05.05.2017 | 
Կրթություն
ԲՈՒՀ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ
ԲՈՒՀ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում ամփոփվեց «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագիրը:

Երկամսյա դասընթացները կազմակերպել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Beeline Հայաստան», «Ռոսգոսստրախ Արմենիա» և «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան (HSBC)» ընկերությունների հետ համագործակցության շրջանակում: Ծրագրի նպատակն էր գործընկեր կազմակերպությունների հետ ամրապնդել բուհ-ձեռնարկություն համագործակցության շրջանակը, ինչպես նաև ուսանողներին տարբեր ոլորտների վերաբերյալ գիտելիքներ ստանալու հնարավորություն տալ:

 

Փորձնական ծրագրին մասնակցելու ցանկություն էին հայտնել ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում սովորող շուրջ 400 ուսանողներ և շրջանավարտներ, սակայն դասընթացներն ունկնդրելու և ընկերություններում փորձաշրջան անցնելու հնարավորություն էին ստացել 90-ը: Այդ դասընթացներն ունեցել են տարբեր ուղղվածություն՝ հաջողության բանաձևից մինչև բիզնես ձեռքբերումներ ունենալու գաղտնիքներ:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ամփոփելով ծրագրի արդյունավետությունը և այն կապելով Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ակտիվ գործունեության հետ, նշեց, որ երկարաժամկետ դասընթացների միջոցով փորձ է արվել ուսանողներին մոտեցնել աշխատաշուկայի պահանջներին և գործատուների ներկայիս չափանիշներին. «Ինչ խոսք, բուհ-ձեռնարկություն համագործակցությունը մեծ զարգացում է ունեցել, քանի որ այս ծրագրի միջոցով տասնյակ ուսանողներ հնարավորություն են ստացել մասնագիտական վերապատրաստում անցնելու գործընկեր կազմակերպություններում»:

 

 

Ծրագրի գործընկեր կազմակերպության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին իրենց տեսլականը, աշխատաշուկայի առանձնահատկությունները, ինչպես նաև խոսեցին ծրագրի արդյունավետության, ուսանողների պատրաստակամության և առաջիկա քայլերի մասին:

 

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը կարևորեց ծրագրի արդյունավետությունը և հույս հայտնեց, որ առաջիկայում այն կունենա շարունակական բնույթ. «Բուհ-գործատու հնարավոր միջոցառումների կազմակերպման հարցում մենք մի քանի քայլ առաջ ենք գնացել: Պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ համալսարանականներին իրենց ակտիվության համար: Իսկապես իմ սպասելիքներն արդարացվեցին, իսկ դա խոսում է այն մասին, որ հետագա համագործակցությունն էլ ավելի բարձր հարթության վրա է լինելու»:

 

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը մեզ հետ զրույցում խոսելով ծրագրի առանձնահատկությունների մասին՝ նշեց, որ այն հաջողված է, քանի որ ուսանողների հետաքրքրվածությունը մեծ է. «Մեր գործատուները նույնպես դրական են գնահատել համալսարանականների մասնակցությունը մասնագիտական վերապատրաստմանը և կարիերայի առաջխաղացմանը միտված դասընթացներին: Արդեն տեսանելի են նաև արդյունքները, քանի որ ծրագրի մասնակից ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն են ստացել աշխատելու, ինչպես նաև մասնակցելու ստաժավորման տարբեր ծրագրերի»:

 

Միջոցառման ավարտին ծրագրի մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր: Դրանք ԵՊՀ ուսանողներին և շրջանավարտներին հանձնեցին «Beeline Հայաստան», «Ռոսգոսստրախ Արմենիա» և «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան (HSBC)» ընկերությունների ներկայացուցիչները:

Այլ նորություններ
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: