01.02.2019 | 
Գիտություն
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը:

ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը (այսուհետ՝ բազային ֆինանսավորում) սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

 

Մինչ այժմ ամեն տարի ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար է հատկացվել ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեին, որն էլ Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի համաձայն՝ ֆինանսավորել է այս կամ այն հաստատությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանումը և զարգացումը. 

 

ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա: Այդ ենթակառացվածքներում աշխատում է ավելի քան 450 մասնագետ, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն, այսինքն՝ կանգնած են աշխատանքն ընդհանրապես կորցնելու վտանգի առաջ:

 

Գիտական և գիտատեխնիկական ծախսային ծրագրում նշված է, որ պետությունը ֆինանսավորումն իրականացնում է դրամաշնորհի ձևով, իսկ հիմնադրամների մասին օրենքում նշվում է, որ հիմնադրամին պետությունը դրամաշնորհի ձևով ուղղակի ֆինանսավորում չի կարող հատկացնել, պետք է մրցույթ հայտարարվի, այսինքն՝ բոլոր այն կրթական և գիտական գործունեություն իրականացնող հաստատությունները, որոնց իրավակազմակերպական ձևը հիմնադրամն է, պետք է մրցութային կարգով ստանան ֆինանսավորում: Ընդ որում՝ այս պահի դրությամբ դեռևս հայտնի չեն մրցութային կարգի պայմանները:

 

Այս առիթով ԵՊՀ-ում եղել են բազմաթիվ քննարկումներ, որոնց ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հայտնել են իրենց դիրքորոշումը՝ ասելով, որ որոշումը բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այսօր ԵՊՀ գիտխորհուրդը հայտնել է իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

Մեծարգո պարո՛ն վարչապետ,

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը (այսուհետ՝ բազային ֆինանսավորում) սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

 

Կառավարության նշված որոշման ազդեցությունը և դրա կիրարկման արդյունքում գիտության ոլորտում կանխատեսվող խնդիրները մանրամասնորեն քննարկվել են ԵՊՀ գիտական խորհրդում: Ամփոփելով քննարկման արդյունքները՝ հայտնում ենք հետևյալը.

 

ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը հակասում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին, որով սահմանվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման ձևերի սպառիչ ցանկը (բազային ֆինանսավորում, նպատակային-ծրագրային ֆինանսավորում, պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում) և դրանց տրամադրման կարգը: Նշված հոդվածով հստակ սահմանվել է, որ նպատակային-ծրագրային ֆինանսավորումը և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը տրամադրվում ենմրցութային հիմունքներով, իսկ բազային ֆինանսավորումը մրցութային կարգով տրամադրելու իրավական հիմքերն օրենքում իսպառ (նաև իրավամբ) բացակայում են: Առավել անհասկանալի է այն, որ Կառավարության որոշմամբ մրցութային ընթացակարգի կիրառման անհրաժեշտությունը պայմանավորվել է գիտական կառույցի կազմակերպաիրավական ձևով (կախված այն հանգամանքից՝ տվյալ հիմնարկը ՊՈԱԿ է, թե hիմնադրամ): Մինչդեռ հիմնադրամի կարգավիճակ ունեցող գիտական հիմնարկներն են, որ ապահովում են հանրապետության տարեկան գիտական արդյունքի կեսից ավելին:

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվել կամ գործել է՝ հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:

 

Նման իրավակարգավորման պայմաններում ակնհայտ է, որ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով, հակասում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին և այդ հիմքով ենթակա է անվավեր ճանաչման:

 

Միաժամանակ հարկ է նկատել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու, գիտահետազոտական ենթակառուցվածքները, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտները պահպանելու և զարգացնելու համար պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորումը պետք է լինի երկարաժամկետ և կանխատեսելի: Իսկ դրամաշնորհային ծրագրերի մրցութային ֆինանսավորման գործիքակազմը պետության կողմից վաղուց կիրառվում է և լրացուցիչ խթան է գիտության կոնկրետ դպրոցի կամ ոլորտի զարգացման համար:

 

Հայաստանի Հանրապետության գիտական կառույցներում բազային ֆինանսավորմամբ գործում են բազմաթիվ գիտական կենտրոններ, որտեղ աշխատում են անվանի և միջազգային ճանաչում ունեցող վաստակաշատ գիտնականներ, որոնք այդ հաստիքները զբաղեցնում են մրցութային կարգով (3-5 տարի ժամկետով): Հետևաբար, առանց պատշաճ իրավական հիմնավորման, գիտական դպրոցների կարիքների գնահատման, մրցույթի անցկացման գործուն մեխանիզմների ներդրման և դրանց իրականացման ժամանակացույցի սահմանման, այսօրինակ փոփոխությունների կատարումը վաղաժամ է, և մեր խորին համոզմամբ, այն լրջորեն կխոչընդոտի գիտության զարգացման շարունակականության ապահովմանը, կհանգեցնի գիտական ոլորտում գործազրկության և գիտական կադրերի արտագաղթի աճի: Բացի դրանից՝ բուհերում մշտապես գործող գիտական ենթակառուցվածքի առկայությունը ժամանակակից կրթական գործընթացի հաջող իրականացման կարևորագույն նախապայման է, ինչն ապահովում է կրթություն-գիտություն անմիջական կապը և հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին հաջողությամբ ներառելու գիտության բնագավառ:

 

Ինչ վերաբերում է պետության կողմից բազային ֆինանսավորման միջոցների ծախսման արդյունավետությունը վերահսկելու մեխանիզմների կատարելագործմանը, այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ ներկայումս գործում է փորձաքննության ինստիտուտը, որն իրականացվում է գիտական հիմնարկի կողմից ներկայացված տարեկան գործունեության հաշվետվությունների և հայտերի հիման վրա, և որի արդյունքում որոշվում է շարունակել կամ դադարեցնել տվյալ ծրագրի բազային ֆինանսավորումը: Արդյունավետության գնահատման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը համարում ենք հիմնավորված և պատրաստակամ ենք ակտիվորեն մասնակցելու այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

 

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով, և 2019 թվականի համար գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը տրամադրել մինչ օրս գործող ընթացակարգի համաձայն (ինչը թույլ կտա իրականացնել դեռևս 2018 թվականին հաստատված գիտական պլանը):

 

Միաժամանակ առաջարկում ենք «Գիտության մասին» նոր օրենքի նախագիծ մշակելու, գիտության ոլորտում առողջ մրցակցային դաշտ ձևավորելու, ինչպես նաև գիտական գործունեության բյուջետային ֆինանսավորման ձևերի փոփոխություն կատարելու, ներառյալ՝ մրցութային ընթացակարգեր սահմանելու և դրանց անցկացման մեխանիզմները բարեփոխելու նպատակով ձևավորել աշխատանքային խումբ՝ ներգրավելով բուհերի և գիտական հիմնարկների փորձառու մասնագետներին:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: