08.11.2018 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՔՎԱՆՏԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄԻ ԴԵՐԸ ԿՈՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐՈՒՄ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՔՎԱՆՏԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄԻ ԴԵՐԸ ԿՈՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐՈՒՄ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կողմից ներկայացրած «Տոպոլոգիայով և սահմաններով մակածված երևույթներ կոսմոլոգիական մոդելներում» գիտական թեման:

Գիտական թեմայի ղեկավար, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ֆիզմաթ գիտ. թեկնածու Աննա Քոթանջյանը նշեց, որ ծրագրի շրջանակում հետազոտվելու են գրավիտացիոն դաշտերի, սահմանների և փակ (կոմպակտ) տարածական չափողականությունների ազդեցությունը քվանտային վակուումի հատկությունների վրա. «Հայտնի է, որ վակուումում առկա են քվանտային դաշտերի ֆլուկտուացիաներ։ Դրանց հատկությունները զգայուն են ինչպես արտաքին գրավիտացիոն և էլեկտրամագնիսական դաշտերի, այնպես էլ տարածության գլոբալ բնութագրերի (տոպոլոգիա, սահմաններ) նկատմամբ։ Մասնավորապես, փակ տարածական չափողականությունների առկայությունը հանգեցնում է վակուումի էներգիայի փոփոխության, որը հայտնի է որպես Կազիմիրի տոպոլոգիական երևույթ։ Այդպիսի չափողականություններ առկա են ինչպես հիմնարար փոխազդեցությունները նկարագրող ժամանակակից ֆիզիկական տեսություններում, այնպես էլ կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի մի շարք մոդելներում (գրաֆենային նանոխողովակներ, նանոօղակներ, տոպոլոգիական մեկուսիչներ և այլն)»։

 

Աննա Քոթանջյանը, պարզաբանելով գիտական թեմայի ուղղվածությունը, ասաց, որ արտաքին դաշտերի ազդեցությունը կարող է հանգեցնել նաև փակ տարածական չափերի երկայնքով վակուումային հոսանքների առաջացման. «Սա զուտ քվանտային երևույթ է և հիմնականում հետազոտվել է Տեսական ֆիզիկայի ամբիոնի գիտական խմբի կողմից։ Արդեն իսկ իրականացված հետազոտությունների արդյունքները կիրառված են գրաֆենային նանոխողովակների ու նանոօղակների նկատմամբ։ Ծրագրի շրջանակում շարունակվելու են այդ հետազոտությունները»։

 

Խմբի երիտասարդ անդամ, տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Նվարդ Սահարյանը, խոսելով իրականացվող հետազոտությունների կարևորության մասին, փաստեց, որ տիեզերաբանական մոդելների շրջանակում առաջացող հոսանքները  մեծամասշտաբ մագնիսական դաշտերի աղբյուր են. «Ժամանակակից դիտողական տվյալները վկայում են նման դաշտերի գոյության մասին և դրանց առաջացման համընդհանուր ընդունված մոդել ներկայումս գոյություն չունի։ Քննարկվող մոդելներից մեկում մեծամասշտաբ մագնիսական դաշտերի առաջացման համար անհրաժեշտ սաղմնային դաշտերը կապված են վաղ տիեզերքի արագացմամբ ընդարձակման փուլում էլեկտրամագնիսական դաշտի վակուումային ֆլուկտուացիաների հետ։ Վակուումային հոսանքները կարող են հանդես գալ որպես սաղմնային դաշտերի մակածման այլընտրանքային աղբյուր»:

 

Գիտական խմբի անդամ, Տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանը, անդրադառնալով իրականացվող հետազոտությունների սպասվելիք արդյունքներին, նշեց, որ դրանց հնարավոր կիրառությունների շրջանակը բավական լայն է. կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայից մինչև տիեզերագիտական մոդելներ. «Դրանք տեսական ֆիզիկայի ամբիոնում նախկինում կատարված աշխատանքների օրգանական շարունակությունն են: Դրանց հիմքը դրվել է ամբիոնի հիմնադիր, Հայաստանում ռելյատիվիստական գրավիտացիայի դպրոցի ակունքներում կանգնած ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի կողմից»:

 

Նշենք, որ գիտական ծրագիրն իրականացնող խումբը համագործակցում է Ֆրասկատիի ազգային լաբորատորիայի (Իտալիա), Պարաիբայի ֆեդերալ համալսարանի (Բրազիլիա), Բարսելոնայի Տիեզերական գիտությունների ինստիտուտի և Լայդենի համալսարանի (Հոլանդիա) գիտական խմբերի հետ։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԿԵՆՍԱՉԻՊԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացրած «Գենասենսորի ազդանշանի փոփոխության վրա լիգանդի ազդեցության ուսումնասիրությունը» գիտական թեման:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Վլադիկ Ներսեսյանցի ծննդյան 80-ամյակին: