01.06.2021 | 
Հասարակություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏԵՍԵԼ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԳԻՏԱՐՇԱՎ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏԵՍԵԼ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԳԻՏԱՐՇԱՎ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել և իրականացվել է երկօրյա գիտարշավ դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որի ընթացքում ուսանողները բնության մեջ տեսել ու հաշվառել են Հայաստանի Կարմիր գրքում ներառված մի շարք կենդանիների:

Մեզ հետ զրույցում Կենդանաբանության ամբիոնի դոցենտ Աստղիկ Ղազարյանը նշեց, որ գիտարշավը կազմակերպվել է Վրաստանի և Գերմանիայի հետ համատեղ իրականացվող Կովկասյան կենսաբազմազանության գենետիկական ուսումնասիրության միջազգային ծրագրի («CaBOL») և «Կենդանիների էկոլոգիա և պահպանություն» ու «Կենդանիների բազմազանություն» առարկաների շրջանակում, որոնց ուսուցման ընթացքում ուսումնասիրվում է նաև կենդանիների պահպանությունը:

 

«Գիտարշավի կազմակերպումը նպատակ ուներ ուսանողներին գործնականում ծանոթացնելու կենդանիների պահպանությանը: Մենք ընտրեցինք հատկապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, քանի որ այստեղ արգելոցային պայմանները շատ լավն են և կենդանիների պահպանությունն էլ լավ է իրականացվում, ուստի ստեղծվում է լավ հնարավորություն բնության մեջ տեսնելու և հաշվառելու Հայաստանի Կարմիր գրքում ներառված կենդանիներին՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ»,- ասաց Աստղիկ Ղազարյանը:

 

Նրա փաստմամբ, Կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանի, ամբիոնի դոցենտ Գեորգի Պոպովի, դասախոս Տիգրան Հայրապետյանի և իր ուղեկցությամբ կազմակերպված գիտարշավին մասնակցել են ֆակուլտետի 4-րդ և մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողները, ինչպես նաև 2-րդ կուրս այն ուսանողները, որոնք որպես մասնագիտացում ընտրել են կենդանաբանությունը:

 

 

Արգելոցի տարածքում մասնակիցները տարբեր ուղղություններով իրականացրել են արշավներ, որոնց ընթացքում կարողացել են դիտարկել  ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Parnassius Mnemosyne» և այլ թիթեռներ, Իլիկամողես, Անդրկովկասյան սահնօձ, ինչպես նաև Սպիտակագլուխ անգղ, Գաճաճ արծիվ, Անտառային ձիաթռչնակ, տարբեր տեսակի չղջիկներ և այլ կենդանիներ:

 

Բացի դրանից՝ գիտարշավի մասնակիցները կարողացել են դիտարկել Սև անգղին, որը ներառված է ՀՀ Կարմիր գրքում և բնադրում է միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ինչպես նաև  վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող Բեզոարյան այծին:

 

Աստղիկ Ղազարյանը նշեց, որ ձայնագրող սարքերի օգնությամբ ձայնագրվել են այլ տեսակի չղջիկների ձայներ. «Արգելոցի մի քանի հատվածներում էլ տեղադրվել ենք ֆոտոթակարդներ, որոնք արձանագրել են Եվրոպական նապաստակին  և Աքիսին: Նկատել ենք նաև արջի հետքեր»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ, ՈՐ ԱՐՑԱԽՆ ԱՊՐԻ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է
ԵՊՀ պատվիրակությունը՝ ի դեմս ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի, երկօրյա այցով Արցախում է, որի ընթացքում նախատեսված են միջոցառումներ և հանդիպումներ։
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ ԵՆ. ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր իր հաջողության պատմությունը ներկայացրեց իրավագիտության մագիստրոս, Մյունխենի խորհրդատվական ընկերության իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Լաուրա Պետրոսյանցը: