ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում կազմակերպված միջոցառումը սկսվեց ֆակուլտետի ուսանողուհիների պար-ֆլեշմոբով: Այնուհետև ցուցադրվեց «Սոցիոլոգիայի ֆակուլտետը 10 տարեկան է» կարճամետրաժ ֆիլմը, որում, սոցիոլոգիայի լեզվով ասած, պարզ վիճակագրությամբ ներկայացված էին ֆակուլտետի ամբիոնները, լաբորատորիաներն ու կենտրոնները, մասնագիտությունները, ներկայումս իրականացվող գիտական հետազոտությունները, միջազգային համագործակցությունը, ուսանողական կյանքը և այլն:
Միջոցառմանը ներկա էր ֆակուլտետի հիմնադիր Լյուդմիլա Հարությունյանը, ում ներկաները ողջունեցին հոտնկայս ու չդադարող ծափահարություններով:
«Այսօր ֆակուլտետը վստահելի ձեռքերում է : Թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ այն տարբերվում է մյուս ֆակուլտետներից: Երևի պատճառն այն է, որ այդտեղ երիտասարդ են բոլորը. երիտասարդ են մտածողությամբ, երիտասարդ են իրենց նախաձեռնություններով»,- շնորհավորելով բոլորին՝ նշեց ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանն էլ միայն շնորհակալություն հայտնեց բոլոր մարդկանց, ում ջանքերի շնորհիվ ֆակուլտետը կայացել է ու հասել այսօրվա մակարդակին:
«Ես հպարտ եմ, որ այսպիսի ֆակուլտետ ունենք, դրա համար առաջին հերթին շնորհակալ եմ ուսանողությանը և իմ գործընկերներին՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ինչպես նաև մեր միջազգային ու տեղական գործընկերներին»,- նշեց նա:
Քանի որ նիստը հոբելյանական էր, նախատեսված էին նաև պարգևատրումներ ինչպես ՀՀ կրթության և գիտության նախարարության, այնպես էլ ԵՊՀ-ի կողմից:
Ստորև ներկայացնում ենք պարգևատրված համալսարանականների ցանկը՝
ՀՀ ԿԳՆ հուշամեդալ
- Հասմիկ Գևորգյան՝ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ
ԵՊՀ ոսկե մեդալ
- Սեդրակ Աստվածատուրով՝ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ
- Միրա Անտոնյան՝ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ
- Մարիա Զասլավսկայա՝ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ
- Նվարդ Մելքոնյան՝ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ
- Անահիտ Սահակյան՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ
ԵՊՀ հուշամեդալ
- Արթուր Մկրտիչյան՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան
Ֆակուլտետի հիմնադիր և առաջին դեկան Լյուդմիլա Հարությունյանն էլ արժանացավ «ԵՊՀ պատվավոր պրոֆեսոր» տիտղոսին:
Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև ֆակուլտետի՝ այս տարվա լավագույն ուսանողի անունը: Այս տարի ուսանողների քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Իսկանդարյանը, ով ստացավ նաև դրամական պարգև: Դեկան Արթուր Մկրտիչյանը շնորհակալագրերով պարգևատրեց նաև ֆակուլտետի ուսանողական կյանքում ակտիվ մասնակցություն ունեցած մի շարք ուսանողների:
Ֆակուլտետում ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամեն տարի պարգևատրվում են նաև ուսանողական գիտաժողովում ներկայացված լավագույն աշխատանքների հեղինակները. այս տարի 3-րդ տեղը զբաղեցրեց Ասյա Թադևոսյանը, 2-րդը՝ Եվգինե Ապերյանը, իսկ առաջինը՝ Աննա Աթոյանը: Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած ուսանողները ստացան նաև դրամական պարգևներ՝ համապատասխանաբար 50.000, 30.000 և 20.000 դրամի չափով:
Միջոցառումն իրենց երաժշտական կատարումներով ամբողջացրին ֆակուլտետի մի շարք ուսանողներ ու դասախոսներ, շրջանավարտներից մի քանիսն էլ հարազատ ֆակուլտետին սեր խոստովանեցին հենց սոցիոլոգիայի լեզվով: