10.05.2018 | 
Քաղաքականություն
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԲԵՅՐՈՒԹ
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԲԵՅՐՈՒԹ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի պատվիրակությունն ապրիլի 21-28-ն աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանի Բեյրութ քաղաքում:

Պատվիրակությունը կազմված էր ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի հինգ մագիստրանտներից և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի` ՀՀԻ հետ գործակցող երկու ուսանողներից: Պատվիրակությանն էր միացել նաև ՌԴ Դոնի Ռոստովի «Դոնի հայ երիտասարդների միության» ղեկավար Գևորգ Գրիգորյանը՝ նպատակ ունենալով գործակցային կապեր հաստատել Լիբանանի հայ երիտասարդական կառույցների հետ:

 

Մեկշաբաթյա գործուղման ընթացքում համալսարանականները տարբեր հանդիպումների և այցելությունների ընթացքում շփվեցին հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի մագիստրանտները դասավանդեցին Հայոց ցեղասպանության պատմության և Հայ դատի մասին տեղի  Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն, Ազգային միացյալ և Մեսրոպյան վարժարաններում, իսկ լրագրողների համար այս այցելությունն իսկական մասնագիտական միջազգային պրակտիկա էր:

 

Գործուղման առաջին օրը՝ ապրիլի 21-ին, պատվիրակությունը ներկա գտնվեց Բեյրութի Սուրբ Ջոզեֆի եկեղեցում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված համերգին:

 

Այնուհետև պատվիրակության անդամներն այցելեցին Զմմառի միաբանություն և Այնճար, որտեղ պատվիրակության անդամները ծանոթացան 1810 թ.-ից Զմառում իրականացվող գինեգործության պատմությանը, գինիների տեսակներին և պատրաստման պայմաններին, եղան տեղի թանգարանում, գրադարանում, ընթերցասրահում:

 

Քաղաքապետ Վազգեն Խոշյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց հայրենիքի և Այնճարի պատանիների ու երիտասարդների միջև կապն ամրապնդելու հարցը: Հանդիպումից հետո ուսանողները եղան նաև Այնճարի հայ ավետարանական եկեղեցում, դպրոցում, շրջեցին քաղաքային բերդի տարածքում:

 

 

Պատվիրակության անդամ ցեղասպանագետներն ապրիլի 23-ին դասավանդման առաջին փորձն ունեցան Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարանում:  Դասավանդման համար տարիքային խումբ էր ընտրված 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանները:

 

Ցեղասպանագետ Մերի Գևորգյանը, ով ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն էր կարդացել 9-րդ դասարանցիների համար, շատ տպավորված է աշակերտների հետ հանդիպմամբ. «Շատ ոգևորված եմ, քանի որ ինձ ուրախացրեց այն փաստը, որ երեխաները շատ հետաքրքրված էին թեմայով: Նրանք մինչ օրս Հայոց ցեղասպանությանը վերաբերող կոնկրետ դասընթացներ չէին ունեցել և միայն ընդհանրական գիտելիքներ ու պատկերացումներ ունեին թեմայի վերաբերյալ»:

 

Այցը Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարան պայմանավորված էր ոչ միայն դասավանդումներով, այլև պայմանագրի կնքմամբ: Ստորագրման փոխանցվեց համագործակցության պայմանագիրը, որը ենթադրում է համագործակցություն իրականացնել կրթամշակութային հարթակում:

 

Համալսարանականների խումբը Անթիլիասի մայրավանքում ներկա գտնվեց Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Դպրեվանքի տեսուչ Հայր Պողոսի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը թարմացրեց ԵՊՀ-ի հետ ունեցած նախկին համագործակցությունը: Քննարկման ընթացքում նախանշվեցին գործակցային մի շարք խնդիրներ ու լուծման հնարավոր տարբերակներ:

 

 

Նույն օրն այցելություն եղավ նաև «Զարթոնք» օրաթերթի խմբագրություն, որտեղ խմբագիր Սևակ Հակոբյանի հետ քննարկվեցին համագործակցության մի շարք ծրագրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին Քրիստոսավանդ ուսմունք ժառանգած ու պահպանած իր երկհազարամյա պատմության ընթացքում ունեցել է և ունի ուղղափառ դավանանք, հավատարիմ է մնացել եկեղեցական սրբազան ավանդությանը, ստեղծել է քրիստոնեական բազմաշերտ մշակույթ:
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ֆակուլտետի դեկանի ընտրություն, որին ներկայացված էին պրոֆեսորներ Հայկ Սարգսյանի և Միքայել Միքայելյանի թեկնածությունները: