20.05.2017 | 
Մշակույթ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Մայիսի 19-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Մշակութային դաստիարակություն» մեկամսյա ծրագրի հերթական հանդիպում-դասախոսությունը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է տարբեր միջոցառումների միջոցով համալսարանականներին մշակութային ոլորտի վերաբերյալ գիտելիքներ ստանալու հնարավորություն ընձեռել:

 

«Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակներում Մայր բուհ են հրավիրվում մշակույթի վաստակավոր գործիչներ, թատերագետներ, կինոգետներ, դերասաններ, նկարիչներ և ուրիշներ: Կազմակերպվում են վարպետության դասեր, մշակութային թեմաներով դասախոսություններ, ֆիլմների դիտում-քննարկումներ, այցելություններ մշակութային հաստատություններ:

 

«Հայ պոեզիան՝ որպես արժեք» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ վաստակավոր դերասան Սամվել Բաղինյանը: Համալսարանականների հետ հանդիպման եկած դերասանը ծրագրի մասնակիցներին ծանոթացրեց ճիշտ և գրագետ ասմունքելու առանձնահատկություններին: Պարոն Բաղինյանը հիմնական շեշտը դրել էր հայ դասական պոեզիայի և հատկապես սիրված գրող Եղիշե Չարենցի ստեղծագործությունների վրա, քանի որ այս տարի լրանում է գրողի ծննդյան 120-ամյակը: Ըստ նրա՝ Չարենցը կարողացել է վեր հանել այնպիսի խնդիրներ, որոնք արդիական են նաև մեր օրերում:

 

Պարոն Բաղինյանը ողջունելի համարեց նաև այն իրողությունը, որ իրենց ուսումնառության տարիներին արտահայտվող թատերական հիվանդությունը ցուցաբերվում է նաև համալսարանականների շրջանում, իսկ այդ ամենի վառ ապացույցը կազմակերպվող միջոցառումներում ուսանողների հետաքրքրությունն է. «Մենք ունենք այնպիսի մշակութային գործիչներ, ովքեր իրենց կենսափորձով և գիտելիքներով կարող են օգտակար լինել երիտասարդության համար»:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագրի առաջին փուլը մեկնարկել է նախորդ տարի, որի հաջողությամբ պայմանավորված էլ ցանկացել են կազմակերպել երկրորդը. «Ծրագիրը լինելու է շարունակական: Թեև հիմնականում ակտիվություն են ցուցաբերում հասարակական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների ուսանողները, բայց այս ծրագրում քիչ չեն նաև բնագիտական ֆակուլտետներում սովորողները: Ինչ խոսք, հաճելի է տեսնել նրանց՝ մշակույթի հանդեպ ցուցաբերած ոգևորությունն ու ակտիվ մասնակցությունը նմանօրինակ ծրագրերին»:

 

Նշենք, որ ծրագրի շրջանակներում համալսարանականների հետ հանդիպել են Հայաստանի վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանը, արվեստաբանության գիտ. թեկնածու, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը և նկարչուհի Անուշ Բաբայանը: Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ վաստակավոր դերասան Նարեկ Դուրյանի հետ:

 

Տեղեկացնենք նաև, որ «Մշակութային դաստիարակություն» ծրագիրը կամփոփվի մայիսին, որի ավարտից հետո տեղի կունենա հավաստագրերի հանձնում:

Այլ նորություններ
«ԵՎԱ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Եվա» ֆիլմի ցուցադրությունը:
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Հոկտեմբերի 3-8-ը Վիեննայի Հայ Առաքելական և կաթոլիկ համայնքներում ներկայացվեցին ԵՊՀ-ի վերջին տարիների հրատարակությունները: