, նույն ամբիոնի նախկին վարիչ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի նախկին դեկան Յուրի Վարդանյանին շնորհվեց նշված ամբիոնի պատվավոր վարիչի կոչում: Ապա որոշվեց ԵՊՀ ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի տնօրեն Համլետ Ավետիսյանի «Relativistic Nonlinear Electrodynamics» աշխատությունը ներկայացնել ՀՀ պետական մրցանակի:

 

Այնուհետև ԵՊՀ գիտխորհուրդը որոշում կայացրեց միջնորդություն ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարությանը՝ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոսներ Կ. Մխիթարյանի և Ա. Գևորգյանի «Develop Your Vision of English» և Ե. Մարգարյանի «A guide to science» աշխատանքները որպես բուհական դասագիրք ճանաչելու հարցով:   

 

Նիստի ավարտին հրապարակվեցին դեռևս նիստի սկզբում մեկնարկած պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ 5 հոգու շնորհվեց պրոֆեսորի, 7 հոգու՝ դոցենտի գիտական կոչումներ:

 

Նիստի վերջին հատվածը նախատեսված էր շնորհավորանքների համար. ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը բոլորում է ծննդյան 70-րդ տարին: Վաստակաշատ գիտնականին շնորհավորանքներ հղեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, գործընկերները և ուրիշներ: 

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակության հանդիպումը Մայր բուհի սոցիոլոգիայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության ֆակուլտետների դեկանների հետ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՑ
Այսօր ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի պատվիրակությանը: