20.10.2021 | 
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹԻ 4 ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹԻ 4 ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի են ունեցել «IDBank»-ի ֆինանսական աջակցությամբ հայտարարված՝ ԵՊՀ լավագույն ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթի արդյունքների ամփոփումը և հաղթողների պարգևատրման արարողությունը:

ԵՊՀ 4 ուսանողների միանվագ 400 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին) հատկացվող կրթաթոշակի մրցույթին դիմել են Երևանի պետական համալսարանի բակալավրիատի 2-րդ և բարձր կուրսերում (նաև մագիստրատուրայում) սովորող ուսանողներ, որոնք ունեն բարձր առաջադիմություն և հասարակական մեծ ակտիվություն:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ ստացվել են 90 հայտադիմումներ, որոնք մանրամասն դիտարկվել են նախապես կազմված հանձնաժողովի կողմից, արդյունքում ընտրվել են 4 հաղթողները։

 

Հանձնաժողովի կազմում եղել են ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը, ինչպես նաև «IDBank»-ի դատական ակտերի իրավաբանական վարչության դատաիրավական բաժնի ղեկավար Ռուբեն Մխիթարյանը և հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը:

 

 

Նախքան մրցույթի արդյունքների ամփոփումը ներկաները դիտեցին հերոսի մասին պատմող տեսանյութ, որտեղ ընկերներն ու հարազատները պատմում են երկրային կյանքում ուղենիշ դարձած, սիրո, հավատարմության ու նվիրվածության խորհրդանիշ, ֆանտաստիկ ընկեր, երիտասարդ գիտնական ու անմահ հերոս Գևորգ Արշակյանի մասին:

 

Տաթևիկ Վարդևանյանը միջոցառման բացման խոսքում ասաց, որ այսօր զգացողությունները հակասական են, քանի որ մի կողմից մեր երկրին անմնացորդ նվիրված Գևորգ Արշակյանի հիշատակի արարողությունն է, մյուս կողմից, նրա խոսքով, նաև կարևոր և հիշարժան օր, քանի որ Գևորգն իր ապրած կարճ, բայց բովանդակալից կյանքի ընթացքում հասցրել էր այնպիսի միջավայր ստեղծել շուրջը, որ իր անվան կրթաթոշակ ստանալը մեծագույն պատիվ է յուրաքանչյուր ուսանողի համար:

 

 

«Գևորգի գործը շարունակելու, նրա երազանքների իրականացմանը գոնե մասամբ նպաստելու համար «IDBank»-ը սահմանել է այս կրթաթոշակը: Մենք այսօր մասնակցում ենք կրթական փոքրիկ տոնի»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը:

 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ցավոք չի ճանաչել Գևորգ Արշակյանին, բայց բազմիցս լսել է նրա մասին, հետևել գործունեությանը և կարող է փաստել, որ Գևորգն իրական համալսարանական էր. «Գևորգի հետ միասին մենք հիշելու ենք մեր նահատակված բոլոր ուսանողներին, որոնք հավերժ կրելու են համալսարանականի կնիքը և մնալու են մեր սրտերում: Մենք մշտապես վառ ենք պահելու նրանց անունները»:

 

 

Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց «IDBank»-ին այս նախաձեռնության համար՝ շեշտելով, որ կրթաթոշակը միջոց է նաև հավերժացնելու մարդկանց: Նա հույս հայտնեց, որ գործարար ոլորտի այլ ներկայացուցիչներ ևս կմիանան նախաձեռնությանը և կրթաթոշակներ կսահմանեն ուսանողների համար, քանի որ դրանք նաև ներդրում են, ներդրում ապագայի համար: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, դիմելով հաղթող ուսանողներին, ասաց, որ նրանցից ակնկալվում է ավելի լավ սովորել, պիտանի և իրական համալսարանական լինել:

 

 

«IDBank»-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն էլ ասաց, որ այսօր բոլորին միավորում է պարտավորությունը հերոսների նկատմամբ. «Նրանք ունեին բազմաթիվ երազանքներ, բայց կարծում եմ՝ բոլորի ամենամեծ երազանքը հզոր և ուժեղ հայրենիք ունենալն էր: Այսօր բոլորս պետք է բարձր պահենք նրանց անունը և մեր ներդրումն ունենանք մեր երկրի զարգացման գործում»: Մհեր Աբրահամյանը փաստեց, որ զարգացման ամենամեծ նախադրյալներից մեկը որակյալ կրթությունն է և գիտելիքը, դրա համար էլ որոշվել է նախաձեռնել այս ծրագիրը:

 

Հայտարարված կրթաթոշակի մրցույթում հաղթող են ճանաչվել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Հակոբյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Մուրադ Սողոյանը, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Արամ Բուղդարյանն ու Արևելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սմբատ Ալեքսանյանը, որոնց հավաստագրեր հանձնեցին Հովհաննես Հովհաննիսյանը և Մհեր Աբրահամյանը:

 

 

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ասաց, որ Գևորգի մասին հնարավոր չէ խոսել անցյալով, նա միշտ ներկա է. «Գևորգը կդառնար պետական մեծ գործիչ, զինվորական, գիտնական, բայց նա դարձավ հերոս և կյանքը տվեց մեր երկրի, մեզ համար»: Մարատ Գրիգորյանը փաստեց, որ Գևորգն ունի մշտական տուն՝ համալսարանը. «Սա Գևորգի և նրա նմանների տունն է»:

 

 

Դավիթ Ափոյանն էլ շնորհակալություն հայտնեց նախաձեռնության իրականացնողներին, հիշեց Գևորգի խոսքերը, թե մենք այլևս իրավունք չունենք ապրելու այնպես, ինչպես նախկինում՝ մինչև 2020 թվականն ենք ապրել. «Ինքներս մեր մեջ վերլուծելիս հասկանում ենք, որ մեր ազգը պետք է շատանա, պետք է շատ երեխաներ ունենանք և որակյալ կրթություն տանք նրանց: Այսօրվա միջոցառումը քայլ է՝ ուղղված այդ ցանկությանը»:

 

Մեզ հետ զրույցում մրցույթի հաղթող ուսանողներից Արամ Բուղդարյանն ասաց, որ մրցույթի մասին իմացել է էլեկտրոնային փոստով ստացված նամակի միջոցով, որոշել, որ անպայման պետք է դիմել և հաղթելու դեպքում էլ ավելի լավ սովորել:

 

Աննա Հակոբյանը, որը ծնունդով Արցախի Հադրութ քաղաքից է, ասաց, որ լսելով մրցույթի մասին՝ նախ փորձել է ճանաչել Գևորգ Արշակյանին, ապա մտածել, որ այս կրթաթոշակն ավելի վառ կպահի նրա անունը, ու որոշել անպայման մասնակցել: Աննան նշեց, որ պատերազմում կորցրել է ընկերոջը, իսկ օրեր առաջ էլ հրատարակել է իր գիրքը՝ «Սեր և պատերազմը», որի շնորհանդեսը տեղի կունենա ուրբաթ:

 

 

Սմբատ Ալեքսանյանը մրցույթի մասին իմացել է ԵՊՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջից և որպես սյունեցի, իր մեջ կրելով ազգային-ազատագրական պայքարի ոգին, որոշել է դիմել մրցույթին՝ քաջ գիտակցելով, որ հաղթելու դեպքում պարտավորվելու է ավելի լավ սովորել և հայրենիքին պիտանի մասնագետ դառնալ:

 

Մուրադ Սողոյանը, որն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, մրցույթի մասին լսելուն պես որոշել է մասնակցել դրան, քանի որ, ինչպես ինքն է ասում, չմասնակցել չէր կարող:

 

Քնար Միսակյան