21.01.2019 | 
Գիտություն
ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԳՏԵԼ ԵՆ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԳՏԵԼ ԵՆ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուս համալսարանի քիմիական լաբորատորիայի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի տպագիր տարբերակը, որն այսօր առկա տարբերակներից ամենահինն է:

Ուսանողների համար ստեղծված ուսումնական ձեռնարկը գրված է գերմաներեն, տպված է Վիեննայի գիտական տպարանում, որն աշխատել է 1875-1888 թվականներին։

Այս պարբերական աղյուսակի վրա դեռ հայտնագործված չեն մի քանի քիմիական տարրեր, և այն ունի շատ բաց թողնված վանդակներ։ Օրինակ՝ միանգամից աչքի է ընկնում, որ այս աղյուսակի վրա բացակայում է երկրորդ տարրը՝ հելիումը։ Պարբերական աղյուսակում քիմիական տարրերը նույնիսկ համարակալված չեն։

Ինքը՝ ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը, առաջին անգամ իր պարբերական աղյուսակը ներկայացրել է 1869 թվականին։



Սենտ-Էնդրյուսի համալսարանում աղյուսակի օրինակը հայտնաբերել էին դեռ 2014 թվականին, բայց նրա գոյությունը գաղտնի էր պահվում այնքան ժամանակ, մինչև գիտնականները կճշտեին աղյուսակի տարիքը։

Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Սցերիի խոսքով՝ աղյուսակը, ամենայն հավանականությամբ, տպվել է 1875-1879 թվականներին։

Հայտնաբերված աղյուսակի գերմանիում տարրի փոխարեն ձեռքով գրված հարցական նշան կա, թեև նրա ատոմային զանգվածը ճիշտ նշված է։ Այս տարրի մասին Մենդելեևը խոսել է դեռ 1870 թվականին, բայց այն հայտնաբերվել է միայն 16 տարի անց՝ 1886-ին։ Աղյուսակում ամբողջությամբ բացակայում են իներտ գազերը, քանի որ նրանք հայտնաբերվել են շատ ավելի ուշ։

Շոտլանդական համալսարանի ղեկավարության խոսքով, ոչինչ հայտնի չէ այն մասին՝ արդյոք որևէ տեղ կա պարբերական ավելի հին աղյուսակ, թե ոչ: Ինչպես ասել է պրոֆեսոր Դևիդ Օ'Հեյգենը, որն առաջ ղեկավարում էր համալսարանը, աղյուսակը կմնա կրթական հաստատության պատերի ներսում և բաց կլինի բոլոր հետազոտությունների համար։

«Մենք պլանավորել ենք միջոցառումների մի ամբողջ շարք, որովհետև ՄԱԿ-ը 2019 թվականը հայտարարել է պարբերական աղյուսակի տարի, քանի որ այս տարի մենք նշում ենք Մենդելեևի կողմից պարբերական աղյուսակի ստեղծման 150-ամյակը»,- նշել է նա։



Ամենահին աղյուսակի պատճենը ցուցադրված է համալսարանի քիմիայի ֆակուլտետում, իսկ բնօրինակը պահելու համար ստեղծվել են թանգարանային պայմաններ։

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ. ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2018-ի 1.1 (24), 1.2 (25) և 1.3 (26) համարների շնորհանդեսը:
«ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հովհաննես Թումանյանը հայ իրականության մեջ առաջիններից էր, որը հղացավ ազգային համալսարան հիմնելու գաղափարը և ամեն ինչ արեց այն իրագործման համար։